Սեպտեմբերի 17-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրա•ույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր երիտասարդական ուխտերթ դեպի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առիթով:
Ուխտերթի մասնակից շուրջ 3000 երիտասարդներ` Հայաստանի և Արցախի թեմական երիտասարդական միություններից և ԲՈՒՀ-երից, թմբուկների և փողհարների ուղեկցությամբ, ազգային երգերի կատարումների ներքո, Ազատության հրապարակից խաչվառազարդ թափորով շարժվեցին դեպի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի:
Այս առիթով Երևանի մայր եկեղեցի էր ժամանել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ում հանդիսապետությամբ կատարվեց երիտասարդների օրհնության կարգ:
Մինչ արարողության սկսելը երիտասարդներին եկեղեցում ողջունեց Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ապա հրավիրեց Վեհափառ Հայրապետին իր օրհնությունը բաշխելու այս առիթով Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած հազարավոր երիտասարդներին:
Տերունական աղոթքից հետո Նորին Սրբությունն եպիսկոպոսաց դասի առընթերակայությամբ օրհնեց եկեղեցասեր երիտասարդությանը, ապա Հայրապետական իր պատգամը հղեց ներկաներին:
Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքում մասնավորապես ասվում էր. <<Սիրելի զավակներ Մեր,
Ուրախություն է Մեզ համար այսօր ձեզ համախմբված տեսնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու նվիրական կամարների ներքո: Հայրապետական սիրով մեր օրհնություններն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ բոլորիդ և Մեր բարձր գնահատանքը` բարեպաշտ երիտասարդներիդ գովելի այս նախաձեռնությանը:
Հայաստանի Հանրապետության 20-ամյակի բերկրալի տոնին ընդառաջ, դուք, սիրելիներ, խանդավառությամբ աղոթքի եք ելել հանուն հայոց պետության զորացման` ձեր հոգում հնչեցնելով` <<Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ, օրհնեցեք անունը Տիրոջ>> աստվածաշնչյան պատգամը: Հավատքն առ Աստված, սերն առ ազգս հայոց և ծառայությունը հայրենիքին ու Եկեղեցուն` այս է ուխտը մեր հայրերի, որ այսօր ձեզ հետ միասին պիտի նորոգենք այս սուրբ տաճարում: Այս ուխտով ու հավատո գործերով է, որ հայկական <<փոքր ածուն>> դիմագրավել է մարտահրավերներին ու արհավիրքներին ժամանակների, շենացրել է Հայրենին, վերահաստատել իր պետականությունը: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ամեն կարելիությամբ մշտապես սատարել է հայրենի պետությանը և անցած երկու տասնամյակներում էլ, գտնվելով մեր անկախ պետականության վերահաստատման ու կայացման ակունքներում, զորակցել է նրա կերտմանն ու ամրապնդմանը:
Տոնական այս օրերին խնդությամբ է լցված համայն մեր ժողովրդի հոգին: Հայոց պետականության վերահաստատումը հարյուրամյակների մեր ազգային երազանքի լրումն էր: Պետության անկախության հիմքը ազատությունն է, որը, սիրելիներ, աստվածային բացառիկ շնորհ է: <<Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է>> (Բ Կորնթ. 3.17),- ասում է առաքյալը, ազատություն չարիքից, կեղծիքից, անարդարությունից: Հոգևոր այս ազատությունը կամրապնդի հիմքերը մեր պետության, կպաշտպանի և նպաստ կբերի հայրենի մեր երկրին: Մեր անկախության քսան տարիների ընթացքին արձանագրվել են բազմաթիվ ձեռքբերումներ, սակայն այսօր մեր երկիրը դիմագրավում է նաև դժվարին փորձությունների ու մարտահրավերների: Տակավին իրենց արդարացի լուծմանն են սպասում Արցախյան հիմնախնդիրը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Հայրենական մեր կյանքում հաղթահարված չեն տնտեսական-սոցիալական դժվարությունները, մեր ժողովրդին տարանջատում են Հայաստանը քարոզչության համար խոպան տարածք նկատող կրոնական կազմակերպությունները: Սիրելիներ, այսօր մեր երկիրը կարիքն ունի իր սիրասուն զավակների հոգածության, որպեսզի շենանա, հզորանա և բարգավաճի: Յուրաքանչյուր առողջ հասարակության շարժիչ ուժը նաև երիտասարդությունն է` իր անսպառ աշխատասիրությամբ, մտքի թռիչքով, նախաձեռնությամբ, նվիրումով և լավատեսությամբ: Այսօրվա երիտասարդը մեր վաղվա պետական գործիչը, գիտնականը, մանկավարժը, բժիշկը, զինվորականն ու հոգևորականն է, որոնց ձեռքերում են գտնվում դեռևս երիտասարդ մեր հայրենիքի վաղվա առաջընթացն ու նվաճումները: Մեր անկախությունը առավել արդյունավորելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի ու նաև երիտասարդ մեր զավակների պատասխանատվության զգացումը Աստծո, հարազատ երկրի ու ժողովրդի առջև: Ուրախ և քաջալեր է Մեր հոգին, որ դուք այդ գիտակցությամբ եք այսօր միավորել ձեր աղոթքները: Մեր հավատարմությունը Հայրենիքին, մեր ազգային ինքնագիտակցությունն ու հոգևոր անվտանգությունը երաշխավորված է Եկեղեցու շուրջ համախմբումով:
Սիրելի երիտասարդներ, դուք այսօր մասնակցեցիք ուխտի քայլերթի, որն ուղեկցվում էր հոգևոր շարականների երգեցողությամբ: Այդ ճանապարհը, որ անցաք Ազատության հրապարակից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, նման է մեր ժողովրդի պատմական ուղուն: Ազատության սերը հոգում մեր ժողովուրդը քայլեց դեպի եկեղեցի, իր աղոթքը բարձրացրեց առ Աստված և Բարձրյալի ողորմությամբ վերահաստատեց հայրենի անկախ պետականությունը ու նրա հովանու ներքո հոգևոր իր կյանքը պայծառացրեց:
<<Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ, օրհնեցեք անունը Տիրոջ>>: Թող սաղմոսի այս կոչը արձագանքի ձեզանում, որպեսզի աստվածսիրությամբ նաև հաստատուն լինեք բարեպաշտության, ազգասիրության ու հայրենասիրության մեջ: Սիրելի զավակներ Մեր, Հայոց Հայրապետիս հորդորն ու պատգամն է ձեզ, որ անշեջ պահեք հավատքը և անսասան` հայրենասիրությունը ձեր հոգիներում, լինեք առաքյալներ հայության մեջ` ձեր ոգեշունչ, ազգօգուտ գործունեությամբ խնամելով երկիր հայրենին, հավելելով սերն ու համերաշխությունը համազգային կյանքում: Ապրեք այնպես, որ մեր ժողովուրդը միշտ հպարտ լինի ձեզանով, և ձեր աշխատասիրությունը, հայրենանվեր ընթացքը և հավատքի բեղուն գործերը լուսառատ նոր հորիզոններ բացեն գալիք սերունդների համար>>:
Խոսքի ավարտին Նորին Սրբությունը շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձի առիթով` մաղթելով, որ Երկնավոր Տերը զորություն ու շենություն շնորհի մեր հայրենի անկախ երկրին, բարօրություն ու առաջընթաց` աշխարհասփյուռ հայ ժողովրդին:
Արարողությունից հետո մայր եկեղեցու բակում տեղի ունեցավ համերգ-տոնախմբություն:
Համերգի ընթացքում կատարումներով հանդես եկավ ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի փողային նվագախումբը, հոգևոր ու ազգային երգեր ներկայացրեցին Արարատյան Հայրապետական թեմի <<Արարատ>> միության երգչախումբը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողները, ելույթ ունեցան մի շարք պարային համույթներ:
Արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակիցներ, ՀՀ պետական և մասնավոր բուհերի ռեկտորներ:
Խոսքեր չունեմ, անբացատրելի զգացողությններս վերապրեցի, Արսեն ջաաաան, շնորհակալ եմ :)))))))))
ОтветитьУдалитьՄիշտ պիտի այդ հավատքը պահել և ոչ թե մի օր
ОтветитьУдалить