Показаны сообщения с ярлыком Վրսաստան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Վրսաստան. Показать все сообщения

13.06.2011

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց հայկական եկեղեցիներ և Խոջիվանքի պանթեոն


Հունիսի 11-ին Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հանդիպումից հետո Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ս. Նշան և Մուղնեցոց Ս. Գևորգ եկեղեցիներ:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, ուր Նորին Սրբությունը ծաղիկներ դրեց Խոջիվանքի պանթեոնում թաղված հայ մտավորականների շիրիմներին, ապա կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը իր օրհնությունը բերեց ներկա բազում հավատացյալներին: Նորին Սրբությունն անդրադարձավ Վրաստան իր այցի նպատակին. «Եկել ենք` մեր զավակներին բերելու օրհնություն Սուրբ Էջմիածնից, բերելու սեր ու կարոտ աշխարհասփյուռ մեր զավակներից, բերելու նաև մեր գնահատանքը ձեզ ամենքիդ, որ նախանձախնդիր կերպով ու հավատարիմ ձեր հայրերի սրբազան ավանդներին ու ժառանգությանը, ձեր հայրերի սուրբ հավատքին շարունակում եք աշխույժ ու բարգավաճ պահել հայ կյանքը Վրաստանում: Այսօր մեզ համար հոգեկան անհուն մխիթարություն է, որ ձեզ հետ միասին մենք աղոթք բարձրացրեցինք հիշատակի առջև մեր ժողովրդի մեծանուն զավակների, ովքեր փառավոր էջերն են կերտել վիրահայոց պատմության, ինչպես նաև փառավոր էջեր հայ մշակույթի պատմության մեջ», - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում:
Նույն օրը Վեհափառ Հայրապետն այցելեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի նստավայր: Երեկոյան Թբիլիսիի Դավթյանների տիկնիկային թատրոնի տանը Նորին Սրբությունը հանդիպեց և իր օրհնությունը բերեց Թբիլիսիի հայ մտավորականության ներկայացուցիչներին: Հայ մշակույթի նվիրյալները Հայոց Հայրապետին դիմավորեցին ասմունքով, ինչպես նաև թատրոնի տնօրեն Ժաննա Դավթյանի կողմից բեմադրված ներկայացմամբ: Ջերմ զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Թբիլիսիի հարուստ և աշխույժ հայ մշակութային կյանքին, ինչպես նաև մշակութային և հասարակական գործիչների համագործակցությանը Վիրահայոց թեմի հետ:

11.06.2011

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումները Վրաստանի նախագահի և Համայն Վրաստանի Պատրիարքի հետ

Հունիսի 10-ի երեկոյան միջեկեղեցական և Հովվապետական այցով Վրաստանում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց նախագահական նստավայր, ուր տեղի ունեցավ Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի և Ամենայն Հայոց Հայրապետի հանդիպումը:Հանդիպման ընթացքում քննարկվեցին վիրահայությանը և Վիրահայոց թեմին հուզող հարցեր և խնդիրներ:
Հաջորդ օրը` հունիսի 11-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարան, որտեղ տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Վրաստանի Պատրիարքի պաշտոնական հանդիպումը:
Ընդունելության ժամանակ փոխանակվեցին պաշտոնական ճառեր: Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Վրաստան այցի առիթով, ապա անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններին և հայ-վրացական եկեղեցական հարաբերություններին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը մասնավորաբար նշեց. «Արդարև, բազում են այն հոգևոր, մշակութային և պատմական կապերը, որ միավորում են մեր ժողովուրդներին` հակառակ պատմական զարգացումների արդյունքում մեր Եկեղեցիների միջև ի հայտ եկած դավանաբանական տարբերությունների: Հնագույն ժամանակներից մեր նախնիք ապրել ու արարել են կողք կողքի, խաղաղության և ազատության նույն հույսերը ունեցել, միմյանց աջակցել, միասնաբար պաշտպանել հայրենի տունը և քրիստոնեական սուրբ հավատքը։ Առ Աստված ապավինությամբ, ամուր և աներկբա հավատքով մեր ժողովուրդները դիմակայեցին նաև խորհրդային եկեղեցահալած ժամանակներին և այսօր վերահաստատել ու կառուցում են իրենց անկախ պետականությունը և պայծառացնում իրենց հոգևոր կյանքը, որպեսզի, ինչպես սաղմոսերգուն է ասում, Տիրոջ օրհնությունը ճանաչող ժողովուրդը միշտ Նրա երեսի լույսով ընթանա, Նրա անվամբ ցնծա և Նրա արդարությամբ բարձրանա: