15.11.2011

ՈՎ ՄՈՏ Է ԿԱՆԳՆԱԾ ԵԿԵՂԵՑՈՒՆ, ՏԵՍՆՈՒՄ Է ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՌԿԱ ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔԸ

Հարցազրույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ


-Սրբազան Հայր, աղանդավորական  շարժումը անկոչ հյուրի պես այցելել է  մեր երկիր և անթաքույց իր դիրքերն է ամրապնդում: Երևույթը որքանո՞վ է  հարիր ու պատվաբեր  քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած հայ ազգին: Հայ Առաքելական Եկեղեցին այս հարցում չունի՞ իր մեղքի բաժինը:

-Եկեղեցու պատմության ընթացքին տարբեր ժամանակաշրջաններում հիմնական վարդապետությունից մշտապես շեղումներ եղել են: Դեռ առաջին դարում առաքյալները ստիպված էին պայքարել զանազան շեղված վարդապետությունների դեմ, որոնք փորձում էին տարածվել քրիստոնեական համայնքներում: Այդ համայնքներին ուղղված նամակներում, որոնք Նոր կտակարանյան կանոնի մաս են կազմում, առաքյալները զգուշացնում են հավատացյալներին չշեղվել այն վարդապետությունից, որն ստացել են հավատացյալները հենց իրենցից: Առաքյալները նաև խստորեն դատապարտում են այն կեղծ ուսուցիչներին, ովքեր գաղտնաբար սպրդել են քրիստոնեական համայնքներից ներս: Իսկ այսօր աղանդները սպառնում են ոչ միայն առաջին քրիստոնյա պետությանը, այլև քրիտոնեությանն ընդհանրապես:
Գալով Ձեր հարցի մյուս մասին, պետք է նշել, որ աղանդավորները, որպես կանոն, գրավում են հոգևոր այն տարածքը, որը ժամանակի ընթացքում թուլացել կամ դատարկվել է: Այստեղ ոչ թե մեղավորներ պետք է փնտրել, այլ փորձել հասկանալ, թե երբ է առաջացել այդ դատարկ տարածքը, և ինչն է նպաստել բազմապիսի աղանդավորական շարժումների տարածմանը: Մի կողմից սովետական 70-ամյա բռնապետությունից հետո մեր երկրում հաստատված ծայրահեղ ազատականությունը (դրանով է պայմանավորված նաև մեր օրենսդրության խիստ լիբերալ բնույթը), սոցիալ-տնտեսական վիճակը, աղանդավորական կազմակերպությունների ֆինանսական խոշոր ռեսուրսների ու հոգեբանական տեխնոլոգիաների կիրառումը և մյուս կողմից Հայ Եկեղեցու տկարացած վիճակը պարարտ հող էին ստեղծել աղանդների գործունեության համար: Պատահական չէ, որ աղանդների ակտիվ գործունեության տիրույթը հիմնականում հետխորհրդային տարածքն է:

-Սրբազան, աղանդավորական շարժման դեմ պայքարելու Հայ Առաքելական Եկեղեցու զենքը ո՞րն է, և արդյո՞ք այդ զենքը վաղվա օրվա մեր հոգևոր  անվտանգության երաշխիքն է:

-Աղանդավորության դեպ պայքարի լավագույն զենքը եկեղեցու քարոզչական դաշտի ընդլայնումն է: Այդ ուղղությամբ արդեն երկար ժամանակ է, աշխատանքներ են տարվում: Հոգևորականն այսօր ներկա է մեր կյանքի տարբեր ոլորտներում` հիվանդանոցներ, կրթական օջախներ, քրեակատարողական հիմնարկներ, զորամասեր և այլն: Վերջին տարիներին եկեղեցու գործունեության արդյունքն ակնհայտ է: Այսօր կիրակնօրյա պատարագներին մեծ թվով հավատացյալներ են մասնակցում: Հաճախակի կազմակերպվում են ուխտագնացություններ: Ուրախալի է հատկապես, որ եկեղեցի այցելող հայորդիների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները: Այսօր սեփական Եկեղեցու արժեքի գիտակցումը ձևավորվում է հենց դպրոցից: Սա արդեն երաշխավորում է, որ վաղվա սերունդն ավելի իրազեկ է, ծանոթ եկեղեցու պատմությանը, գիտակցում է եկեղեցու զորացման ճանապարհին իր մասնակցության կարևորությունը, գիտի նաև` ինչպես խուսափել աղանդավորական կազմակերպությունների մեջ ներգրավվելուց:

-Այսօր հայտնվել ենք մի աբստրակտ  վիճակում` մի կողմից  տարեց տարի նկատելի է  Հայ Առաքելական եկեղեցի այցելողների քանակի աճ, ինչը ուրախացնող փաստ է, բայց այդ ուրախությունը լիարժեք չէ, երբ տեսնում ենք թե ինչպեսաչքներիս առաջ  գրանցվում   է  աղանդավորական շարժման հետևորդների քանակի կտրուկ  վերելք

-Այն, որ եկեղեցի հաճախող հավատացյալների թիվը կտրուկ աճել է, մենք ուրախությամբ կարող ենք հաստատել` կռթնելով մեզ մոտ առկա տարբեր վիճակագրությունների հիման վրա: Ինչ վերաբերում է աղանդների քանակի կտրուկ վերելքի մասին Ձեր հարցմանը, կարծում ենք, որ ոչ թե ավելացել է աղանդավորների թիվը, այլ ավելացել են նրանց հարձակողականությունը, ագրեսիան, առավելագույն աղմուկ ստեղծելու ջանքերը` պայմանավորված տարբեր միջազգային կազմակերպությունների ուշադրությունն իրենց վրա սևեռելու ցանկությամբ: Ասվածի լավագույն օրինակն է վերջերս Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում Եհովայի վկաների հարձակումը Տեր Եսայի քահանայի վրա: Պետք է նշել նաև, որ այդ ագրեսիայի պատճառներից մեկն էլ այն է, որ բազմաթիվ հայորդիներ հեռանում են աղանդավորների շարքերից և վերադառնում հարազատ Եկեղեցի:

-Սրբազան Հայր, ըստ Ձեզ` այսօր  չկա՞  այն վտանգը, որ աղանդավորական շարժումն իր մուտքով աստիճանաբար թուլացնում է Հայ Առաքելական Եկեղեցու դիրքերը, որի ելքը այս դեպքում  անկումն է, մինչդեռ դարերի ընթացքում մեր եկեղեցուն ոչինչ ի զորու չի եղել ստիպելու նահանջել ու կորցնել իր դեմքը:

-Պատմությունը ցույց է տվել, որ մեր Եկեղեցին շատ դինամիկ կառույց է. տարբեր ռեպրեսիվ իրավիճակներում կարողացել է շարունակել իր առաքելությունը, անգամ ստանձնել է պետության ղեկավարման գուծառույթներ: Հոռետեսական են մեր Եկեղեցու անկման հետ կապված մտահոգությունները: Նման տպավորություն մեր հասարակության որոշ անձերի մոտ կարող է առաջանալ թերևս կարծեցյալ մտավորականների և իրավապաշտպանների այնպիսի հրապարակումների ազդեցության տակ, որոնց միջոցով փորձ է արվում սևացնել Եկեղեցու անունը, իսկ կատարված հսկայական աշխատանքը ստվերել բամբասանքով և մտացածին դիտարկումներով: Դժբախտաբար նրանց գործելաոճը չի տարբերվում աղանդների իրականացրած աշխատանքներից, և Եկեղեցու անկման մասին նրանց չարագուշակ կանխատեսումներն իրականանալու ոչ մի նախադրյալ չունեն: Ով մոտ է կանգնած Եկեղեցուն, տեսնում է եկեղեցական կյանքում առկա վերազարթոնքը:

-Սրբազան Հայր, ո՞րն է Ձեր կոչը` ուղղված հայ ժողովրդին:

-Կոչ չէ, որ ուզում եմ հղել, այլ մեր խորհրդածությունները կիսել մեր ընթերցողի հետ` կապված Եկեղեցու առաքելության մեջ յուրաքանչյուրիս դերի հետ: Եկեղեցին ուժեղ է, երբ ունի գիտակից, նվիրյալ ու աղոթող հավատացյալ: Երբ Վ. Սարոյանին հարցնում են, թե բացի հայ լինելուց, ուրիշ ինչ ազգի ներկայացուցիչ կուզենար լինել, պատասխանում է` հայ: Նույն կերպ և նույն նվիրումով եթե ամենքս կապվենք մեր Եկեղեցուն և մեզ համարենք Հայ Եկեղեցու իրական հետևորդներ, այնժամ առիթ չենք ունենա անհանգստանալու աղանդավորական հարձակումներից և մեր երկրի պառակտումից: Թող Աստված հեռու պահի ամենքիս չարի փորձություններից, ամեն:

Լիանա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՊԱՌԼԱՄԵՆՏ ամսագիր, 
հոկտեմբեր 2011

3 комментария:

  1. Եկեղեցին Քրիտոսահաստատ և առաքելահաստատ կառույց է, այն չի կարող դադարել իր գոյությունը, քանի որ բացի երկրայինից կառավարվում է նաև երկնային զորությամբ: Իսկ ինչքան ավելի շատ կլինեն աղանդները, այնքան ավելի շատ կծնվեն Տաթևացինեև, Շնորհալիներ և Կողբացիներ:

    ОтветитьУдалить
  2. Կույր մարդը ինչ է խնդրում Աստծուց` երկու աչք:Կույր պետք է լինել,որպեսզի չնկատել,թե որքան հսկայական աշխատանք է այսօր կատարում հայ առաքելական եկեղեցին:Այս մասին են վկայում բազմաթիվ երիտասարդական-քրիստոնեական ծրագրերի իրականացումն ու մասնավորապես երիտասարդների համախմբվածությունը եկեղեցու շուրջ:Եկեղեցու ամեն մի հիմնասյուն մեզնից մեկն է.որքան ամուր է մեր հավատքը,այնքան ամուր է հայ առաքելական եկեղեցին,ուստի եկեք այս պահեցողության շրջանում էլ ավելի ակտիվ լինել աղոթքների մեջ,աղոթելով ինչպես աղանդավորների դարձի գալու,ապաշխարհելու համար,այնպես էլ մեր հոգևորականների զորացման ու հայ առաքելական եկեղեցու ամրության համար:
    Հ.Գ.Շնորհակալություն նյութի հրապարակման համար:

    ОтветитьУдалить