Աշխարհաբար:
Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ, Հիսուս Քրիստոս:
Մի բարկանա
ինձ վրա, Տեր իմ, իմ բազում
մեղքերի համար, և մի մերժիր իսպառ քո ձեռքի գործիս. ինձ չհասնի անոխակալիդ ցասումը,
և մի անտեսիր տարակուսածիս,
Տեր ներող և անհիշաչար: Հիշիր, մարդասեր, մեղքով վտանգվածիս
և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մեղքի կապանքները
պատեցին ինձ, և հանցանքի բազմությունը
պաշարեց ինձ: Օգնության հասիր
կործանվածիս
և փրկիր մեղքից բռնվածիս,
որից դողում եմ, դժոխքի դառնությունից փրկիր
ինձ, Տեր իմ, և սարսում եմ անշեջ հրից, պահիր ինձ` եղկելիիս, Աստված իմ. մեղքով աղտեղվածիս մաքրիր, Տեր իմ, և ինձ միացրու ի սկզբանե
սրբերին,
Աստված իմ. և մեղքերից խփվածիս հրավիրիր երկնքի
անճառ արքայությունը` քո սուրբ անվան կամարարների մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից. ամեն:
Գրաբար:
Նայեա, Տէր, քաղցրութեամբ առ դառնացուցիչս, Տէր իմ եւ Աստուած իմ, Յիսուս Քրիստոս: Մի բարկանար ինձ, Տէր իմ, վասն
բազում մեղաց իմոց, եւ մի մերժեր ի սպառ զգործս ձեռաց քոց. մի հասցէ ի վերայ իմ ցասումն անոխակալիդ, եւ մի անտես արասցես զտարակուսեալս, Տէր երկայնամիտ եւ անյիշաչար: Յիշեա, մարդասէր, զվտարանդեալս մեղաւք եւ պատեա ողորմութեամբ զվէրս վիրաւորելոյս, քանզի տոռունք մեղաց պատեցան զինեւ, եւ հոյլք յանցանաց պաշարեցին զիս: Հաս յաւգնութիւն կործանելոյս եւ փրկեա զխաղբակեալս ի
մեղաց, յորմէ դողամ, ի դառնութենէ դժոխոցն ապրեցո զիս, Տէր իմ. եւ յորմէ սարսեմ` յանշէջ հրոյն, պահեա զիս զեղկելիս, Աստուած իմ. զմեղաւք աղտեղեալս սրբեա, Տէր իմ, եւ ի սկզբանէ սրբոցն մասնակից արա զիս, Աստուած իմ. եւ զհարուածեալս ի մեղաց` հրաւիրեա յանճառ
երկնից յարքայութիւնդ առ կամարարս անուանդ քում սրբոյ, զի ընդ նոսին փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»