05.06.2011

Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց Տ. Իսահակ վարդապես Պողոսյանի հետ

Panorama.am-ը ներկայացնում է  հարցազրույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Իսահակ վարդապես Պողոսյանի հետ

-Վերջին շրջանում մեր հասարակությանը մտահոգող կարևոր խնդիրներից է Հայաստանում տարածված աղանդավորական գործունեությունը: Ինչպիսի՞ն է պատկերն այդ առումով:
-Դժբախտաբար մեկ անգամ կամ առաջին անգամը չէ, որ աղանդավորությունը մտահոգել է հասարակություններին կամ հայ հասարակությանը մասնավորաբար: Եթե անդրադառնալու լինենք համաշխարհային եկեղեցու պատմությանը, կտեսնենք, որ եկեղեցու ձևավորմանը զուգընթաց և անգամ դրանից առաջ էլ, օրինակ` հրեական հասարակության մեջ եղել են աղանդներ: Քրիստոնեության արշալույսին արդեն առաջ են գալիս մի շարք քրիստոնեական աղանդներ, որոնց նպատակն, իբրև կանոն, եկեղեցու կազմալուծումն էր և հերթական որևէ «Ես»-ի հաստատումը: Հայ պատմագրության մեջ ևս կան անդրադարձներ, որոնք վկայում են, թե ինչպես ժամանակ առ ժամանակ նկատվել է աղանդների աշխուժացում, և թե ինչպես են դրան արձագանքել կամ դիմագրավել եկեղեցին, պետությունը, այլ խոսքով` ժողովուրդը: Պատմությունը նաև հավաստում է, որ ժամանակի ընթացքում էլ ավելի է բացվել աղանդների դեմքը, գաղտնի նպատակները և թե ում և ինչ հրահանգն են իրականացրել` հաճախ իրենք էլ չիմանալով: Ինչ վերաբերում է վերջին շրջանին, ապա պետք է ասել, որ այդ շրջանը սկսվում է 1960-1970-ական թթ.-ից և հատկապես աշխուժանում 1980-ականներից: Պատերազմ, երկրաշարժ, անկախություն: Դժբախտաբար, բնական է, որ արդյունքում ձեռք բերված ընդհանուր հայտարարները, շատերին չպիտի բավարարեին: Հայաստանը, որքան էլ որ փոքր ու հեռավոր, բայց իր ինքնատիպությամբ շարունակում է զբաղեցնել համաշխարհային մի շարք ուժերի միտքը` գրգռելով վերջիններիս ախորժակը և այս պայմաններում, որքան էլ ամենքն ամենքից դժգոհ են, պարզապես հերոսությունն է եղել մեր ժողովրդի անցած ճանապարհը, մեր պետության հաստատագրումը: Մեզ համար հատկապես անհանգստացնող է, որ մեր ժողովրդի զավակներն են, որ տեղի տալով այս կամ այն աղանդին, դուրս են գալիս սեփական սրբությունների դեմª մեծավ մասամբ անգիտակցաբար:

Փորձառությունը հուշում է, որ այս կամ այն աղանդին հետևում է ժողովրդի պասիվ հատվածը, նրանք, ովքեր դժվարություն են ունեցել ինտեգրվելու հասարակությանը, յուրացնելու ազգային-հոգևոր արժեքները: Մեկ խոսքով` այսպես ձևակերպենք, եթե անգամ Հայաստանում ամեն ինչ բնականոն ու բարեհաջող ընթացքով զարգանար, միևնույնն է, հիշյալների զգալի մասն իերն համար փնտրելու էր այլ ճանապարհ: Եվ քանի որ այդ ճանապարհը, մեղմ ասած, բնականոն զարգացման արդյունք չէ, միանգամայն տրամաբանական է, որ վերջիվերջո վերջիններս պետք է իրենց մասին զգալ տային անկանոն կամ ոչ բնական կերպերով: Քանի որ ունեն վնասված կամ հիվանդ հոգեբանություն, կամ ենթագիտակցորեն իրենք իրենց համարում են շատ կարևոր մի առաքելության անփոխարինելի բաղադրիչը, կամ վիրավորված են, որ հասարակությունն իրենց արժանին չի մատուցում, արժանի հարգանքը չի ընծայում: Ցավալին այն է, որ այս մեթոդները վաղուց արդեն կիրառվել ենª նախապես կոչված լինելով առավել ցածր գիտակցական մակարդակների վրա և ունեցել են ողբերգական ավարտ: Նրանք, ովքեր ջատագովում են աղանդավորությունը, շատ լավ գիտեն այս ամենի մասին: Այլ խոսքով իրենք ամբողջական հաղթանակի հույս էլ չունեն, պարզապես բանաստեղծի խոսքով ասած` կպակասի մի լավ ճակատ:

-Աղանդավորական քարոզությունը հիմնված է Սուրբ Գրքի վրա: Չե՞ք կարծում, որ Հայ Առաքելական Եկեղեցում Սուրբ Գրքի քարոզության պակաս կա:
-Էականը Ս. Գրքից հղումներ անելը չէ: Անհամեմատ ավելի կարևոր է տեղին հղումն ու ճիշտ մեկնաբանությունը: Բացի դրանից անթաքույց են նաև այսօր արդեն հայտնի այս կամ այն հրատարակչության կողմից հրատարակված Ս. Գրքերի բովանդակությունները: Դրանք, ըստ էության, Ս. Գրքեր չեն, որովհետև եղածից և° պակաս, և° ավելին են պարունակում: Մեր լայն ու բաց դարում, երբ ամեն Աստծո օր տպագրվում են գրքեր, հեռուստատեսությամբ և մամուլով հեռարձակվում և մեկնաբանվում են եկեղեցական տոները, խորհուրդները, ասել, թե քարոզչության պակաս կա, պարզապես ազնիվ չէ: Մի դեպքում մենք դժգոհում ենք, թե ինչո°ւ են օրինակ այսքան եկեղեցիներ կառուցվում, գումարը տվեք մեզ, որպեսզի մենք տնօրինենք և այլ անընդունելի տեսակետներ, մյուս դեպքում` զլանում ենք եկեղեցի հաճախել կամ հետաքրքրվել մեզ անհրաժեշտ գիտելիքներով և պատճառաբանում, թե ինչ-որ բանի պակաս կա: Մեր ժողովրդի որ մասն է տեղյակ, թե ինչպիսին է, օրինակ, այս կամ այն հոգևորականի ապրած մեկ օրը: Անհրաժեշտ է գնալ, անհանգստացնել մեր մեջ, մեր կողքին ապրող հոգևորականին, պահանջել և դժգոհել, եթե ուշադրության պակաս կա: Ահա բնականոն և գործնական ճանապարհը:

-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հոգևոր ճեմարաններին զուգահեռ գործում է նաև քահանայից լսարանը, որի տեսուչը Դուք եք: Մեր ճեմարանների շրջանավարտները բավարար չե՞ն հոգալու հոգևորականների պակասը:
-Նախ ասեմ, որ Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ ՀՀ մի շարք հոգևոր-պատմական կենտրոններում ևս նախատեսվում են հոգևոր կրթօջախներ: Այսպես է եղել նաև հեռավոր անցյալում, երբ նշանավոր վանքերին կից բացվել են դպրոցներ կամ վանքերը դարձել են նշանավոր հենց հոգևոր կրթօջախների բերումով:
Այսպես էր նաև մեր երրորդ հանրապետության արշալույսին: Մեր ժողովրդի համար ամենածանր, ամենապատասխանատու և միևնույն ժամանակ ամենաերջանիկ վայրկյաններին զուգահեռ բացվեցին, վերաբացվեցին և ծնունդ առան մի շարք հոգևոր կրթօջախներ թե' Հայաստանում և թե' Արցախում: Սա և տրամաբանական է, և թե պատմությունն է հավաստում, որ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն ունեցել է դժվարին կամ երջանիկ ժամանակներ, անհրաժեշտորեն հառնել են հոգևոր կենտրոններ, որոնց դերն անուրանալի է, որքան էլ, որ ոմանք փորձեն նսեմացնել կամ ցուցանել հակառակը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին` բավարար են թե ոչ մեր հաստատությունների շրջանավարտները կամ ինչ դերակատարություն ունի «Քահանայից լսարան»-ը, ասեմ հետևյալը. նախ` միանգամայն ակներև է, որ մենք ունենք հոգևորականների զգալի պակաս և° Հայաստանում և թե° սփյուռքում: Մեր համեստ կարծիքով ուսյալ և լուսամիտ հոգևորականներով նաև ու հատկապես պետք է պայմանավորվի մեր վաղվա օրը: Մեր հայրենակիցներից շատեր տակավին լավատեղյակ չեն սեփական ժողովրդի և եկեղեցու պատմությանը: Ավելինª ժամանակ առ ժամանակ ոմանք, իբրև կանոն, սկզբունքորեն անտեղյակ եկեղեցու լայնածավալ առաքելությանը, չեն ալարում հերթական քարը նետելու, հակառակ պարագայի, հիշյալն այլ բան չէ, եթե ոչ` դավաճանություն բառիս բուն նշանակությամբ: 
«Քահանայից լսարան»-ի սաները 30-ից մինչև 48 տարեկան անձինք են, բարձրագույն կրթությամբ, որոնք ցանկություն են հանդես բերել իրենց կյանքի փորձառությունը ներբերելու եկեղեցական կյանք և եկեղեցունը դարձնելու իրենցը: Գիտակցական հավատքով աջակցումը սեփական ժողովրդին և եկեղեցուն յուրաքանչյուր հայ հավատացյալի պարտքն է, քանի որ հասարակությունն ամեն անգամ բարոյական պարտք ունի հանդեպ այն հասարակության, որի մի մասնիկն է ինքը: Միանգամայն վստահ եմ, որ ՙՔահանայից լսարան՚-ի սաները վաղը պետք է լրացնեն մեր լավագույն հոգևորականների շարքերը` աչքի ընկնելով ծառայասիրությամբ և եկեղեցասիրությամբ, ինչն արդեն իսկ նկատելի է և ինքնին ուրախացնող:

Комментариев нет:

Отправить комментарий