27.09.2011

«Քրիստոնյա զինվորը սիրում է իր հայրենակցին, իր զինակցին, օրինապահ ու կարգապահ է»


Զինված ուժերում հոգևորականների դերի, ՀՀ անկախության 20 ամյակի կապակցությամբ տեղի ունեցած զորահանդեսում նրանց մասնակցության առնչությամբ Panorama.am-ը զրուցեց  Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ:
-Հայր Ռուբեն, ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանում տեղի ունեցած զորահանդեսին մասնակցում էր նաև հոգևորականների խումբ: Ձեր կարծիքով, հասարակությունն ինչպե՞ս ընդունեց դա:
-Ընդհանուր առմամբ` շատ լավ, ավելին` շատերի համար զորահանդեսի ամենահուզիչ պահը հենց հոգևորականների հրապարակ մտնելն էր: Եվ երբ տղաները դուրս են եկել հրապարակից` ուղղություն վերցնելով դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, ճանապարհի եզերքին խռնված ժողովրդի հոծ բազմությունը ծափողջույններով է նրանց դիմավորել: Անկախության հոբելյանական զորահանդեսին հոգևորականների մասնակցության մեջ զարմանալու ոչինչ չկա: Հոգևորականներ մասնակցել են Արցախյան հերոսամարտին, իսկ 1997թ-ից սկսած պաշտոնական համաձայնագրով Հայ Առաքելական Եկեղեցին իր կայուն հոգևոր սպասավորությունն է իրականացնում ՀՀ զինված ուժերում: Այս ընթացքում հայոց բանակում հոգևորականների թվաքանակը բավական աճել է` հասնելով 45-ի: Իսկ ի՞նչ է զորահանդեսը. ուժի ցուցադրություն, ռազմական պատրաստվածության ստուգատես` հաչս աշխարհի և սեփական ժողովրդի: Եթե հոգևորականը բանակի մաս է կազմում, իսկ զորահանդեսին բանակը ներկայանում է իր ամբողջականության մեջ, հետևապես շատ բնական է նաև հոգևորականների ներգրավվածությունը այդ կարևոր միջոցառմանը: Այս զորահանդեսի ակնառու նորությունը հենց հոգևորականների մասնակցությունն էր, ընդ որում կամավորներից հետո առաջին շարքերում, ինչը ցույց է տալիս, որ մեր եկեղեցին ակտիվորեն ներգրավված է բանակաշինության գործում և ծառայում է իր ժողովրդին: Հետևաբար, ովքեր զարմացած են այդ փաստով, պիտի ասեմ, որ չզարմանալու համար առողջ տրամաբանություն կամ փաստերին չպղտորված հայացքով նայելու ցանկություն է հարկավոր:

-Իսկ առհասարակ ինչպե՞ս կգնահատեք հոգևորականների ներկայությունը բանակում:
-Ես ինքս ծառայել եմ բանակում, սպասավորել եմ երկու զորամասերում 2004-2006թթ.: Նախ, հոգևորականի փորձառության առումով է շատ կարևոր, որովհետև բանակը հոգևորականի հովվական աշխատանքի բարդագույն ասպարեզներից է: Առկա են մարդկային հարաբերությունների մի շարք վեկտորներ, որոնցում հոգևորականը պետք է հմուտ լինի՝ դրանք կարգավորել կարողանալու համար` հոգևորական-զինվոր հարաբերություն, հոգևորական-սպայակազմ հարաբերություն, հոգևորական-զորամասի հրամանատար հարաբերություն: Մյուս կողմից` զինվորի ազգային-հոգևոր պատրաստության տեսանկյունից. ինչքան էլ սպառազինվենք, միևնույն է, եթե մեր մարտական ոգին բարձր չլինի, զենքը չի օգնի: Խոսուն օրինակներ ունենք հենց մեր պատմությունից. բոլոր այն ճակատամարտերում, երբ հաղթանակ ենք տարել, մենք քանակապես զիջել ենք հակառակորդին, և հաղթանակն ապահովել ենք մեր մարտական ոգու շնորհիվ: Արցախյան հերոսամարտի ընթացքում մեր զինվորը կռվում էր իր հողի համար: Ես չգիտեմ՝ ադրբեջանցին կամ նրա վարձկանն ինչի համար էին կռվում, բայց մեր զինվորը, մեր կամավորը մարտնչում էր իր հարազատ հողի համար, այսինքն` նրա մեջ բարձր էր նվիրվածությունն իր հողին և հայրենիքին, իսկ քրիստոնեությունն ի՞նչ է ավանդում, հոգևորականն ի՞նչ է քարոզում զինվորին` աստվածսիրություն, հայրենասիրություն, ազգասիրություն: Ի դեպ, լավ հայրենասերը լավ քրիստոնյան է. եթե մեր զինվորը լավ քրիստոնյա է, ուրեմն օժտված է հայրենիքին ու ժողովրդին ծառայելու գիտակցությամբ, այն գիտակցությամբ, որ հայրենիքն սկսվում է իր ընտանիքից, իր շրջապատից, իր սրբություններից, որ հայրենիքը վերացական գաղափար չէ, և կարոտ է մեր պաշտպանության ու մեր հոգածության, քրիստոնյա զինվորը սիրում է իր հայրենակցին, իր զինակցին, օրինապահ ու կարգապահ է: Հոգևորականը նախ և առաջ սա է փորձում փոխանցել զինվորին:
Իմ առաջին աշխատանքը եղել է նորակոչիկների հետ, որոնց հետ աշխատում էի ավելի ինտենսիվ, քանի որ նախևառաջ նրանք ունեն գիտակցության խնդիր: Թողած ընտանեկան ջերմություն, ազատ կյանք, ընկերներ՝ գալիս են զորամաս, տարբեր հոգեբանության, տարբեր մտածելակերպի տղաներ, ովքեր ինքնահաստատվելու, միջանձնային հարաբերությունները կարգավորելու, անձնապես հարմարվելու խնդիրներ ունեն: Հոգևորականի դերն այս առումով շատ մեծ է: Նախ, բարձրացնելու գիտակցությունը, թե ինքն ինչու է ծառայելու և այս երկու տարին ինչի համար են, քարոզելու եղբայրություն միմյանց նկատմամբ, հոգալու հոգևոր կարիքները: Ի դեպ, հոգևորականների հետ կիսվում են նաև թե՛ ընտանեկան խնդիրներով, թե՛ անձնական: Եթե հոգևորականին վստահեցին, ապա վերջինս նրանց համար դառնում է մտերիմ ընկեր և հայր: Ես չեմ հետևել վիճակագրությանը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ եթե բանակում չլինեին հոգևորականներ, անցանկալի միջադեպեր գուցե ավելի շատ արձանագրվեին: Իհարկե ցավալի է, որ միջադեպեր լինում են, մենք մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք, մեր բոլոր ջանքերը մեկտեղենք՝ բանակում նման ցավալի դեպքերը նվազագույնի հասցնելու համար: Եվ այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ նման իրավիճակի մեղավորները պատժվեն՝ անկախ զինվորական աստիճանից: Որովհետև երբ մեղավորը չի պատժվում, սա քաջալերում է մյուսներին: Ուրախալի է այն փաստը, որ մեր բանակում ինտելեկտուալ ներուժն է ավելանում, այսինքն կան կրթված սպաներ, ովքեր զինվորների հետ վերաբերվելու ձև գիտեն: Զինվորի հետ չի կարելի վերաբերվել որպես ստրուկի: Այս մասին հոգևորականը միշտ զգուշացնում է, եթե նման իրավիճակ է լինում: Զինվորին չի կարելի հայհոյել, չի կարելի նվաստացնել: Նվաստացած զինվորը չի կարող հայրենիքի սահման պաշտպանել:
-Ինչպիսի՞ խնդիրների հետ է առնչվում հոգևորականը բանակում:
-Բանակը ինքը մեր հասարակության հայելին է, որտեղ արտահայտված են նույն հասարակության բոլոր լավ ու վատ կողմերը: Միևնույն խնդիրը, ինչ հոգևորականն ունի հասարակության մեջ, այն էլ ունի բանակում: Բայց պիտի նշեմ, որ այսօր բանակում են նոր սերնդի հոգևորականները, ովքեր լավ հասկանում են 18-20 տարեկան տղաների հոգեբանությունն ու աշխարհընկալումը: Կան որոշ երևույթներ՝ դրսից բանակ ներմուծված, որոնք առնչվում են այսպես կոչված «գողական» կյանքին, չաշխատելու և ուրիշին աշխատեցնելու երևույթին: Այո´, հոգևորականը ուժերի գերլարում պետք է գործադրի, ճիշտ ընկալում մատուցելով, նման երևույթները նվազեցնել: Մյուս խնդիրն առնչվում է սպաներին: Հոգևորականը չի կարող անտարբեր անցնել սպայի կողմից զինվորի նկատմամբ դրսևորած հավանական նվաստացուցիչ արարքի կողքով: Սակայն, ընդհանուր առմամբ՝ ԶՈՒ բարձրագույն ղեկավարության կողմից կարևորվում է հոգևոր սպասավորության դերը բանակում և արժանանում համապատասխան բարյացակամ վերաբերմունքի:
-Հայր Սուրբ, մամուլում զորահանդեսին հոգևորականների մասնակցության առնչությամբ որոշ բացասական հրապարակումներ եղան բանակի մարտունակության և եկեղեցու քարոզչության անհամատեղելիության մասին: 

-Անկեղծ ասած՝ չէի ցանկանա դրանց ուշադրություն դարձնել, քանի որ այդ հրապարակումներում առկա տեսակետները չեն արտահայտում հասարակության ընկալումները և ընդամենը որոշ մարդկանց «պայծառ» ուղեղների փայլատակումներ են: Նման մարդկանց խորհուրդ կտայի վերցնել-կարդալ մեր ժողովրդի պատմությունը, այնուհետև գնալ զորամաս, տեսնել, թե հոգևորականն ինչպես է աշխատում, թեև թերահավատ եմ, որ նրանք բանակի մտահոգությունից մղված են նման անդրադարձներ կատարում:
Այ, կուզենայի անդրադառնալ քրիստոնեության երկու հայտնի պատվիրաններին` «Մի´ սպանիր» և «Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, մյուս երեսդ էլ դարձրո´ւ նրան», որոնց սխալ մեկնաբանությամբ որոշ մարդկանց մոտ մտայնություն է առաջացել, թե իբր եկեղեցու քարոզչությունը թուլացնում է զինվորի, բանակի մարտունակությունը, դիմադրողականությունն ու ուժը: Քրիստոսի խոսքը նախևառաջ վերաբերում է միջանձնային հարաբերություններին: Չսպանելու պատվիրանը նախ հարկավոր է գործադրել մեր ներքին հասարակական կյանքում, նույնը վերաբերում է նաև մեր հակառակորդ ժողովրդի հասարակության բարոյական մակարդակին: Քանի դեռ այս երկու պատվիրանները ներքին հասարակական հարթության վրա լուծված չեն, անիմաստ է խոսել պատվիրանների միջազգային մակարդակում գործադրելու մասին: Բացի դրանից՝ «Մի սպանիր» պատվիրանի կողքին ունենք հավասարազոր մեկ այլ պատվիրան` «Պատվիր քո հորն ու մորը»: Հիմա, եթե թշնամին մահացու սպառնում է քո հորն ու մորը, դու ո՞ր պատվիրանն ես կատարելու: Քրիստոնեական հավատը, արժեքները, մեր երկիրը, սրբությունները մեր ժառանգությունն են՝ դրանք պահպանելու մեր պարտականությամբ: Հետևաբար, սրանց դեմ որևէ ոտնձգություն չի կարելի թույլ տալ: Վարդանանց պատերազմը կենդանի մեկնությունն է վերոնշյալ պատվիրանների, գործով ցույց տրված մեկնությունը: Եկեղեցական ընկալման մեջ հենց այդպես էլ ընդունվել է, քանի որ հանուն հավատի և հանուն հայրենիքի ընկած Վարդանանց քաջերը սրբադասվել են և ներառվել եկեղեցական օրացույցի մեջ: Վարդանանց սխրանքն օրինակ է դարձել մեր հետագա բոլոր հերոսամարտերի համար: Սարդարապատի հերոսամարտի նախօրյակին, երբ Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսին առաջարկվում է հեռանալ Մայր Աթոռից, քանի որ վերջինս վտանգի մեջ էր, նա ի՞նչ է պատասխանում. «Եթե հայոց զինվորությունը չի կարողանա թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ իր սրբությունները փրկել, ուրեմն թող ես նահատակվեմ հենց այստեղ, շեմի վրա Մայր Աթոռի»: Եվ կարգադրում է հնչեցնել եկեղեցու զանգերը՝ բոլորին հրավիրելով մարտի դաշտ: Նույնիսկ հոգևորականների զորախումբ կար, որը կռվում էր կրակի ամենաթեժ գծում:
Որպես ամփոփում, իմ շնորհավորանքն եմ ուզում փոխանցել մեր ժողովրդին՝ խաղաղության ու բարօրության բարեմաղթանքով, մեր զինվորներին` հատկապես նրանց, ովքեր սահմանամերձ շրջաններում են, վտանգի առջև՝ մաղթելով Աստծո օրհնությունը, Աստծո ներկայությունն իրենց կյանքում, որպեսզի իրենց ծառայությունն անցկացնեն անփորձանք: Աստվածային օրհնություն ու համբերություն եմ մաղթում նաև զինծառայողների ծնողներին:
Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий