04.08.2011

ԱՆՀԱՎԱՏԻ «ՏՆՕՐԻՆԱԾ» ՀԱՄԱՅՆՔՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ


Նիսի հայ համայնքում խնդիրներն ավելանում են, իսկ որպես պատճառ նշվում է աշխարհի պես հին մի իրողություն` դրամը, եւ քաղաքական խաղերը
Այն, ինչ տեղի է ունենում եվրոպական որոշ հայկական համայնքներում եկեղեցու առնչութամբ, դարձել է մեծագույն մտահոգության առարկա: «Ազգը» ներկայացնում է հարցազրույց Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում իր հոգեւոր ծառայությունը իրականացնող Վաչե քահանա Հայրապետյանի հետ, որը նախկինում սպասարկում էր Նիսի աղմկահարույց համայնքը: Արդեն 6 ամսից քիչ ավելի է, ինչ Ստրասբուրգում հայերը հայ եկեղեցու պատարագի մասնակցելու հնարավորություն ունեն: Հայկական եկեղեցին արդեն գրանցվել է, պատկանում է Ֆրանսիայի թեմին, հաջողվել է կաթոլիկ եկեղեցիներից մեկի մի հատվածը անվճար տնօրինել արարողությունների համար: Ստրասբուրգի հայ երիտասարդներն արդեն ուզում են Ստրասբուրգի հայության երիտասարդաց միություն ստեղծել:

- Տեր Վաչե, Նիսի համայնքում Ձեր գտնվելու ընթացքում Ձեր հասցեին հնչել են տարբեր մեղադրանքներ` հոգեւորականին անհարիր պահվածքից ու մաֆիայի հետ հարաբերություններ ունենալուց մինչեւ զենքի վաճառք, անգամ լուրեր, թե Ձեզ ներկայացվել են իրավապահների կողմից մեղադրանքներ: Ի՞նչ կասեք այդ մեղադրանքների առնչությամբ:
- Ես չգիտեմՙ որտեղից են նման լուրեր տարածվում, բայց Նիսի համայնքի հետ ես շփվել եմ, շատ ընտանիքներ բերել եմ դեպի եկեղեցի: Իմ շփումները ժողովրդի հետ եղել են եկեղեցու սահմաններից ներս: Եկեղեցի շատ մարդիկ են գալիս, արարողություններ են լինում, նկարվում են հոգեւորականի հետ: Ես չգիտեմ, թե ինչ կյանքով են նրանք ապրում դրսում, մենք նրանց դիտում ենք որպես եկեղեցի եկող մարդկանց, ես լուր անգամ չունեմ, թե ում են որակում մաֆիոզ եւ այլն:
- Առավելապես այդ լուրերի տարածման աղբյուրը Նիսի եկեղեցական խորհուրդն է, որն էլ պնդում է, թե խնդիրներ ունեք իրենց հետ:
- Երբ 2003-ին Էջմիածնից նշանակվեցի Նիս, Ֆրանսիայում թեմ չունեինք: Քանի որ թեմ չկար, ամեն մի ծուխ շարժվում էր իր հորինած կանոնադրությամբ, նույնըՙ Նիսում: Այնտեղ կանոնադրության մեջ նույնիսկ կետ կար, թե հոգեւորականը վարձու աղոթող է, ու առաջին ժողովում էլ ինձ ասացին, որ դեմքդ կուղղես խորան, եկեղեցու դռնից դուրս ոչ մի բանի մեջ իրավունք չունես խառնվելու` անկախ հանգամանքներից: Սա ինձ համար շատ խորթ էր, քանի որ մենք գնում ենք ոչ միայն աղոթելու, այլեւ աղոթքը կյանքի կոչելու, հաղորդ լինելու եկեղեցուն, համայնքին առնչվող խնդիրներին, բայց դա էլ էին արգելում, մերժում էին որեւէ հաշվետվություն ներկայացնել թեկուզ եկեղեցու ունեցվածքի առնչությամբ, ասելով, որ «դա քեզ չի վերաբերում»: Ես փորձում էի համբերությամբ, երբեմն կլլելով շտկել վիճակը, բայց իրենք անդրդվելի էին: Դրսեւորումները լրջացան, երբ թեմական հարցը դրվեց իրենց առջեւ, այսինքնՙ Ֆրանսիայում ձեւավորվեց թեմ, իսկ բոլոր ծուխերն էլ պետք է ընդունեին նույն կանոնադրությունը: Դա սկսվեց 2004-ին, եւ 2005-ին սկսվեցին գործնական քայլերը: Նիսը շատ ընդդիմացավ:
- Որն էր այդ ընդդիմանալու հիմնական պատճառը:
- Ծխական խորհրդի ասելովՙ հոգեւորականը եկեղեցու կյանքից ներս ոչ մի ձայն չպետք է ունենա, այլ միայն լինի աղոթող, որին ամսական վճարում են: Ծխական ժողովներին վիրավորում էին հոգեւորականին, ասում, թե` ի՞նչ կաթողիկոս, մենք ենք ամեն ինչ որոշողը, վճարում ենք ու վերջ, մինչդեռ ամեն ինչի համար էլ ժողովուրդն է գումար տրամադրում:
- Այսինքնՙ ծխական խորհրդի անդամները ամենայն հանգստությամբ տնօրինո՞ւմ էին ժողովրդի նվիրատվությունները` որպես սեփական, հաշվի չառնելով ոչ մեկին:
- Եկեղեցուն ինչ որ նվիրում էին, հոգեւորականն իրավունք չուներ իմանալու: Ես ընդվզում էի, որ եթե բաց են իրենք ու մաքուր, ինչի՞ց են վախենում, ինչո՞ւ չեն հաշվետու լինում ժողովրդի առջեւ: Ծխական խորհրդում 11 հոգի է, հոգեւորականը` մեկ, բայց իմ խոսքերին հակադարձում էին, թե կղերապետությո՞ւն եք ուզում: Ի՞նչ կղերապետության մասին է խոսքը, երբ իմ ձայնը միայն մեկն է: Հոգեւորականը չի որոշում, բայց պետք է մասնակցի, ինչին իրենք դեմ էին: Ընդ որում, համայնքում էլ ներազգային ռասիզմ է ձեւավորվել, որոշ պոլսահայեր են համայնքը վերցրել իրենց ձեռքը արդեն 25 տարի: Պոլսահայերի համար բոլոր լիբանանահայերը դաշնակ են, չպետք է մտնեն համայնք, հայաստանցիներն էլ բոլորը ավազակներ են, ոչ տեղ ունեն, ոչ ձայն համայնքում, թեեւ բավականին շատ են, այնքան, որ, օրինակ, եթե չլինեին հայաստանցի հայերը, ֆրանսիական պետությունը աշակերտների սակավության պատճառով կփակեր Պարսամյան դպրոցը. 11 աշակերտ էր մնացել, իսկ երկու տարի առաջ արդեն հասել էր մոտ 80-ի:
- Համայնքի` պոլսահայ, լիբանանահայ, հայաստանցի ի՞նչ թվաքանակի մասին է խոսքը, կա՞ն նման տվյալներ:
- Դա էլ մեկ այլ հարց. առաջին օրերին ինձ հասցե անգամ չէին տալիս համայնքի քարտուղարությունում ժողովրդի հետ կապի մեջ լինելու համար: Ասում էի, գոնե թվաքանակն ասեք, ասացին` 5-6 հազար: Ես չեմ կարող ասել, բայց առնվազն 150-200 ընտանիք հայաստանցի կա արդեն, ու այդ թիվը ավելանում էր: Ինչեւէ, 2006-ին կանոնադրություն ուղարկվեց Սբ Էջմիածնից, պետք է ծխական ժողով արվեր ընդունելու այդ կանոնադրությունը, որպեսզի հետո ներկայացվեր գրանցման: Մինչ ժողովն իրենք գաղտնի ժողովներ էին արել առանց իմ մասնակցության: Իսկ հենց ծխական ժողովն ուղղակի ահավոր էր, կեղծ մարդիկ էին բերել, անդամ չհանդիսացող ֆրանսիացի հրեաներ եկել էին ընտրության, կաթոլիկներ, որ իրավունք չունեին լինելու այդտեղ, ծխի անդամների ցուցակը ես այդպես էլ չիմացա: Այնպիսի վիճակ էր, որ անիմաստ որակեցի ու դուրս եկա: Ժողովի սկզբից էլ բոլորին հրավիրելու համար ինձ զգուշացնում էին, թե հայաստանցիների հետեւից մի ընկիր, իրենք դեռ փոքր են, ձայն չունեն: Ծխական ժողովը, իրենց խոսքով, արեցին, ինչպես արել էին 25 տարի, քանի որ մինչեւ ժողովը վերցրել ու կեղծել էին Վեհափառի ուղարկած կանոնադրությունը, Վեհափառի ուղարկածը խմբագրեցին ու դրեցին Ա եւ Բ կանոնադրություններ` խախտելով ամեն ինչ, քանի որ միայն պետք է քվեարկվեր, թե ընդունում են Վեհափառի կանոնադրությունը, թե` ոչ: Իսկ երբ մինչեւ ժողովը սկսելը փորձեցինք աղոթք անել, թույլ չտվեցին, սկսեցին նաեւ սուլել: Մենք ստիպված զոռով «Հայր մերը» ասացինք: Արգելեցին, որ հոգեւորականները խոսք ասեն: Նույն կերպ արգելում էին նաեւ դպրոց մտնել, չնայած համայնքին դպրոցը նվիրել է եկեղեցին: Ուղիղ մեկ տարի պայքարել եմ, որ կարողանամ դպրոց մտնել: Դպրոցի հանդեսին հոգեւորականը խոսք ասել չէր կարող, աղոթք ասել չէր կարելի:
- Իսկ համայնքը չէ՞ր ընդվզում:
- Շատերն էին ընդվզում, բայց մտածողության տարբերություն կար: Կային ուրիշ պոլսահայեր, որ պարագլուխների արածներին համաձայն չէին: Պարագլուխներից մեկը` Սամսոն Օզարարատը, որ շատ ազդեցիկ կապեր ունի Ստամբուլի ու Անկարայի հետ, նաեւ Գրիգոր Աժդեիրխանյանը, գորշ կարդինալներ են: Այդ մարդիկ Պոլսի հետ կապեր ունեն, տեղի պոլսահայերը նրանց հետ վախենում են չհամաձայնել: Ինձ մարդիկ ասում էին, որ իրենց ձայնը կտան Էջմիածնի կանոնադրությանը, եթե փակ քվեարկություն լինի, այլապես` ոչ: Ինձ հասած տեղեկություններովՙ պոլսահայերին վախեցնում էին պարագլուխները, թե նրանց Պոլսում բնակվող բարեկամներին կարող են ձերբակալել Թուրքիայում, իսկ այդ դեպքում Նիսի պոլսեցիները ստիպված կլինեն դիմելու հենց պարագլուխներին: Կանոնադրության ընտրության ժողովին իրենց մարդիկ գալիս, 7 հոգու տեղ թուղթ էին գցում, հայաստանցիներն ասացին, թե տեր հայր, անգամ Հայաստանում նման ընտրություններ չենք տեսել: Եվ իրենց կանոնադրությունը անցավ, կեղծված 43 կետով, սկսեց գործել, չնայած ծուխը Ֆրանսիայի թեմի մեջ էր:
- Լուրեր կային նաեւ, թե ծխական խորհուրդը հայերին չի թողնում դառնալ եկեղեցական միության անդամ:
- Երբ 2003-ին պատարագ էի անում, թեքվում էի խաղաղություն տալու` եկեղեցին պարապ էր: Մեկ տարի չարչարվեցի, որպեսզի ընտանիքներ գան, եկան, սկսեցին մտնել միության մեջ, բայց պոլսահայ պարագլուխները սկսեցին տարբերակում դնել: Մարդիկ սկսեցին բողոքել, որ իրենց չեն գրանցում, չեն դարձնում եկեղեցական միության անդամ: Հարցրեցի ծխական խորհրդի ատենապետին, թե ինչու չեն գրանցում, ինձ պատասխանեց, թե պետք է «քննություն առնենք նրանցից»: Կուսակցակա՞ն են դառնում, ի՞նչ է դա նշանակում: Մարդը մկտրված է մեր եկեղեցում, ի՞նչ քննություն: Իսկ իրական բացատրությունն այն է, որ այդ ընտանիքները իրենց ձեռնտու չէին, քանի որ հետագայում ծխական խորհրդի ընտրության հարց կար, վերընտրվելու հարցեր կային: Կոնֆլիկտը սկսվեց, երբ տեսան, որ ժողովուրդը ակտիվանում է, պահանջում է հաշվետու լինել, ասացին, որ տեր Վաչեն չի աշխատում իրենց հետ: Որպես «տեր Վաչեի ռեստորան» այն տեղը, որտեղ պատարագից հետո հանդիպում էի մարդկանց հետ, սուրճի գավաթի շուրջը զրուցում, փորձում էի մարդկանց կապել եկեղեցուն: Մարդիկ էլ հավաքվում, դաշնամուր էին նվագում, մկրտության արարողություն էին խնդրում անել այդտեղ: Երիտասարդաց միություն ստեղծեցի, ու սրանում էլ վտանգ տեսան, առաջնորդին հասցրեցին, թե ես ժողովրդին հավաքում եւ թմրանյութեր եմ վաճառում: Այդ բոլոր պատմությունները ընկան ժողովրդի ականջը, հենց նրանք էլ ատենապետ Զարեհ Մարտիրոսյանից սկսեցին պահանջել: Պատարագներից մեկի ավարտին իջաՙ տեսնեմ, ծխական խորհրդի այդ մի քանի պարագլուխները ոստիկան են կանչել, թե իրենց չեն թողնում եկեղեցի մտնել, ոստիկաններն էլ մի քանիսին ձերբակալել էին: Ես ոստիկանների հետ խոսեցի ու ներկայացրի, որ Զարեհ Մարտիրոսյանը եկեղեցում կանգնած է: Ձերբակալվածներին բաց թողեցին: Ու նման էլի պատմություններ են եղել: Դրա համար ինձ դարձրեցին մաֆիոզ, կոմյունիկե արեցին անստորագիր, թե տեր Վաչեն աղջիկներ է վաճառում արդեն յոթ տարի, Հարավային Ֆրանսիայի զենքի գործը իմ ձեռքն է, թմրանյութերի բարոնը ես եմ, կեղծ դրամները իմ հովանավորությամբ են տպվում եւ այլն: Ոստիկանությունը ոչինչ չէր կարող անել, քանի որ որեւէ փաստ չկար, իբր ես կապ ունեմ ալբանական, ռուսական մաֆիաների հետ, հայերին էլ ես եմ տարել-մտցրել դրա մեջ:
- Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք Ստրասբուրգում:
- Երբ կեղծ կանոնադրություն էին ներկայացրել, օտար մարդկանց էին անդամ դարձրել, այդ ամբողջը դրվեց թեմական խորհրդի առաջ, առաջնորդը ասաց, որ ցրում է ծխական խորհուրդը: Իսկ ես պայմանագրով էի այդ ծխական խորհրդի հետ աշխատում, բնականաբար ես եւս հեռացվեցի, որպեսզի նոր ծուխ ստեղծվի: Ինձ այդուհետեւ նշանակեցին Ստրասբուրգ: Հիմա հայր Գրիգորն է նշանակված, ժամանակավոր ծխական խորհուրդ կա, որում առաջարկվեց, որ թեկնածուներ առաջարկեն նաեւ իրենք, դրան չարձագանքեցին: Տեղեկացա, որ պատարագներից մեկի ժամանակ մտել են, հայր Գրիգորին ընդհատել, կանգնել դրամի վրա, մինչդեռ մոմի տեղում ոչ ոք չպետք է կանգնի: Թոհուբոհ են ստեղծել, որ հայր սուրբը հունից դուրս գա, անգամ նկարահանել են, բայց սադրանքը չի հաջողվել:
- Ո՞րն է, ըստ Ձեզ, նման պահվածքի հիմնական պատճառը:
- Եկեղեցին որեւէ համայնքի կենտրոնական ուժն է, ժողովուրդը հավաքվում է եկեղեցու միջոցով: Ժողովուրդը դպրոցի համար անգամ դրամը թողնում է եկեղեցու միջոցով: Այստեղ նաեւ կտակները թողնվում են եկեղեցուն, իսկ շատ կտակներ Նիսում կորել են մինչեւ օրս: Այդ կտակները եղել են տներ, վիլլաներ, որոնց պատմությունն է այսօր քրքրվում: Այդ ամբողջը թողնում են եկեղեցուն, դրա համար եկեղեցին այդ մի քանի պոլսահայերի համար դրամի աղբյուր է, նաեւ իշխանության, քանի որ եթե եկեղեցին իրենց ձեռքում է, իրենց ձեռքում է նաեւ դպրոցը, հնարավորություն կա եկեղեցու անունից նստել-ելնելու տարբեր մարդկանց հետ, մտնելու քաղաքապետարան եւ օգտագործելու այդ կապերը: 25 տարի առաջ պոլսահայերի այդ խումբը հայտնվեց Նիսում, հնաբնակ ֆրանսահայերը հեռու քաշվեցին: 1988-ին երկրաշարժ եղավ Հայաստանում, օգնության հիմնադրամներ բացվեցին, փակվեցին, Նիսում դեռ մնում է, քանի որ փակվելու դեպքում պետք է հաշվետվություն ներկայացվի, մինչդեռ շատ դրամներ են հավաքվել երկրաշարժից հետո օգնության համար, Նիսի հիմնադրամը մինչեւ 4 մլն ֆրանկ է ունեցել, որի ատենապետը Սամսոն Օզարարատն է: Համայնքը պետությունից հատկացումներ է ստանում, դա էլ է իրենց ձեռքը, իսկ ինչ է արվում` չգիտենք: Հայերը եկեղեցուն դիմել էին փոքր գումարի համար Փարիզ գնալու, իրենց մերժվել էր, բայց տեղական «Նիս մաթան» թերթում էլ հրապարակվել էր նույն այդ ժամանակ, որ Նիսի հայ համայնքը գումար է հատկացրել հրեական սինագոգին, որ վերջինս իր կոմունալ ծախսերը հոգա: Եվ ժողովրդին էլ չեն հարցնում, օգնեն թե՞ ոչ: Եվ այս ամենը այն Օզարարատի դեպքում, որը նախագահում է եկեղեցու ծխական խորհուրդը, եկեղեցու անդամ է, բայց հայտարարում է, որ անհավատ է, պատահաբար է կնքվել: Նա շատ լավ կապեր ունի Թուրքիայում, նա է միջնորդ եղել 1993-ին Փարիզում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը «գորշ գայլերի» առաջնորդ Թուրքեշի հետ, կա նաեւ նկար, թե ինչպես է Օզարարատը բացում Թուրքեշի մեքենայի դուռը:
- Հիմա այս խնդիրները հաղթահարվա՞ծ են:
- Ոչ, թեմը դեռ իրենց հետ դատի մեջ է: Գործում է Սբ էջմիածնի խորհուրդը, թեմն էլ պահանջում է ծխական թեմական բուն կանոնադրությամբ ընտրություն: Իրենց ձեռքն է եկեղեցին, դպրոցը, իսկ այդ ամենն իրենց թողնել չի կարելի:
- Ի՞նչ առնչություն եք տեսնում Շվեյցարիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
- Նիսի խառնակիչ պարագլուխներն անձնական կապեր ունեն Ժնեւի մի քանի խառնակիչների հետ եւ համագործակցում են: Միշտ կապի մեջ են, պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում, համատեղ ստորագրահավաքներ են իրականացնում Մայր Աթոռի դեմ, փորձում են խափանել Եվրոպայում թեմեր ստեղծելու ծրագիրը, ընդ որում, Նիսի պարագայում այդ ամենն ուղղակի հակաեկեղեցական է: Սա մի կլան է, որ ամեն բան անում է մարդկանց ապակողմնորոշելու համար: Այս մարդիկ իրենց ավերիչ գործունեությունը փորձում են իրականացնել նաեւ Բելգիայում եւ Հոլանդիայում` իրենց մտերիմ որոշ անձանց միջոցով:

1 комментарий: