Վահրամ քահանա Մելիքյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի տնօրեն |
Ծառայության բերումով զանազան անպատեհ քննադատությունների առիթով հաճախ եմ հանդես գալիս պարզաբանումներով ու մեկնաբանություններով: Եւս մեկ անգամ անդրադառնալ դրանց չէի ցանկանա: Սակայն օրերս “Եհովայի վկաներ” աղանդի հետեւորդների հանդուգն պահվածքն ու Հայ Եկեղեցու քահանային ուղղված սպառնալիքները (“կոկորդդ կկրծեմ” եւ այլն), մտորելու տեղիք են տալիս: Արդյո՞ք սա հետեւանք չէ Հայ Եկեղեցու հանդեպ անհանդուրժողականության այն մթնոլորտի, որ “վարպետորեն” ձեւավորում են ինչ-ինչ շրջանակներ, ինչու չէ երբեմն նաև քաղաքական, եւ իբրեւ որոմ տարածում հասարակական տարբեր շերտերում: Անշուշտ, խոսքը որեւէ քննադատություն բացառելու մասին չէ, քավ լիցի, այլ այն երեւույթի, երբ շատերի ձեռքում կամա թե ակամա հայտնվում է ընդդիմախոսի դրոշը, ով պատրաստ է պայքարի գնալ “ընդդիմություն` հանուն ընդդիմության” վտանգավոր ու կույր կարգախոսով: Իսկ նման պայմաններում հաճախ գլուխ են բարձրացնում անգիտությունն ու անվստահությունը միմյանց հանդեպ:
Մի քանի տարի առաջ, երբ Երեւանի Կաթողիկեն փրկելու նպատակով քանդվում էր Լեզվի ինստիտուտը, նույն պիտակներն էին ու նույն հայհոյախառն արտահայտությունները: Սակայն շատ շուտով գերությունից ազատված միջնադարյան գողտրիկ մատուռն իր հայտնությամբ հակառակն ապացուցեց: Այսօր էլ հնչում են քննադատություններ` քննադատություններ սոսկ հանուն քննադատության, որոնք, ըստ իս, հետեւանք են մասնագիտական ու մասնավոր այլ շահերի բախումների: Առավել ցավալի է, որ հաճախ այդ քննադատությունները դուրս են գալիս թե հասարակական եւ թե լրագրողական էթիկայի սահմաններից:
Նման մտորումների առիթ դարձան նաեւ Եռաբլուրի Սբ. Վարդանանց եկեղեցու շուրջ բարձրացված մեղադրանքները եւ խնդրի առնչությամբ եկեղեցու բարերար, ամերիկաբնակ Հրաչ Ոսկանյանի հետ ունեցած հեռախոսազրույցը: Եռաբլուրի մատուռի բարերարն իր հերթին մտահոգություն էր հայտնում Հայ Եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի դեմ հնչած հանիրավի մեղադրանքների առիթով` վերհիշելով, թե ինչպես ծնվեց այս եկեղեցու կառուցման գաղափարը:
Ղարաբաղյան պատերազմի ծանր տարիներին, երբ Եռաբլուրը չէր դադարում շարունակ իր հողում ամփոփել մեր ազգի քաջարի զոհված ազատամարտիկներին, տեսնելով որդեկորույս մայրերի, հերոսամարտիկների կանանց ու ընտանիքների մեծ վիշտը, այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը դիմեց պրն. Ոսկանյանին` հայրենի գյուղում եկեղեցի կառուցելու փոխարեն Եռաբլուրում եկեղեցի կառուցելու առաջարկով: 1994-ին, ձեռամբ ներկայիս մեր Վեհափառ Հայրապետի, կատարվեց ապագա մատուռի հողօրհնեքի արարողությունը: Շուտով նորակառույց մատուռը մեր մայրերի ու քույրերի համար իսկապես դարձավ առ Աստված աղոթքի ու մխիթարության հանգրվան: Եւ այսօր, ամենայն հարգանք ու պատիվ տածելով մեր ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հարազատների հանդեպ` մեծ ցավ եմ ապրում, երբ Հայ Եկեղեցին անարդարացիորեն մեղադրվում է անգամ իր իսկ նախաձեռնությամբ հիմնած եկեղեցու “սեփականաշնորհման”, եկեղեցում եկեղեցական կարգ ու կանոնի պահպանության եւ այն իր առաքելությանը լիարժեքորեն ծառայեցնելու մեջ:
Պատճառը նույնն է. արհեստածին անհանդուրժողականությունը հասարակական իր ռեզոնանսով:
Եւ կրկին ուզում եմ հարց տալ` ինչու՞ ենք դադարել վստահել միմյանց: Մինչդեռ վաղուց արդեն սթափվելու ժամանակն է:
Վահրամ քահանա Մելիքյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի տնօրեն
MEDIAMAX
Комментариев нет:
Отправить комментарий