«Եվ արդ, -ասում է ձեր Տեր Աստվածը, -
դարձե՛ք Ինձ ձեր
ամբողջ սրտով,
ծոմապահությամբ, լալով ու կոծելով»:
Հովել Բ(2) 12
Միաստվածության երեք կրոններն էլ` մովսիսականությունը, քրիստոնեությունը և մահմեդականությունը, ունեն և կիրարկում են պահեցողության օրենքը: Սակայն պահքը հատկապես քրիստոնեական կրոնի մեջ է ստացել իր
գերագույն կարևորությունը և միջին դարերում իր խստագույն գործադրությա՛ն` գագաթին հասել: Այդ դարերի պահեցողությունն օրացույցների մեջ
գոյություն ունեցող մի կանոն կամ անհատական խղճի հարց չէր միայն, այլ
եկեղեցական և ընկերային (սոցիալական կամ հասարակական-թարգմ.) ամենախիստ մի օրենք էր, որին, լիներ Արևելքում, թե Արևմուտքում, հավաքաբար ենթարկվում էին բոլոր քրիստոնյաները: Վա՜յ պահքը լուծողին. թե՛
հանրային կարծիքը և թե՛ օրենքը լախտի հարվածի նման կիջնեին նրա գլխին: 350-ական թվականներին Գանգրայում գումարված ժողովի 20-րդ կանոնն ասում է. «Չափահաս և մարմնով առողջ այն մարդը, ով քրիստոնյա անունն է կրում և քառասնօրյա պահքը մինչև վերջ չի պահում, նզովյալ լինի»:
Այսօր, սակայն, թե՛ եկեղեցիների օրենքներում
և թե՛ անհատ քրիստոնյաների առօրյա կյանքում պահեցողությունը խորագույն տեղատվություն է կրում: Այս տեղատվությունն սկսվեց միջնադարի
վերջերին, Արևմուտքում և շարունակվում է ցայսօր: Նախ Հռոմի քահանայապետերը շինարարական կամ պատերազմական գործողությունների համար նյութական միջոցներ հայթայթելու նպատակով
պահեցողության խստություններից ազատ մնալու արտոնություններ շնորհեցին
ազնվապետական ընտանիքներին,
պայմանով, որ նրանք որոշ գումարներ հատկացնեն
Հռոմի աթոռին: Ապա այս տեղատվությունը հզոր թափ ստացավ Վերածնունդով ու մանավանդ բողոքականության ծագումով,
իսկ մեր ժամանակներում հրապարակ իջած ազատականության, հեղափոխությունների, անհավատության և կրոնական
անտարբերության ծավալումով
իր լրումին հանգեց: Այնպես որ, այսօր ընկերային հին կարգերի և մտայնությունների գրեթե իսպառ փլուզումով պահքն էլ իր նախկին փայլը կորցրեց, առանց, սակայն, կիրարկությունից բոլորովին դադարելու:
Պահեցողությունից հրաժարումն այն աստիճան համատարած
է, որ Հայաստանյայց Եկեղեցու
բարձրագույն իշխանությունը 35 տարիներ առաջ Հայ Եկեղեցու «Բարեկարգության» վերաբերյալ իր զեկույցի մեջ ասում էր. «Կյանքն ինքնին լուծել է պահքի խնդիրը...»:
Սակայն, հակառակ այս իրողության, պահքը չպետք է դադարի իր կրոնական արժեքը և
կարևորությունը
պահելուց: Երբ կրոնական
ինչ-ինչ կարևոր սկզբունքներ և հավատալիքներ,
օրինակ` աղոթքը, ապաշխարանքը, հաղորդությունը և նմանները,
ընկերային լայն խավերի մեջ կորցնում են իրենց գործնական կիրարկումները, ինչպես մեր ներկա ժամանակներում է, երբեք չի նշանակում, որ դրանք ըստ ինքյան նաև իրենց կարևորությունը և արժեքն են կորցնում: Երբ Աստծո Հոգուց այլևս պարպված որոշ աստվածաբաններ հայտարարում
են, թե «Աստված մեռած է» կամ միլիոնավոր զանգվածներ
չեն իսկ անդրադառնում Նրա գոյությանը, երբեք չի նշանակում, որ Աստված արդարև դադարել է գոյություն ունենալուց
և գործելուց: Նույն հանգամանքն է պահեցողության դեպքում:
Շնորհք արքեպիսկոպոս ԳԱԼՈՒՍՏՅԱՆ
Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить