23.05.2011

Այլևս չեմ զարմանում....

Չեմ զարմանում.... Այլևս չեմ զարմանում....

Ամռանը` ամեն երեկո, թաղի տարեցները հավաքվում էին մեր թթենու տակ` աշխարհի խնդիրները լուծելու: Փոքր էի: Գնում նստում ու լսում էի նրանց: Այդ ծերունիների մեջ էր Մենտոր պապը` խմբի պարտաճանաչ մասնակիցն ու, իր խոսքով, ամենագետը: Եթե մեկը խոսեր թունաքիմիկատներից, Մենտոր պապիկն ընդհատում էր` Ուրեմ ես չեմ նա՞լ (ուրեմն ես չգիտե՞մ): Մյուսը խոսեր երկրաչափությունից, Մենտոր պապը նորից` Ուրեմ ես չեմ նա՞լ:
Նոր-նոր էի ինտեգրվել պապիկների աշխարհում, և հանկարծ, Հայոց պատմությանը վերաբերող մի հարց քննարկելիս, ձայնը տրվեց ինձ. «Դե աս, շկամ, էդքան սորվիր էս, մեր տառերը վա՞վ ի կիրե» (հասկացաք երևի): Դեռ չէի հասցրել հարցը հասկանալ, հնչեց Մենտոր պապու խռովքը` Ուրեմ ես չեմ նա՞լ: Ու սկսեց պատմել Գրերի գյուտի պատմությունը, որը մինչ օրս չեմ կարողացել գտնել ոչ մեր ձեռագիր մատյաններում, ոչ էլ Գրերի գյուտին վերաբերող ուսումնասիրություններում:

Տարիներ անցան: Մեծացա: Ճեմարանական էի: Մեր թաղի ծերակույտն ընդարձակվեց, և քանի որ ես, իրենց կարծիքով, խելացի տղա էի, արտոնություն ստացա զրույցներին մասնակցելու (մարդիկ մտածում էին, որ եթե ճեմարանում ես սովորում, պիտի ամեն ինչ իմանաս, անկախ նրանից` երեկ ես ընդունվել ճեմարան, թե արդեն ավարտում ես): Բայց մեկ է, Մենտոր պապը, արդեն ավելի մեղմ տոնով, ընդհատում էր բոլորին` Ուրեմ ես չեմ նա՞լ:

Երբ ժամանակ էի գտնում, այցելում էի նաև նախկին ոստիկան և մեծն աթեիստ Ժոռա ձաձյային, ով խիստ մարդ էր և քչերի հետ էր հաշտ ապրում: Աթեիստ իմ այս բարեկամը չէր ուզում լսել Քրիստոս անունը, բայց հավատում էր սրբերին, Խոր Վիրապի զորությանը և մատաղին, որը, իր ընկալմամբ, գառան գլուխը տան բակից դեպի Խոր Վիրապ ուղղելն ու մորթելն էր:
Երբեմն օրացույց կամ սրբապատկեր էի նվիրում Ժոռա ձաձյային: Տրամադրությունն իսկույն բարձրանում էր, ու սկսում էր պատմել մի երիտասարդ հոգևորականի մասին, ով` «Մեծ մեծ, խորոտ աշկեր ունի, ու տելեվիզրով որ խոսալի, քեֆտ իկյալի»: Հիշեցնում էի, որ այդ եկեղեցականն իմ տեսուչն է: Ավելի ոգևորված` պահանջում էր, որ անպայման իր բարևները փոխանցեմ տեսուչիս:
Պատահում էր, որ ինձանից նոր սրբապատկեր էր խնդրում. Երբեմն մոռանում էի խնդրանքը, ու երբ հանդիպում էինք, նա նորից պատմում էր նույն երիտասարդ հոգևորականի մասին. «Մե խատ ջահել տերտերի, աշկերը չռած տելեվիզրով վրատ ի շկալ, ինչ ի զուռցա՞լ, չեմ խասկնալ»: Տեսչիս փոխադարձ ողջունի մասին խոսք չէր կարող լինել:

Տարիներ անցան, Ժոռա ձաձյան էլ չկար: Երկար ժամանակ գյուղում չէի եղել: Մի անգամ տեսա Մենտոր պապուն: Մոտեցա, բարևեցի: Վատ էր տեսնում: Ձայնս լսելուն պես, աչքերը ժպտացին, լաց եղան. Ասաց. «Խերըտ ու մերըտ քեզի էտքան շատ չեն սիրալ, ես քեզի ավելի շատ եմ սիրալ»: Ասացի` Ուրեմ ես չեմ նա՞լ: Գրկեցի:

Հակասական, ազնիվ, բարի ու մեծամիտ մարդիկ մեր կյանքում միշտ կարող են լինել: Մռայլ գույնի կողքին վառ գույնն ավելի է փայլում: Գուցե հենց դա է գեղեցիկի չափանիշը....
Այդ մարդկանց մեջ ես տեսա տարօրինակն ու բարին, վսեմն ու անմեղ չիմացությունը: Նրանց շնորհիվ սովորեցի չզարմանալ մարդ տեսակի վրա, պատրաստ լինել ամեն տարօրինակ երևույթ ըմբռնելուն ու հասկանալուն: Բայց, այնուամենայնիվ, զարմանալի բաներ դեռ մնացել են: 
Շատ զարմացա` լսելով, որ ոմանք հայտարարում են, թե առաքելական եկեղեցու զավակ են, բայց քրիստոնյա չեն, ծաղրում են Մաշտոցին ու գրաբարը, բայց վայրկյաններ անց հանդես գալիս Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման դեմ և մամուլի էջերը լցնում գռեհկաբանությամբ, խոսում են ճշմարտությունից և հանդես գալիս կեղծ, հորինված հրապարակումներով, հայհոյում ֆիդայուն ու պաշտպանում անհայտ սեռի բույսերին (հոգեբանները կասեին` Ժոռա ձաձյայի սինդրոմ): Ուզում ես հանել մեկին անգրագիտության ծովից, նրան տալիս փաստեր` իբրև փրկօղակ, բայց նա իր չիմացածը վեր է դասում ուրիշի իմացածից (Մենտոր պապու սինդրոմ):
Բայց չէ, կսխալվեն հոգեբանները: Ժոռա-Մենտորների ու հասարակության այս բացիլների մեջ խոր անդունդ կա, պապիկների մեջ թևածում էր խաղաղությունը, սերն ու հարգանքը դիմացինի հանդեպ: Նրանք խոսում էին սրտի լիությունից, չվնասող չիմացությունից: Իսկ մերօրյա քաջերը խոսում են ավերիչ չիմացությամբ և կամավոր ստրկությամբ, խոսում են ՀԱՆՈՒՆ ու գործում ԸՆԴԴԵՄ....

Չեմ զարմանում.... Այլևս չեմ զարմանում....

6 комментариев:

  1. Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
    Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
    Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
    Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

    Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
    Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
    Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
    Դեռ թիապարտ եմ։

    Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
    Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
    Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
    Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

    Հավիտենության լծորդն եմ անդուլ,
    Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
    Փոթորիկներ են եռում հատակիս,
    Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

    Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
    Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
    Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
    Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ:

    Այո, մարդ արարածը բարդ է.. Եվ մարդ լինելն է բարդ: Երանի նրանց, ովքեր Մարդ են: Իրենց առավելություններով և թերություններով: Երանի նրանց, ովքեր ազնիվ են իրենք իրենց հետ, և չեն ամաչում իրենք իրենց աչքերի մեջ նայել: Իսկ մյուսների վրա բարեշնորհն ահա զարմանում է.. Նրանք էլ, վստահ, իր վրա են զարմանում:

    ОтветитьУдалить
  2. իզուր չի էլի,որ նախանձում եմ բակում նարդի խաղացող պապիկներին....սիրում եմ էն գործերը,որոնք տատիկների ու պապիկների մասին են պատմում ու մարդկային հոգու պարզության...ինձ համար ստեղծագործողի լրջությունը գնահատող չափանիշներից են հենց այդ թեմաները...իրոք հանճարեղ էր...Ապրես,Արսեն սարկավագ

    ОтветитьУдалить
  3. Հիշեցի, որ Սահյան սիրում ես :)
    Աննա ջան, շնորհակալ եմ:

    ОтветитьУдалить
  4. Ես էլ եմ ուզում գրկեմ Մենտոր պապին ու ասեմ, որ ինքը հազար հատ վահան իշխանյան արժե

    ОтветитьУдалить
  5. Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են նախքան որեւէ դատաստանի ենթարկուելը. մարդիկ էլ կան, որոնց մեղքերը յետոյ են յայտնի դառնում։ Նոյն ձեւով եւ յայտնի են բարի գործերը. եւ այն գործերը, որ յայտնի չեն, թաքնուած մնալ չեն կարող։ Ա Տիմ.5:24-25

    ОтветитьУдалить