17.04.2011

ԴՐՈՇՄ, ԽՈՐՀՐԴԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Դրոշմը Սուրբ Հոգին ընդունելու խորհուրդն է. յուրաքանչյուր հավատացյալ անհատի համար Հոգեգալուստ. Սուրբ Հոգու իջնելը քրիստոնյային շնորհված կնիքի ընդունման խորհուրդն է: Դրոշմը մկրտության ավարտն է ու լրումը: Մենք սովորաբար օգտագործում ենք կնունք բառը, որն առաջացել է կնքել բայից, այսինքն կնիք դնել: Դրոշմով Սուրբ Հոգու շնորհը և պարգևները տրվում են դրոշմ ընդունողին: Մկրտությամբ նույնպես շնորհ է տրվում: Ո՞րն այս երկուսի
տարբերությունը: Մկրտությամբ մարդն ընդունում է Սուրբ Հոգու հիմնականում մաքրվելու, Աստծու որդեգրվելու և սկզբնական մեղքը քավելու համար: Իսկ դրոշմով Սուրբ Հոգին և նրա շնորհները տրվում են քրիստոնեական կյանքի մեջ զորանալու համար: Մկրտությամբ սրբվում ենք մեր մեղքերից, վերստին ծնված, մտնում նոր կյանք:
Իսկ Դրոշմը զորացնում է մեր հոգիները, լուսավորում մեր հոգեկան կարողությունները, զինում է մեզ ընդիմանալու կյանքի բոլոր փորձություններին և թշնամու հարձակումներին:

Մարմնի տասներեք մասերից յուրաքանչյուրին, որ օծում են, տրվում է հատուկ շնորհ.
1. Ճակատի կնիքը երկնային անապական պարգևների համար է:
2, 3. Աչքերինը - լուսավորության համար, որ երբեք մահ չտեսնեն:
4, 5. Ականջներինը - Աստծո պատվիրանները լսելու համար:
6. Հոտոտելիքինը - կյանքի անուշության բույրը հոտոտելու համար:
7. Բերանինը - որ ամուր մնա շրթունքների պահպանության ներքո:
8, 9. Ձեռքերինը - բոլոր առաքինի և բարի գործերը գործելու համար:
10. Սրտինը - որ սրբության մեջ հաստատվի և ճշմարիտ Հոգին իր մեջ նորոգվի՝ թարմանա:
11. Մեջքինը - որ լինի ամուր վահան, չարի բոլոր թունավոր նետերին դիմադրելու համար:
12, 13. Ոտքերինը - որ նրանք անսասան ընթանան հավիտենական կյանքի ճանապարհով:

Առաջին դարում բոլոր եկեղեցիներում մկրտությունն ու դրոշմը միևնույն ծեսի առանձին և անբաժանելի մասերն էին, ինչպես Սուրբ Պատարագում հացն ու գինին անբաժան են մատակարարվում:
Քրիստոսի մկրտվելուց հետո Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ նրա վրա: Այս ի նկատի ունենալով Եկեղեցին միացրեց մկրտությունն ու դրոշմը:
Առաքյալները մկրտությունից անմիջապես հետո ձեռք էին դնում մկրտվածների վրա, որպեսզի Սուրբ Հոգին ստանան (Տես Գործք Առաքելոց 8. 11-17, 19. 1-6, Եբրայացիներին 6.2): Հետագայում Եկեղեցում մեռոնը (մյուռոնը) գործածվեց որպես Սուրբ Հոգու իջնելու և ընդունելու միջոց: Այսպիսով, դրոշմի խորհուրդը կատարվում էր կամ ձեռք դնելով, կամ էլ սրբալույս մեռոնի օծմամբ:
Հայոց Եկեղեցին, ինչպես նաև արևելյան մյուս եկեղեցիները, դրոշմի խորհուրդը կատարում է մկրտությունից անմիջապես հետո՝ ըստ նախկին տիեզերական Եկեղեցու սովորության՝ համաձայն առաքյալների և սուրբ հայրերի օրենքների:

ԽՈՐՀՐԴԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Դրոշմը, ինչպես և մկրտությունը, չի կարելի կրկնել. եկեղեցին այն մատակարարում է միայն չունեցողներին: Օրինակ, երբ վավերական մկրտվածները ուզենան Հայոց Եկեղեցու անդամ լինել, պետք է անպայման դրոշմվեն, որովհետև թեև մկրտված են, բայց դրոշմված չեն:
Ինչպես տեսանք դրոշմի խորհուրդը ավարտումն ու լրումն է մկրտության: Այն ստացողը և Քրիստոսի Սուրբ Մարմնին և Արյանը հաղորդվողն է միայն դառնում կատարյալ քրիստոնյա, հետևաբար կարող է ընդունել մյուս խորհուրդները: Օրինակ, չդրոշմված մեկը չի կարող պսակվել Հայոց Եկեղեցում, անհրաժեշտ է չկնքվածը դրոշմվի և ապա մասնակցի մյուս խորհուրդներին: Օծման պահին, երբ քահանան արտասանում է «Կնիքս Հիսուսի Քրիստոսի», սա արդեն անհատական Հոգեգալուստ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:
Հայաստանեայց Եկեղեցում, դրոշմի խորհուրդը կատարում է քահանան կամ եպիսկոպոսը:

ԽՈՐՀՐԴԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Դրոշմի առաջին մասը՝ դրոշմվողի զգայարանները և անդամները օծվում են սրբալույս մեռոնով, որով էլ նրանցից յուրաքանչյուրին տրվում է մասնավոր շնորհ:
Երկրորդ մասը՝ ընծայում Սուրբ Սեղանին, նվիրում Աստծուն՝ երեք անգամ երկրպագելով:
Երրորդ մասը՝ լրումն է այս բոլորի՝ Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան ճաշակումն է. նոր՝ աստվածային անվախճան կյանքի ընդունումը:
Այս ամենով երեխան լինում է կատարյալ քրիստոնյա և սուրբ եկեղեցու անդամ:
«Աղբյուր կյանքի, բաշխող շնորհի» շարականով սկսվում է խորհրդակատարումը: Քահանան աղոթքից հետո սուրբ յուղը լցնում է մեռոնատուփի մեջ և երգում է.
Որ իջար սուրբ Վերնատուն և օծեցիր առաքյալներին օծումով այս: Եվ այս
օծումով հողեղեններին վերաստեղծեցիր Աստծո որդիների, Երկնային շնորհներդ
լցրու նաև այս յուղով:
Գրաբար: Որ ի վերնատունըն սուրբ իջանելով յառաքեալսն օծումն օծելոց. և օծմամբս այսու վերաստեղծէր նոքօք զհողեղէնս, որդիս Աստուծոյ. հեղ ընդ այս իւղոյս զերկնային քո զշնորհս:
Ապա հանուն Հիսուս Քրիստոսի կնքվում է մկրտվածի ճակատը, աչքերը, ականջները, քիթը, բերանը, ձեռքերը, սիրտը, մեջքը և ոտքերը: Քահանան մարմնի տասներեք մասերը դրոշմելով աղոթում է, որ նրանցից յուրաքանչյուրը ստանա վերոհիշյալ շնորհները: Հետո խաչակնքում է և ասում.
Խաղաղություն ընդ քեզ, փրկյալդ Աստծո:
Խաղաղություն ընդ քեզ, օծյալդ Աստծո:
Գրաբար: Խաղաղութիւն ընդ քեզ փրկեալդ Աստուծոյ
Խաղաղութիւն ընդ քեզ օծեալդ Աստուծոյ:
Կնքահայրը պատասխանում է.
Եվ քո հոգու հետ:
Գրաբար: Եւ ընդ հոգւոյդ քում:
Ապա նորակնունք երեխային հագցնում են նոր սպիտակզգեստներ, որպես հանդերձ փրկության և պատմուճան ուրախության: Գլխին կապում են նարոտը, որ է «շնորհի պսակը ...չփչացող զենք հակառակորդի դեմ»: Քահանան երկու մոմ է տալիս կնքահոր ձեռքը, իբրև կնքվողի լուսավորելու խորհրդանշան և որպեսզի աստվածային լույսը սրբալույս մեռոնով նրա կյանքում առաջնորդ լինի: Եթե կնքվողը չափահաս է, ապա ինքն է բռնում մոմերը:
Երուսաղեմի Ձեռագրատան 289 Մաշտոցում Մկրտության կանոնի մեջ հետօծման արարողությունը այսպես է նկարագրվում.
Քահանա երեք անգամ խաչակնքում է երեխային և ասում.
Խաղաղություն ընդ քեզ փրկյալդ Աստծո:
Գրաբար: Խաղաղութիւն ընդ քեզ փրկեալդ Աստուծոյ:
Կնքահայրը պատասխանում է
- Եվ քո հոգու հետ:
Գրաբար: -Եւ ընդ հոգւոյդ քում:
Ապա այրում են հին շորերը և նորը հագցնելով ասում.
- Հագցրու սրան հանդերձ փրկության և ուրախության պատմուճան մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով:
Գրաբար: -Զգեցո՛ սմա հանդերձ փրկութեան և պատմուճան ուրախութեան շնորհոք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի:
Հետո կնգուղը գլխին են դնում և ասում.
- Դիր, Տեր, փրկության սաղավարտ և շնորհի պսակ սրա գլխին շնորհով և մարդասիրությամբ...
Գրաբար: - Դիր Տէր սաղաւարտ փրկութեան և պսակ շնորհնց ի գլուխ սորա շնորհօք և մարդասիրութեամբ...
Հետո նարոտը կապում են վզին և ասում.
- Ով Տեր, արդարություն հագցրու սրա պարանոցին և սրբիր մեղքի ամեն աղտեղությունից շնորհով և մարդասիրությամբ ...
Գրաբար:  -Զգեցո՛, Տէր, պարանոցի սորա զարդարութիւն և սրբեա՛ յամենայն աղտեղութիւնէ մեղաց շնորհօք և մարդասիրութեամբ...
Ծածկում են սպիտակ հանդերձով և ասում.
-Սպիտակ հագնված աներկյուղ մոտենաս Աստծո Գահին, այլևս մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ ժառանգակից ես հավիտենական կյանքի:
Գրաբար: -Զգեցեալ սպիտակ գնասցես աներկիւղ առաջի Աթոռոյն Աստուծոյ. լինել ընդ Տեառն մեռոյ Յիսուսի Քրիստոսի և ժառանգակից յաւիտենական կենացն:
Հետո կանաչ և կարմիր մոմերը ձեռքն են տալիս և ասում.
- Առ լապտերն հավատի և բարի գործերի, քանի որ Երկնավոր Փեսայի
Գալստին կթույլատրեն մտնել լուսո առագաստը՝ վայելելու հավիտենական կյանքը
Գրաբար: - Առ զլապտեր հաւատոյ և գործոց բարեաց, զի ի գալ Երկնաւոր Փեսային
տացին մտանել ի յառագաստն լուսոյ և վայելել ի կեանսն յաւիտենական:
Հետո սաղմոսելով քահանան գրկում և բեմ է հանում երեխային՝ երեք անգամ
երկրպագում Սուրբ սեղանի առջև և ասում.
-(Այս անուն) Քրիստոսի ծառան եկել է երեխայությունից մկրտության. Մկրտությունից երկրպագության: Երկրպագում է Սուրբ Սեղանին, երկրպագում է Սուրբ Խորանին, երկրպագում է Սուրբ Ավազանին՝ մերկացավ տնօրենությունից և
հագավ աստվածգիտության լույսը:
Գրաբար: -(Այս անուն) ծառայս Քրիստոսի՝ եկեալ յերեխայութենէ ի մկրտութիւն. մկրտութենէ յերկրպագութիւն: Երկրպագէ Սուրբ Սեղանոյս, երկրպագէ Սուրբ Խորանիս,
երկրպագէ Սուրբ Աւազանիս՝ որ մերկացավ զանօրէնութիւն և զգեցաւ զլոյս ասվածագիտութեան:
Հետո հաղորդություն է տալիս և ասում.
-Մարմինը և Արյունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի թող լինի քեզ համար փրկություն և առաջնորդ անվախճան կյանքի: Ամեն:
Գրաբար: -Մարմինը և Արյունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի թող լինի քեզ համար փրկություն և առաջնորդ անվախճան կյանքի: Ամեն:
Երեխային կնքահորը հանձնելուց հետո քահանան աղոթում է.
-Ահա ստացավ քո (այս անունը) ծառան սրբության օծումը, որի համար աղաչում
ենք, Տեր մի ջնջիր սրան քո կյանքի աշակերտությունից:
Գրաբար: -Ահա ընկալաւ (այս անուն) ծառայս քո զօծումն սրբութեան քո, վասն որոյ աղաչեմք զքեզ Տէր, մի՛ ջնջեսցի սա ի դպրութենէ քումմէ կենաց:
Համբուրում են նոր մկրտվածին և օծվածին և այսպիսով նա ընդունվում է Հայաստանյայց Եկեղեցու ծոցը և դառնում նրա անբաժան անդամը: «Պահպանիչով» և «Հայր մերով» արարողությունը ավարտվում է:

-Հավատացյալների հույսը և նրանց պահապանը եղող Քրիստոս Աստված մեր,
քո ծառային պահիր և պահպանիր քո սուրբ և պատվական Խաչի հովանու ներքո
խաղաղությամբ: Փրկիր տեսանելի և անտեսանելի թշնամիներից:
Արժանացրու, որ գոհանալով փառավոր ենք Քեզ, Հոր և Սուրբ Հոգուն այժմ և
միշտ հավիտյանս հավիտենից: Ամեն:
Գրաբար: -Պահպանիչ և յոյս հաւատեցելոցն Քրիստոս Աստուած մեր, պահեա՛ զծառայս
քո ընդ հովանաւ սուրբ և պատուական Խաչի քո ի խաղաղութեան, փրկեա՛ յերևելի
և յաներևոյթ թշնամւոյն: Արժանաւորեա գոհութեամբ փառաւորել զՔեզ, ընդ Հօր և ընդ Սրբոյ Հոգւոյդ, այժմ և միշտ և յաւիտենից: Ամէն:
Մկրտություն, Խորհրդի կատարման պայմանները
Նյութը վերցված է Դերենիկ եպիսկոպոսի  
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՈՇՄ գրքույկից, փոքր կրճատումներով: 

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Комментариев нет:

Отправить комментарий