15.05.2012

ՎԱՆՔԵՐ. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ, Մաս Բ


Սկիզբն այստեղ:
          
          Այդ նույն ուսունասիրական եւ հետազոտական բոլոր ուղիներով ու փուլերով անցան նաեւ Հաղարծնի վանքային համալիրի նախագծման եւ վերականգնման աշխատանքները: Հաղարծնի վանքային համալիրի պատմական եւ մշակութային արժեքի մասին շատ է խոսվել, բայց երբեք չի խոսվել թե ինչ ավերակ վիճակում են հայտնվել վանքի կառույցները անցած դարասկզբին, եւ վերջին հարյուրամյակի ընթացքում ինչ վերականգնողական աշխատանքներ են կատարվել 
Հաղարծնի վանքի տեսքը Իդարի սկզբին
Հաղարծնի վանքային համալիրը իր վրա կրում է դարերի ընթացիկ վերականգնումները: Վերջին վերականգնողական աշխատանքները վերաբերում են համայնավարության հիսունական թվականներին, հուշարձանը պահպանելու նպատակով, տանիքածածկերը թիթեղապատվել են, ջրերի ներթափանցումը հուշարձանի ներսը կանխելու համար: Վաթսունական թվականների վերջին
եւ յոթանասունականների սկզբներին վանքային համալիրի մի քանի կառույցներ մասնակի վերականգնվել են (շատ ճարտարապետական լուծումներ վերականգվել են ոչ ճիշտ), իսկ մի քանիսի վրա իրականացվել է քարե տանիքածածկ: Սխալ նորոգումներն իրենց պատճառներն են ունեցել` տարածքները ամբողջապես չեն պեղվել եւ մաքրվել, բոլոր փլատակները հիմնավոր ուսումնասիրության չեն ենթարկվել, պատճառը ֆինանսներն են, որ միշտ անբավարար են եղել:
Աննախադեպ են ներկայիս վանքային համալիրում Վեհափառ Հայրապետի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքները:
Հայաստանում համայնավարական տարիներին եւ հիմա չկա գեթ մեկ վանքային համալիր, որը իր բոլոր կառույցներով ամբողջական վերականգնման ենթարկվի: Այդ բախտը ընձեռվել է Հաղարծնի վանքային համալիրին: Մեր հասարակայբնության համար կորած է վանք հասկացությունը: Մեկ հարյուրամյակ էր հարկավոր, որ մենք կորցնեինք մեր հոգեւոր կառույցների մասին հասկացողությունները: Չէ որ դանք մշակութային կենտրոններ են եղել, այնտեղ եղել է հոգեւոր կյանք, ուր ծնվել եւ զարգացել են մշակույթի շատ ճյուղեր: Շատերիս համար այժմ կոմունիստական հասարակարգից մնացել է թյուր մի կարծիք, որ վանքերը զբոսաշրջության եւ զվարճանքի վայրեր են: Բայց այլ է, երբ մենք ասում ենք, թե վանք ենք վերականգնում, մենք վերականգնում ենք վանքի գործունեությունը եւ հոգեւոր կայնքը վանքի տարածքում: Այդ առումով վերականգնվում են վանքի կյանքին անհրաժեշտ բոլոր գործառական կառույցները:
Վանքի վերականգնման աշխտանքները սկսվել են դեռեւս 2006-ից, երբ մի շարք ատյաններում երկարատեւ քննարկումների արդյունքում հաստատվեց Վանքի վերականգնման ծրագիրը: Այնուհետեւ հաստավեց նախագծային առաջադրանքը:
Հաղարծնի վանքային համալիրի հիմնական բոլոր կառույցների համար կատարվեցին ուսումնասիրական, չափագրական եւ նախագծային աշխատանքներ: Ուսումնասիրվեցին բոլոր դիվանական նյութերը` չափագրություններ, լուսանկարեր, նախագծեր, հաստատման ներկայացվեց վերականգնման այս նախագիծը: Նախագծի այս փուլը մի քանի անգամ քննարկվել է մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում, եւ միայն հավանության արժանանալուց հետո իրականացվել է նախագծի աշխատանքային փուլը: Վերականգնողական աշխատանքները սկսվել են 2008-ին: Վերականգնաման աշխատանքների ընթացքին պարտադիր կարգով եւ հետեւողականորեն իրենց մասնակցությունն են բերել նախագծի հեղինակը, տեխնիկական հսկիչը, Մայր Աթոռ Սուր էջմիածնի ճարտարապետական բաժինը՝ ծրագրի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի հետ միասին: Հսկողություն են իրականացրել մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալությունը, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, հասարակական կազմակերպություններ՝ ազգային խորհուրդը, ճարտարապետների միությունը, Հուշարձանների պահպանության եւ վերականգնման ընկերակցությունը: Արտագնա նիստերով եւ մոնիթորինգով հայտնել են իրենց դրական կարծիքները վերականգնողական աշխատանքների որակի վերաբերյալ:
            Վերականգնման աշխատանքները միշտ լի են անակնկալներով: Նման անակնկալ մատուցեցին նաեւ Սուրբ Աստվածածին եկեղեցու հատակի վերականգնողական աշխատանքները, որոնց ընթացքում բացվեց բավական մեծ հոր, որի պատերը շարված էին կոպտատաշ քարերով: Նորահայտ հորի ուսումնասիրության համար կազմվեց հանձնախումբ համապատասխան մասնագետների մասնակցությամբ, ուսումնասիրությունները կատարվեցին եւ տրվեց եզակացություն:
Հաղարծնի վանքը վերանորոգումից հետո
Վերջին քսան տարիների ընթացքում ոչ մի հուշարձանի վերականգնման եւ աշխատանքային փուլ նման հսկողության չի արժանացել տարբեր կազմակերպությունների կողմից, ինչպիսին եղել է Հաղարծնի վանքի վերականգնողական աշխատանքների ընթացքում: Արդյունքում փայլուն կերպով ավարտին են մոտենում վերակնգնողական աշխատանքները:
            Աշխատանքներ են սկսվել փուլերով Գեղարդավանքի օժանդակ կառույց ների ուսումանասիրական եւ վերականգնման աշխատանքներում: Գեղարդավանքի օժանդակ կառույցները իրենց պահպանվածության աստիճանովհիմնականում վթարային էին: Կոպտատաշ պատերով եւ հողե լիցքով պատերի եւ թաղերի գլխին անցած դարի 70-ականներին կատարվել են վերականգնողական  աշխատանքներ, ցեմենտ-ավազե լիցքով  հարթ հողե  տանիքների  վրա տեղադրվել էին տուֆե ծածկասալեր: Կատարված վերականգնումը ոչ թե պահապանել, այլ քայքայել էր հուշարձանը, տուֆե ծածկասալերից ներթափանցած ջրերը ողողել էին կառույցի պատերը եւ թաղերը: Պատերը թեքվել էին ուղղաձիգ առանցքից, որոշ հատվածներում փլուզվել, եւ մյուսներին էլ սպառնում էր փլուզում: Այս օժանդակ կառույցները ոչ միայն չէին կարող ծառայել որպես բնակելի կացարաններ հոգեւորականների համար, այլեւ չունեին օգտագործման համար ոչ մի նպաստավոր պայման: Հողե եւ տուֆե քարերով խոնավ հատակները, առանց էլեկտրական հոսանքի եւ ջեռուցման, փոքր սենյակների խարխլված, եւ ջրով հագեցած պատերն ու թաղերը ամեն րոպե սպառնում էին փլուզվել:
Վանքի հյուսիսային պարսպապատը բավական լայն եւ խոշարածավալ քարերով  ուղաձիգ առանցքից շեղվել եւ կախվել էր ժայռափոր կառույցների վրա, ամեն րոպե վտանգելով վերջիններիս գոյությունը: 2005-ից սկսվեց վթարային հատվածների վերականգնողական աշխատանքների նախագծային փուլը, հավանության արժանանալուց հետո միայն սկսվեցին վերականգնողական աշխատանքները:
Այժմ շարունակվում են օժանդակ կառույցների մյուս հատվածների ուսումնասիրական եւ հետազոտական աշխատանքները:
Գեղարդավանքը ոչ միայն հայ ժողովրդի մշակութային արժեքն է, այլեւ որպես  բնության  եւ մշակութային արժեք մուծվել է Յունեսկո-ի ցանկ:
Վեհափառ Հայրապետի ջանքերը այժմ ուղղված են նաեւ վանքի շրջակա
բնության անխաթար պահպանման խնդիրներին: Ում արդյոք ծանոթ չէ վանքի շրջակա տարածքի վիճակը ուխտավորների եւ ազմաթիվ այցելուների ու խմբերի այցելություններից  հետոերբ շրջակա տարածքը հագենում էր կերակուրների մնացորդներով: Այժմ խնդիր է այստեղ այցելողների հանգստի կազմակերպումը, որպեսզի պահպանվի ու անաղարտ մնա բնությունը: Այս եւ նմանատիպ այլ խնդիրներ դարձել են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի եւ ՀՀ  մշակույթի նախարարության համատեղ ուսումնասիրությունների եւ հետազոտական աշխատանքների առարկան: Վերջին տարիների ընթացքում մասնագետներն արել են  մի շարք առաջարկներորոնք քննարկվել են ՀՀ մշակույթի նախարարությունում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդում: Սակայն լուծումների նկատմամբ առկա տարաձայնությունները վերջնական տարբերակ դեռեւս չեն հաստատել :
            2006 թ. սկսվել են նաեւ Հառիճավանքի օժանդակ կառույցների վերականգնման աշխատանքները: Այս ծրագիրը նույնպես անցավ օրենքով սահմանված հաստատման բոլոր փուլերը եւ ստացավ վերականգնման թույլտվություն: Ճիշտ է, վանքի օժանդակ կառույցների վերականգնման աշխատանքները սկսվել էին դեռեւս 1980-ական թվականներին, սակայն վանքի օգտագործման խնդիրը այն ժամանակ դրված էր այնպես, որ նրա հիմնական կառույցը՝ դպրատունը, պետք էր օգտագործվեր որպես թանգարան: Վերականգնման աշխատանքներ կատարվել էին, վերցվել էր դպրատան ծպեղային լանջավոր տանիքը եւ փոխարենը իրականացվել էր քարե ծածկասալերով հարթ տանիքածածկ: Ներսում կատարվել էին նաեւ պատերի ու թաղերի հարդարման աշխատանքներ: Սակայն տանիքածածկույթի ոչ ճիշտ լուծում ստանալու պատճառով տասնամյակներ շարունակ  մթնոլորտային տեղումներից ջրերը  ներթափանցել էին պատերի եւ թաղերի մեջ: Դրանք այնքան գերհագեցած էին ջրերով, որ հարդարման աշխատանքները չէր հաջողվում իրականացնել: Միայն երեք տարի հարկավոր եղավ բորբոսնած եւ մամռակալած ներսի պատերի  չորացման համար: Նախկին ձեւով վերականգնվեց լանջավոր տանիքածածկը, պատերը մաքրվեցին քայքայված գաջե սվաղից, դպրատունը հարմարեցվեց ժամանակակից պայմաններում գործող դպրատան, համակարգչային սենյակովգրադարան-ընթերցասրահով, ճաշարան-խոհանոցով: Վերականգնման ընթացքում է նաեւ հադիսությունների դահլիճը եւ նախկին կաթողիկոսական  ամառային նստավայր-վեհարանը: Ստեղծվել է վանքը գրունտային ջրերից զերծ պահելու դրենաժային համակարգ՝ վանքի արտաքին պարսպապատից դուրս հատվածում: Դրենաժային համակարգ է իրականացվել նաեւ վանքի ներսում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու արեւելյան մասում՝ պատի տակ, ուր կուտակվում
էին գյուղի թեքադիր փողոցներով հոսող ջրերը: Նախատեսվում է սկսել վանքի  երկրորդ  բակում տեղավորված ննջարանային մասնաշենքերի վերականգնման եւ  հոգեւորականների կացարանների վերականգնման աշխատանքները: Շուտով  քննարկման կներկայացվի նաեւ հոգեւոր կառույցների վերականգնման եւ ամրակայման աշխատանքների փուլը:
            Վերականգնվեցին նաեւ Գայանե, Հռիփսիմե վանքերի միաբանական կառույցները: Վերականգնել վանքային համալիրի օժանդակ կառույցները, հարմարեցնելով հոգեւորականների ներկա պահանջներին՝ ոչ միշտ է հնարավոր թե նախկին կառույցի հիմնահատակ կործանված լինելու, թե եղածների ոչ  բարենպաստ պայմանների պատճառով: Սակայն, որ այսօր վանքերը պետք է գործեն  որպես հոգեւոր կառույցներ իրենց համապատասխան նշանակությամբ, ունենան գարծունեության նպաստավոր պայմաններ եւ զարգացում՝ անվիճելի է:        Ժամանակը չի կարող կանխել վանքերի զարգացման ընթացքը: Այսօր վերականգնվում եւ օգտագործվում են եկեղեցիները, որոնց զարգացման ընթացքը ունի հազարամյակի պատմություն, իսկ նոր եկեղեցիների ճարտարապետությունը  փորձում է զարգացում ապրել: Ուստի վանքերի ճարտարապետական եւ հոգեւոր  բնագավառը կարիք ունի նույնպես զարգացման: Ժամանակը եւ տարածությունը  հավերժական կատեգորիաներ են, որոնք անվերջ գտնվում են շարժման եւ զարգացման մեջ: Մարդը իր ստեղծագործություններով այդ ամենի անքակտելի մասն է: Ուստի նրա զարգացումը կարող է ժամանակավորապես դադարել կամ կանխարգելվել, բայց ամբողջ ընթացքը կանգնեցնել կամ դադարեցնել անհնար  է: Ամեն մի ժամանակահատված  ունի իր հոգեւոր հզոր մղիչ ուժը, որը տվյալ ժամանակահատվածում զարգացում է ապահովում: Նման հզոր շարժիչ ուժ է այսօր Վեհափառ Հայրապետը, որ ապահովում է հոգեւոր կյանքի եւ նրան անհրաժեշտ ատրիբուտների զարգացումը ներկա ժամանակահատվածում:

ՄԵՐԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ 
ճարտարապետ
Էջմիածին ամսագիր, Նոյեմբեր, 2011թ.

1 комментарий:

  1. Շնորհակալություն հետաքրքիր նյութի համար

    ОтветитьУдалить