Ընթերցում Սուրբ Գրքից
Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ. իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին։ (Եսայի 7:14-16)
Քանզի մեզ համար մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի.
նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ,
Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր,
ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ
Ծնվել էր Քրիստոս. Նրա աստղը փայլում էր երկնքում, մի աստղ, որ
խաղաղության, ճշմարտության, արդարության, սրբության է առաջնորդում, որ հայտարար
նշան է այն հաճության և հաշտության, որ սփռվում է մարկանց սրտերում, մի աստղ, որ
սառնամանիքի և մթության մեջ կարող է ջերմ հոսանք և լույս բխեցնել:
Ինչ հրաշալի երևույթ. Հրեշտակներն էլ մյուս կողմից ցնծալի բերկրությամբ
իջնում ու բարձրանում են, երգում և ուրախանում են այն Մանկան համար, որ ծնվել էր
Բեթղեհեմում: Սքանչելի գրկախառնություն հրեշտակների և անմեղ հովիվների:
Հրեշտակները Երկնավոր թագավորի ծնունդն են ավետում այն հովիվներին, որոնք իրենց
անմեղ գառնուկների պես շրջում էին բաց դաշտում, և որոնց պաշարը միայն հավատքն էր:
Նրանք իրենց հավատքով գոհանում էին ու փառաբանում ծնված Փրկչին:
Արևելքի երեք
իմաստուն մոգերն էլ արդյո՞ք նույն հավատքով էր, որ գտան Փրկչին.- ոչ, նրանք
հովիվների պես անուս և պարզամիտ չէին, նրանք հովիվների պես հրեշտակների երգերով
չառաջնորդվեցին, ընդհակառակը, նրանք գիտնականներ էին, իրենց դարի գիտությունը լավ
ուսանած, որ կարողացան հասնել ճիշտ իրենց Փրկչի` մարմնացյալ Աստծու մոտ: Գիտության
մարդն ու հավատքի մարդը, թեպետև տարբեր լույսերով առաջնորդվեցին, թեև տարբեր ճամփաներով
ընթացան, բայց միևնույն տեղը հասան, նույն Փրկչին գտան:
Սակայն Հերովդեսը,
որ ո´չ հավատք ունեցավ և ո´չ էլ ճշմարիտ գիտություն, չկարողացավ նույնիսկ հագուրդ
տալ իր փափագին: Ընդհակառակը, խռովվեց, սասանվեց, նեղսրտեց և ցանկացավ նեգամիտ
դիտավորությամբ երկրպագել նորածին Մանկանը: Եվ ճիշտ դրա համար էր, որ իր մոտ
հրավիրեց քահանայապետերին, Րաբբիներին, Դպիրներին, Օրենսգետներին, որպեսզի նրանք
Գրքերում ստուգեն «վասն մանկանն»:
Բայց Գրքերի մեջ եղածը խուզարկելով` հնարավոր չէ հասնել փափագելի այն
կետին` ուր կարելի է միայն հավատքով հասնել, դեպի հարացույցը մեր կյանքի:
Ի՞նչ օգուտ կա
միայն Գրքերից, միայն Գրքե՞րը պիտի հավատ ներշնչեն անհավատին, Գրքե՞րը միայն
հավատք պիտի կազմեն և հաստատ հիմերի վրա դնեն մեր կյանի նպատակը և նունիսկ կյանքը:
Հովիվներն առանց Գրքի հավատք ունեին և գտան Սրբին ու երկրպագեցին Նրան: Դպիրները և
փարիսեցիները բոլորից շատ Գրքերն էին քննում, բայց նրա´նք չէին հավատացյալները,
անմեղները: Նրանք քննեցին, բայց չկարողացան ոչ մի բան հասկանալ: Միայն Գրքերի
քննությամբ չէ, որ Փրկիչը գտնվում է, այլ պետք է, որ մեր սիրտն ու հոգին
պատրաստված լինեն հավատքով, որպեսզի երբ հավատքով պրպտենք Գրքերը, էլ ավելի զորանա
մեր հավատքը, բայց առանց հավատքով լցված հոգու, քննությունը բոլորովին աննպատակ է:
Այսօր մենք էլ
եկեղեցի ենք գնում, ստուգելու «վասն մանկան», կարդալու համար նրա մասիին գրվածքները,
լսելու և ըմբռնելու համար Նրա բարձրությունն ու մեծությունը:
Հավատքո՞վ ենք Նրա
առջև երկրպագելու գալիս, թե Հերովդեսի պես առանց հավատքի ենք ներկայանում Նրան:
Երկրպագու՞մ ենք Նրան հոգով և ճշմարտությամբ, և հավատքո՞վ ենք «ստուգում վասն մանկան»:
Ո´վ
հավատացյալներ, չլինե´նք երբեք Հերովդեսներ, չլինե´նք երբեք սուտ երկրպագողներ
նրանց պես, որոնք Նրա առջև ծռում են իրենց մարմինը, բայց ոչ թե իրենց սիրտը:
Չլինենք սուտ երկրպագողներ նրա´նց պես, որոնք Փրկիչ Նանկանը օրհնում են միայն
բերանով, բայց ոչ հոգով, նրա´նց պես, որոնք կեղծ քրիստոնյաներ են և փոխանակ Փրկչի
ծնունդը փառաբանելու, իրենց Եսն են փառաբանում:
Լինե´նք պարզասիրտ հովիվների
պես և իմաստուն` մոգերի նման: Նրա´նց նման լինենք, որոնք բացում են իրենց սրտերը և
տալիս իրենց գանձերը, նվիրում են իրենց ամենաթանկ ընծաները, զոհում են իրենց
եսասիրությամբ պաշտած կուռքերին:
Գալի՞ս ենք
հավատքով երկրպագելու Նրան, որ մեր կյանքի Փրկիչը եղավ, որ ազատեց մեզ մահվան
ճիրաններից: Հավատով «ստուգու՞մ ենք վասն մանկանն», հետաքրքրվու՞մ ենք, փափագու՞մ
ենք հովիվների ու մոգերի պես գնալ և գտնել Նրան ու կատարել կամքը Նրա:
Անտարակույս,
բոլորս էլ հավատում ենք, որ Նա´ է մեր Տերը, Դատավորը, ստուգում ենք մեր հավատքով,
թե Նա´ է մեր Փրկիչը, բայց ե՞րբ ենք լիովին կատարել Նրա կամքը, ե՞րբ ենք պահել Նրա
պատվիրանները: Ասում ենք` Նա մեր Տե´րն է, բայց ե՞րբ ենք հպատակվել Նրա
իշխանությանը: Ասում ենք` Նա մեր Փրկի´չն է, սակայն ե՞րբ ենք ճշմարտապես պաշտել
Նրան, գիտենալով անկեղծորեն, թե փրկվածներ ենք:
Երանի թե մեզնից
յուրաքանչյուրը հովիվների հավատքն ու մոգերի գիտությունն ունենար: Այն ժամանակ
կնդրուկ, զմուռս տալու փոխարեն, մեր սրտից պիտի ճշմարիտ աղոթք վերառաքեինք առ
Աստված, մեր հաճույքներից մի բան պիտի խլեինք ու կարոտյալին տայինք, և
երջանկությունը միայն մեզ չվերապահելով` մաս հանեինք մերկ որբին ու սգավորին,
սրբեինք խեղճի արցունքը, կերակրեինք սովածին: Նվիրվել, ընծայվել, զոհաբերվել. ահա
անկեղծ երկրպագությունը:
Հավատքով
ստուգենք, թե ինչ է պահանջում մեզնից մեր Փրկիչը, թե որո´նք են Նրա պատվիրանները,
թե ո´րն է Նրա կամքը, որպեսզի լիովին կարողանանք կատարել այն ու հասնել Իր արյան
գնով մեզ համար պատրաստված հավիտենական կյանքին:
Ղևոնդ վրդ. Դուրյան
Կ.Պոլիս, 1907
Ազատ փոխադրություն
Комментариев нет:
Отправить комментарий