Показаны сообщения с ярлыком Կաթողիկե. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Կաթողիկե. Показать все сообщения

20.05.2011

Ինչու՞ ենք դադարել վստահել միմյանց

Վահրամ քահանա Մելիքյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի տնօրեն
Վերջին ժամանակներս, ցավալիորեն, Հայ Եկեղեցին եւ հայ հոգեւորականը հաճախ են հայտնվում սուր քննադատությունների թիրախում: Եւ որքան դրանք թեժանում են, այնքան աղավաղվում է ճշմարտությունը:

Ծառայության բերումով զանազան անպատեհ քննադատությունների առիթով հաճախ եմ հանդես գալիս պարզաբանումներով ու մեկնաբանություններով: Եւս մեկ անգամ անդրադառնալ դրանց չէի ցանկանա: Սակայն օրերս “Եհովայի վկաներ” աղանդի հետեւորդների հանդուգն պահվածքն ու Հայ Եկեղեցու քահանային ուղղված սպառնալիքները (“կոկորդդ կկրծեմ” եւ այլն), մտորելու տեղիք են տալիս: Արդյո՞ք սա հետեւանք չէ Հայ Եկեղեցու հանդեպ անհանդուրժողականության այն մթնոլորտի, որ “վարպետորեն” ձեւավորում են ինչ-ինչ շրջանակներ, ինչու չէ երբեմն նաև քաղաքական, եւ իբրեւ որոմ տարածում հասարակական տարբեր շերտերում: Անշուշտ, խոսքը որեւէ քննադատություն բացառելու մասին չէ, քավ լիցի, այլ այն երեւույթի, երբ շատերի ձեռքում կամա թե ակամա հայտնվում է ընդդիմախոսի դրոշը, ով պատրաստ է պայքարի գնալ “ընդդիմություն` հանուն ընդդիմության” վտանգավոր ու կույր կարգախոսով: Իսկ նման պայմաններում հաճախ գլուխ են բարձրացնում անգիտությունն ու անվստահությունը միմյանց հանդեպ: