17.04.2011

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի եւ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահները կոչ են ուղղել Եկեղեցիներին հիշատակել Հայոց Ցեղասպանությունը

2011թ. Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի եւ Հայոց Ցեղասպանության հիշատակման օրվա համընկնման կապակցությամբ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի եւ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղարներ` դոկտ. Օլավ Թվեյթն ու դոկտ. Վիորել Իոնիտան, իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ապրիլի 13-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կոչ անելով բոլոր անդամ Եկեղեցիներին` Զատկական ուղերձներում վկայակոչելու Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Ստորեւ ներկայացվում է ուղերձն ամբողջությամբ:

Համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության հիշատակության օրվա վերաբերյալ
Զատիկը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրը,
այս տարի ապրիլի 24-ին է, որը համընկել է Հայոց Ցեղասպանության հիշատակման օրվա հետ: 1915թ. սկսած առաջին անգամն է, որ ապրիլի 24-ը Հայոց Եկեղեցու տոնացույցով համընկել է Զատկի կիրակիին: Հիրավի, սա իմաստալից համընկնում է, քանզի հենց հայ ազգի եւ ժողովրդի գոյությունը Հարության ուժի հատուկ խորհրդանիշ է մահվան աշխարհում: Երբ ամբողջ աշխարհի քրիստոնյաներն այս տարի միեւնույն օրն են տոնախմբում Զատիկը, դա մեզ բոլորիս համար պատմական հնարավորություն պետք է լինի` Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:
Քանի որ Հայ Առաքելական Եկեղեցին եւ Հայ ժողովուրդը վկայակոչում են Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը եւ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը կոչ են անում բոլոր անդամ Եկեղեցիներին` իրենց աղոթքներում եւ 2011թ. Զատկական ուղերձներում հիշատակելու Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին:
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը բարձրացրել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության հարցը: 1984 թ. ԵՀԽ-ն հրապարակել է <<Հայաստան. շարունակվող ողբերգություն>> անունը կրող փաստաթուղթը, որը նպաստեց հայ ժողովրդի պատմության եւ վերապրած ողբերգության ճանաչմանը: Միջազգային հարցերով Եկեղեցիների հանձնախումբը Հայոց Ցեղասպանության հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում` հենվելով վերջինիս <<Ցեղասպանություն ոճրագործության կանխման եւ հատուցման հարցի վերանայված եւ թարմացված զեկույցի>> վրա: Ինչպես նշվել է 2005թ. ԵՀԽ-ի Կենտրոնական Կոմիտեի հանդիպման ընթացքում, ԵՀԽ-ն հավատացած է, որ <<քրիստոնեական տեսանկյունից դեպի արդարություն եւ համերաշխություն տանող ճանապարհը պահանջում է այն հանցանքի ճանաչումը, որն իրագործվել է, որպես հիշողությունների դարմանման եւ ներման հնարավորության համար անհերքելի պայման: Ներել նշանակում է ոչ թե մոռանալ, այլ հետադարձ հայացք նետել` արդարությունը, մարդկային իրավունքների հանդեպ հարգանքը եւ ոճրագործների ու զոհերի միջեւ հարաբերությունները վերականգնելու նպատակով>>:

2005թ. ապրիլի 15-ին Եվրոպական Եկեղեցիների նախագահությունը եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես եկան համատեղ հրապարակային հայտարարությամբ` հրավիրելով բոլոր անդամ Եկեղեցիներին <<ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակման օր դարձնելու եւ մտածելու Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցի հիշատակմանը վերաբերող հետագա պատշաճ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ>>: ԵԵԿ-ի նախագահությունը հետագայում Թուրքիայի կառավարությանը կոչ արեց հայ եւ թուրք ազգերի միջեւ հաշտեցման գործընթաց սկսելու, որտեղ մեղքի գիտակցումն ու ճշմարտության հռչակումը անբաժանելի տարրեր պիտի լինեն>>:

Այս տարի Զատկի Կիրակիի հանդեպ մեր մոտեցման ոգով` ի Հիսուս Քրիստոս մեր բոլոր հավատակից եղբայրներին եւ քույրերին կոչ ենք անում միանալ հայ ժողովրդին` հայերի եւ ցեղասպանության այլ զոհերի համար աղոթք բարձրացնելով:

Եկեք հիշենք, թե ինչ ասաց Քրիստոս.

<<Ես իսկ եմ հարություն եւ կյանք.
Ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի, կապրի.
եւ ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի>> (Հովհ. 11:25):


Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՏեղեկատվական համակարգ 
Ուղերձն անգլերենով տես այստեղ:




Комментариев нет:

Отправить комментарий