Հունիսի 10-ի երեկոյան միջեկեղեցական և Հովվապետական այցով Վրաստանում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց նախագահական նստավայր, ուր տեղի ունեցավ Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի և Ամենայն Հայոց Հայրապետի հանդիպումը:Հանդիպման ընթացքում քննարկվեցին վիրահայությանը և Վիրահայոց թեմին հուզող հարցեր և խնդիրներ:
Ընդունելության ժամանակ փոխանակվեցին պաշտոնական ճառեր: Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Վրաստան այցի առիթով, ապա անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններին և հայ-վրացական եկեղեցական հարաբերություններին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը մասնավորաբար նշեց. «Արդարև, բազում են այն հոգևոր, մշակութային և պատմական կապերը, որ միավորում են մեր ժողովուրդներին` հակառակ պատմական զարգացումների արդյունքում մեր Եկեղեցիների միջև ի հայտ եկած դավանաբանական տարբերությունների: Հնագույն ժամանակներից մեր նախնիք ապրել ու արարել են կողք կողքի, խաղաղության և ազատության նույն հույսերը ունեցել, միմյանց աջակցել, միասնաբար պաշտպանել հայրենի տունը և քրիստոնեական սուրբ հավատքը։ Առ Աստված ապավինությամբ, ամուր և աներկբա հավատքով մեր ժողովուրդները դիմակայեցին նաև խորհրդային եկեղեցահալած ժամանակներին և այսօր վերահաստատել ու կառուցում են իրենց անկախ պետականությունը և պայծառացնում իրենց հոգևոր կյանքը, որպեսզի, ինչպես սաղմոսերգուն է ասում, Տիրոջ օրհնությունը ճանաչող ժողովուրդը միշտ Նրա երեսի լույսով ընթանա, Նրա անվամբ ցնծա և Նրա արդարությամբ բարձրանա:

