Հ.− Մեր ներկայի ընկերային եւ քաղաքացիական պայմանները չեն ստիպեր կախեալ զգալ եկեղեցիէն։ Ամենուրեք, հայը կրնայ իբրեւ հայ ապրիլ առանց եկեղեցիի հետ պարտադիր կապ հաստատելու։ Մկրտութիւն, պսակ, թաղման արարողութիւն եւլն. հայութեան ինքնութիւնը ապացուցող պայմաններ չեն այլեւս։ Սա կը նշանակէ, որ եկեղեցին այսօր հոգեւոր սնունդին վրայ իր շեշտը դնելու աւելի պատճառ ունի։ Առաւել եւս դրամապաշտ դարձող աշխարհին մէջ մեծ ծարաւ կը մնայ հոգեւոր սնունդը, որ կը սպասենք եկեղեցիէն եւ անկեղծ խօսելու համար՝ ըսենք որ չենք ստանար։
Պ.- Ցաւում եմ ձեր այդ զգացումի համար։ Բայց միանշանակ կարող եմ ասել, որ այսօր եկեղեցին իր կարելիից աւելին փորձում է կատարել` իր առաքելութիւնը մեր ժողովրդի կեանքում իրականացնելու ա՛յն հնարաւորութիւնների մէջ, որ այսօր ունի: Նկատի ունեմ անբաւարար թուով եկեղեցականները, միջոցներն ու հնարաւորութիւնները։ Բայց հայ եկեղեցականն ունի բարձր գիտակցութիւն, նուիրում, սէր, նախանձախնդրութիւն եւ հաւատք ծառայելու իր ժողովրդին, դուրս բերելու այս կացութիւնից, հոգեւոր ապրումն ամրացնելու նրա կեանքից ներս, հոգիներից ներս : Այն արատաւոր երեւոյթները, որոնց անդրադարձ ունեցաք, հետեւանք են այն բանի, որ մեր կեանքից, մեր հոգիներից դուրս ենք մղել Աստծուն։ Երբ Աստուած վերստին բնակուի մեր մէջ, այդ արատաւոր երեւոյթները այլեւս տեղ չեն գտնի մեզանում, մեր կեանքը կը լինի բարօրութեան մէջ, իր ամբողջական լոյսի եւ փառքի մէջ՝ զերծ նման ստուերներից։
Հ.− Հայաստանը կը գոյատեւէ իբրեւ տկար երկիր մը, ուր օտար երկիրներ իրենց ազդեցութիւնը կ՚ուզեն հաստատել նաեւ աղանդներու միջոցաւ։ Ցաւալի եւ անընդունելի երեւոյթ։ Ինչպիսի՞ միջոցներ կը գործադրէք այդ աղանդներէն հեռու պահելու համար ժողովուրդը։
Պ.- Ճանապարհը մէկն է`մեր առաքելութիւնը արդիւնաւէտ կերպով կատարել։ Հաւատում եմ, որ եթէ մենք յաջողենք մեր գործը ամբողջական կերպով իրականացնել մեր հաւատացելոց կեանքից ներս, մեր զաւակների շարքերում, եթէ յաջողեցինք բարուոք արդիւնքի հասնել, ապա նրանք այլեւս աղանդների ետեւից չեն գնայ։ Նրանց գործունէութեան համար այսօր առկայ են մի շարք նպաստաւոր պայմաններ, տնտեսական-ընկերային ծանր պայմաններ, որոնց մէջ տակաւին ապրում է մեր երկիրը։
Մենք դեռեւս ամեն տեղ եկեղեցականներ եւ եկեղեցիներ
չունենք, որ մեր ժողովրդի կողքին լինենք մշտապէս, ճիշդ առաջնորդութիւն ապահովենք նրանց, բացատրելով օտար քարոզիչների նպատակները։ Սա պարարտ հող է նրանց գործունէութիւնն իրականացնելու համար։ Բացի այդ, նկատի ունենանք, որ մենք դեռեւս ամեն տեղ եկեղեցականներ եւ եկեղեցիներ չունենք, որ մեր ժողովրդի կողքին լինենք մշտապէս, ճիշդ առաջնորդութիւն ապահովենք նրանց, բացատրելով օտար քարոզիչների նպատակները եւ անընդունելի քարոզչութիւնը, որ ոչ մէկ կապ ունի մեր ժողովրդի պատմութեան եւ կեանքի հետ։ Ուրախ եմ ասելու, որ այնտեղ որտեղ մենք կարողանում ենք եկեղեցի հաստատել, հոգեւորական նշանակել, այնտեղ անմիջապէս զգալի կերպով աղանդաւորները նուազում են, եկեղեցին զօրանում է, ժողովուրդը համախմբւում է եկեղեցու եւ հայ հոգեւորականի շուրջ։ Այսօր մեր եկեղեցիները, փառք Աստծոյ, լեցուն են մեր ժողովրդի հաւատաւոր զաւակներով։ Մենք տեսնում ենք մեր ժողովրդի հոգեւոր վերարթնութիւնը: Եւ հոգեւոր վերարթնութիւն ապրող մեր զաւակներին միայն ճշմարիտ արժէքներով ու պատգամներով սնուցելու ու դաստիարակելու ճանապարհով կարող ենք նրանց զերծ պահել աղանդներից:
Հ.− Սակայն խորունկ հաւատքէ աւելի սնապաշտութիւն եւ աւանդապաշտութիւն կը տեսնուի այդ հաւատացեալ կոչուած հաւաքականութեան մէջ։
Պ.- Մեր հաւատացեալ զաւակների մօտ այդ երեւոյթները, որոնք թուարկեցիք, ինչ-որ չափով առկայ են։ Դա հետեւանք է այն բանի, որ նրանց հաւատքը լուսաւորուած չէ, այդ խնդրի մասին մենք արդէն խօսեցինք։ Սերունդներ շարունակ մեր զաւակները անհրաժեշտ գիտելիքներ եւ կրթութիւն չեն ստացել, ինչը եւ տեղիք է տուել սնոտիապաշտական երեւոյթների։ Բայց, փառք Աստուծոյ, այսօր նշմարելի կերպով մենք տեսնում ենք որ եկեղեցական կեանքի իմացութիւնը տարեցտարի զօրանում է։ Մարդիկ աւելի սկսում են տիրապետել իրենց հաւատքի բովանդակութեան, ճանաչում են իրենց եկեղեցին իր ամբողջական վարդապետութեամբ ու աւանդոյթներով։
Հ.− Դուք իբրեւ ամբողջ հայ ժողովուրդին հոգեւոր հայրը, ինչպիսի՞ ձեւով կ՚ընդունիք այն հոգեւորականը որ փոխանակ լուսաւորելու հաւատացեալը, կը գայթակղեցնէ իր վարմունքով, կեցուածքով, անբարոյականութեամբ։
Պ.- Ինչպէս աշխարհիկ կեանքում, այնպէս էլ հոգեւոր կեանքում, լինում են սխալներ, թոյլ են տրւում զանցանքներ եւ շեղումներ : Դրանք մեր կողմից համապատասխան վերաբերմունքի են արժանանում ըստ յանցանքի ծանրութեան աստիճանի։ Կիրառւում են տարբեր միջոցներ` անդրադարձումի առաջնորդելու համար եկեղեցականին անյարիր վարք ունեցողներին: Տեղի են ունենում զրոյցներ, յորդոր պատգամով աշխատանք է տարւում` ցոյց տալու իրենց որդեգրած սխալ ընթացքը, ետ կանգնեցնելու նրանց այդ ընթացքից։ Այս բոլոր կերպերը մեր թեմակալ առաջնորդների եւ մեր կողմից, իբրեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս, կիրառութեան մէջ են դրւում` զերծ պահելու համար մեր եկեղեցականութեանը սխալ ընթացքներից։
Վերջին տարիների ընթացքում բաւական թուով եկեղեցականների ենք կարգալոյծ հռչակել, ովքեր շեղուել են իրենց ուխտից։ Հոգեւորականը, եթէ չի վերանայում իր ընթացքը կամ ծանր յանցանք է թոյլ տուել, որ հնարաւոր չի դարձնում իր յետագայ սպասաւորութիւնն եկեղեցական ասպարէզում, դուրս է դրւում եկեղեցական ծառայութիւնից։ Վերջին տարիների ընթացքում բաւական թուով եկեղեցականների ենք կարգալոյծ հռչակել, ովքեր շեղուել են իրենց ուխտից, անհաւատարիմ են գտնուել իրենց կոչմանը, ովքեր ոչ միայն գայթակղութիւն են դարձել հաւատացեալի համար, այլ նաեւ ուղղակիօրէն պատճառ դարձել, որ հաւատացեալը եկեղեցուց իր երեսը դարձնի։
Ցաւօք, չենք կարող բացառել նման երեւոյթները մեր եկեղեցական կեանքում։ Դա եղել է առաքելական շրջանում եւ լինելու է մեզանից յետոյ։ Հանրային կեանքի մէջ ապրող անհատներ են եկեղեցականները, շփւում են մարդկանց հետ, ոմանք կայուն են նկարագրով եւ ամուր իրենց հաւատքի մէջ, հաւատարիմ են իրենց ուխտին, ուրիշներ տկար են, գայթակղւում եւ սայթաքում են։ Եկեղեցականներ ունենք, որ նաեւ ինքնակամ թողնում են եկեղեցական ասպարէզը։ Ցաւօք, կարգալոյծ եղածների մէջ այս եկեղեցականները մեծամասնութիւն են կազմում : Իւրաքանչիւր պարագայում մենք մեծ ցաւ ենք ապրում, որովհետեւ հոգեւորական պատրաստելու համար հսկայական ջանքեր ու միջոցներ են գործադրւում եւ մեզ համար թանկ է նրանցից ամեն մէկը: Մեր ճիգը պէտք է լինի նուազեցնել եւ ի սպառ վերացնել բոլոր այդ երեւոյթները:
Հ.− Անկախացումէն ետք, մանաւանդ Սփիւռքի նախարարութեան ստեղծումով, վկայ եղանք այնպիսի արտայայտութիւններու, որոնք հայ ինքնութիւնը կապեցին հայ առաքելական եկեղեցիի պատկանելութեան։ Հայ Առաքելական եկեղեցւոյ կողքին գոյութիւն ունին նաեւ հայ կաթողիկէ եւ հայ աւետարանական եկեղեցիները։ Նաեւ կան հայեր որոնք ոչ մէկ եկեղեցիի կը պատկանին։ Դուք ինչպիսի՞ բացատրութիւն կու տայիք նման արտայայտութիւններուն։
Պ.- Մեր ժողովրդի արժէքային համակարգը ստեղծողը, կերտողը դարեր շարունակ եղել է Հայ Առաքելական եկեղեցին։ Այդ իմաստով են արւում նման յայտարարութիւնները, որոնցով ընդգծւում է Հայ Առաքելական Եկեղեցւոյ դերը եւ նշանակութիւնը ազգային ինքնութեան ձեւաւորման ու պահպանութեան գործում։ Չենք կարծում, որ դրանով բացառւում է այլ կրօնական կառոյցների նպաստը, դերը եւ նշանակութիւնը մեր ազգային կեանքի մէջ։ Բայց անհերքելի է, որ մեր արժէքային համակարգը ձեւաւորուել եւ կերտուել է Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքոյ։ Հայ Եկեղեցին հիմնախարիսխն է հայ ինքութեան եւ նրա պահպանութեան։
Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան մէջ շատ յստակ է գրուած այդ բանաձեւումը. Եկեղեցին ազգային եկեղեցի է, Եկեղեցին 1700 տարի քայլել է այս ժողովրդի հետ, առաջնորդել նրա կեանքը, կրթել ու դաստիարակել է իր զաւակներին, ձեւաւորել է արժէքային համակարգը, նրա դիմագիծը եւ ինքնութիւնը։ Եւ այսօր շարունակւում է այդ սրբազան առաքելութիւնը։
Հ.− Բայց ուրիշ երեւոյթներ ալ աւելցած են պատմութեան ընթացքին։
Պ.- Անկախ ամեն ինչից հայ ժողովրդի իւրաքանչիւր զաւակի մենք ընկալում ենք իբրեւ հարազատի եւ գնահատում ենք։ Այսօր Հայ եկեղեցին նուա՞զ գնահատանք է արտայայտում մխիթարեանների ծառայութեան կամ ազգային կեանքում կարեւոր ներդրում ունեցած այլ արժանաւոր եկեղեցականների կամ հաւատացեալ անձերի, որ հայ առաքելական եկեղեցու անդամ չեն։ Բազում հայորդիներ կան, որոնք Հայ Առաքելական եկեղեցու զաւակ չեն, բայց հայոց հայրապետների գնահատանքների եւ շքանշանների են արժանացել։ Մենք ճիշդ պէտք է ընկալենք այն հաստատումը, որ կատարուած է Հայաստանի Հանրապետութեան օրէնքով ու սահմանադրութեամբ։
«Նոր Յառաջ», Հոկտեմբեր 4, թիւ 272
Տեսակցեցաւ՝
ՆՈՐԱ ՊԱՐՈՒԹՃԵԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий