Վճռական ճակատամարտը
(Հուշեր Կոմիտասի մասին)
Հետադարձ ու քննարկու մի հայացք ձգելով Կոմիտասի գիտակցական ուղու վրա, պիտի հավաստել որ նա պատկանում էր, այսպես կոչված, դժբախտ աստղի տակ ծնված մարդկանց թվին:
1904-1905 ուսումնական տարին Գևորգյան ճեմարանում հիշեցնում էր ռազմական տենդային նախապատրաստություն զորական ճամբարում: Երգեցիկ խմբի պարապմունքներն սկսելուց առաջ Կոմիտասը նորից ուշի-ուշով փորձեց ձայները, վերադասավորեց դրանք, ընտրեց նոր երգիչներ և առաջին պարապմունքից հետո հայտարարեց մեզ.
- Տղերք, ես ծրագրել եմ մի շատ լուրջ գործ, որի հաջողությունը կամ տապալումը ամբողջովին կախված է ձեզանից. ձեր ուշիմ կամ անփույթ վերաբերմունքից: Որոշ փափկանկատությամբ ես ստիպված եմ այսօր գաղտնիքի քողով պատել այդ գործը: Բայց դուք պիտի վստահեք ինձ, պիտի հավատաք իմ հայտարարության կարևորությանը և ոչ մի ջանք չխնայեք հարյուր տոկոսով արդարացնելու իմ սպասելիքները ձեզանից: Գիտցեք միայն, որ ես տանելու եմ ձեզ վճռական ճակատամարտի, թե ուր և երբ, այդ հետո: Ես չեմ կասկածում որ ձեզ սպասում է փայլուն հաղթանակ, եթե մեր մարզանքի աշխատանքները համարեք ձեզ համար պատվի խնդիր: Խոստանո՞ւմ եք:
