Ամիսներ առաջ թաղման արարողության մասնակցեցի: Հիմնականում հոգեհացին չեմ մասնակցում... Այս անգամ մասնակցեցի: Ճիշտ է, առաջին անգամ չէի զարմանում մեր հորինված սովորությունների վրա, բայց այդ օրը տեսածս ավելի զարհուրելի էր:
Ննջեցյալների հարազատները հարուստ չէին, բայց հոգեհացին ներկա անծանոթ մեկը հակառակը կմտածեր: Սեղանն ամենևին չէր տարբերվում հարսանյաց ճոխ սեղաններից: Բարեբախտաբար Թաղման կարգը կատարող եկեղեցականը կարողացավ հասկացնել, որ հավաքվածները հարսանյաց հանդեսի չէ, որ մասնակցում են: Սա որոշ անձանց դուր չեկավ: Տեր Հայրը երեք անգամ մխիթարական խոսք հնչեցրեց և առաջարկեց հրաժեշտ տալ սգակիրներին, ապա ավելացրեց, որ տանը կարող են մնալ հեռու շրջաններից եկած ազգականները: Քահանան գնաց` չիմանալով սգակիրների գլխի գալիքը: Ննջեցյալի կրտսեր որդին ոտքի կանգնեց ու ասաց.
-Ժողովուրդ ջան, էսի հորս քրտինքն ա, կերեք, խմեք, օղորմի տվեք...:
Ներկաներից մի քանիսը Տեր Հոր ետևից դուրս եկան, մյուսները, ինչպես և սպասվում էր, լցրեցին բաժակները... Խաշլաման վերջացավ... Լսվեցին տղամարդկային բամբ ձայներ` Ստեղ միս բերեք: Եկավ <<դաբավկան>>: Մի մասը կշտացած սկսեց ծխել: Մի քանիսը փորձեցին դուրս գալու առաջարկ անել: Նրանց ձայնը սակայն խլացավ <<Հեսա կոֆե են բերում>>-ից հետո: Սրճեցին: