02.08.2011

Ինչ էինք և ինչ դարձանք

Ամիսներ առաջ թաղման արարողության մասնակցեցի: Հիմնականում հոգեհացին չեմ մասնակցում... Այս անգամ մասնակցեցի: Ճիշտ է, առաջին անգամ չէի զարմանում մեր հորինված սովորությունների վրա, բայց այդ օրը տեսածս ավելի զարհուրելի էր:
Ննջեցյալների հարազատները հարուստ չէին, բայց հոգեհացին ներկա անծանոթ մեկը հակառակը կմտածեր: Սեղանն ամենևին չէր տարբերվում հարսանյաց ճոխ սեղաններից: Բարեբախտաբար Թաղման կարգը կատարող եկեղեցականը կարողացավ հասկացնել, որ հավաքվածները հարսանյաց հանդեսի չէ, որ մասնակցում են: Սա որոշ անձանց դուր չեկավ: Տեր Հայրը երեք անգամ մխիթարական խոսք հնչեցրեց և առաջարկեց հրաժեշտ տալ սգակիրներին, ապա ավելացրեց, որ տանը կարող են մնալ հեռու շրջաններից եկած ազգականները: Քահանան գնաց` չիմանալով սգակիրների գլխի գալիքը: Ննջեցյալի կրտսեր որդին ոտքի կանգնեց ու ասաց.
-Ժողովուրդ ջան, էսի հորս քրտինքն ա, կերեք, խմեք, օղորմի տվեք...:
Ներկաներից մի քանիսը Տեր Հոր ետևից դուրս եկան, մյուսները, ինչպես և սպասվում էր, լցրեցին բաժակները... Խաշլաման վերջացավ... Լսվեցին տղամարդկային բամբ ձայներ` Ստեղ միս բերեք: Եկավ <<դաբավկան>>: Մի մասը կշտացած սկսեց ծխել: Մի քանիսը փորձեցին դուրս գալու առաջարկ անել: Նրանց ձայնը սակայն խլացավ <<Հեսա կոֆե են բերում>>-ից հետո: Սրճեցին:

Քահանան դեռ գերեզմանատանը հայտարարել էր, որ որպեսզի սգագիր ընտանիքին ավելորդ նեղություն չտրվի, պետք է վաղը` այգուցին, գերեզմանոց գան կանայք, կարող են գալ նաև տղամարդիկ, իսկ <<Յոթին ու քառասունքին>> կգան միայն մտերիմ հարազատները: Այս առաջարկ-հրահանգը, անշուշտ համաձայնեցված էր սգակիր ընտանիքի հետ: Բայց...
Ականատեսների վկայությամբ` Այգուցին եկան կանայք և տղամարդիկ.... սրճեցին, գերեզմանատուն այցելեցին, վերադարձան: Սեղանները ոչնչով չէին զիչում թաղման հոգեհացի սեղաններին, ավելին, այս անգամ սուրճի հետ խմորեղեն էլ կար:
Որկրամոլության այս առիթը կրկնվել է ամեն շաբաթ օր, մինչև քառասունք:
Փաստորեն, մարդիկ, որ կոչված էին մխիթարելու, աջակցելու վիշտ տեսած ընտանիքին, ավելի մեծ վնաս հասցրեցին նրանց` հոգեպես, ֆիզիկապես, ֆինանսապես: Մարդիկ, դեռ չհաշտված իրենց հարազատի կորստի հետ, ստիպված են գնացուցակ կազմել, գումար հայթհայթել, պատրաստել տեսակ տեսակ ուտելիքներ և մի քանի տարի աշխատել կուտակված պարտքը մարելու համար:
Մեծերը կասեին` Ինչ էինք, ինչ դարձանք...
Իսկ ի՞նչ էինք:
Ժամանակին ննջեցյալի մոտ գիշերվա ընթացքում մոմեր վառած և սաղմոսների ընթերցմամբ հսկում էր կատարվում: Այսօր էլ մոմեր վառած հսկում կատարվում է, բայց օղու շշի անթաքույց ներկայությամբ և բլոտի պարտիաներն ընդհատող անեկդոտների ուղեկցությամբ: Հնում հարևաններն ու մոտիկ ազգականներն իրենց վրա էին վերցնում թաղման հետ կապված բոլոր գործերը, սգակիր ընտանիքի համար կերակուր պատրաստում, մաքրում տունը և այլն: Հիմա հարևաններն ու բարեկամները կերակրվում են սգակիր ընտանիքում և վերջում ամբողջ եռանդով բամբասում սեղանին դրված-չդրվածի, դագաղի գնի, լացող-չլացողի մասին:
Մի ժամանակ հոգեհացը տրվում էր աղքատներին` իբրև ողորմություն: Այսօր հոգեհացին մասնակցում են բոլորը` ոմանք ի հարգանս ննջեցյալի հարազատների, ոմանք էլ վաղուց սպասված առիթը բաց չթողնելու համար:
Նախկինում մարդիկ ննջեցյալի գերեզմանը ծածկում էին պարզ տապանաքարով և նրան հիշում հոգու հանգստության համար աղոթք անելով: Հիմա գերեզմանատները դառնում են թանգարաններ բաց երկնքի տակ:
Ըստ ավանդության` հարազատները ննջեցյալի գերեզման էին այցելում թաղումից հետո Այգուցին, Յոթօրեքին, քառասունքին, տարելիցին և Մեռելոցներին: Այսօր այդ օրերին ավելացվել են նաև թաղումին հաջորդող շաբաթ օրերը` մինչև քառասունք: Գուցե վատ բան չկա դրա մեջ, բայց չմոռանանք, որ այդ սովորությունը չգիտենք որտեղից է ծնվել, ինչ իմաստ ունի, և որքանով է նպատակահարմար ամեն շաբաթ օր մեծ գումարներ ծախսել կրկին հոգեհաց տալու համար:
Այս ամենի կողքին նկատելի են նաև դրական փոփոխությունները: Տարիներ առաջ շատեր Մեռելոցը հիշատակում էին ոչ թե Տաղավար տոնի հաջորդ օրը, այլ հենց Տաղավար տոնին: Երևանում և մոտակա շրջաններում գրեթե միշտ թաղման արարողությունը հանդիսապետում է եկեղեցականը: Թաղման նախորդ օրը ննջեցյալի տանը հաճախ հնչում է հոգևոր երաժշտություն, այնինչ ժամանակին կարող էինք լսել նաև ադրբեջանական մուղամ:
Այս դրական առաջընթացը գալիս է ապացուցելու, որ բացատրական տքնաջան աշխատանքը կարող է գոնե նվազեցնել ներկայիս անմիտ սովորությունների թիվը և հնարավորություն տալ անդրադառնալու մեր արածին և վերարժևորելու մեր ազնիվ ու իմաստավորված սովորությունները: Այս աշխատանքին առաջին հերթին պիտի մասնակցեն հոգևորականներ, ուսուցիչներ, ազգագրագետներ և այլն:

8 комментариев:

  1. Հոդվածը ինձ մի դեպք հիշեցրեց. նախքան շենքի բակի <> շենքի բնակիչները հավաքվել էին`ուղեկցելու հանգուցյալին: Այն պահին, երբ վերջինիս հարազատները հատկապես աջակցության կարիք էին զգում, հարևանները մեկնաբանում էին հանգուցյալի դեմքի <>: Նրանք չմոռացան անդրադառնալ հարազատների <>, ովքեր <>...

    ОтветитьУдалить
  2. Հոդվածը ինձ մի դեպք հիշեցրեց. նախքան շենքի բակի արարողակարգը շենքի բնակիչները հավաքվել էին`ուղեկցելու հանգուցյալին: Այն պահին, երբ վերջինիս հարազատները հատկապես աջակցության կարիք էին զգում, հարևանները մեկնաբանում էին հանգուցյալի դեմքի անհաջող գրիմը: Նրանք չմոռացան անդրադառնալ հարազատների անփութությանն ու ժլատությանը, ովքեր ափսոսացել էին մի երկու կոպեկ ավել տալ հանգուցյալի այտերին արհեստական կարմրություն հաղորդելու համար...

    ОтветитьУдалить
  3. 3:13-ից սկսած
    http://www.youtube.com/watch?v=zVod3w3txSk

    ОтветитьУдалить
  4. Անշուշտ, թող ներեն ինձ այդ ընտանիքի անդամները, բայց մեղավորը հենց իրենք են: Այ քեզ բան, թող ուտուշ-խմուշ չկազմակերպեին, մարդիկ էլ չգային ուտել-խմելու կամ ավելի ճիշտ` լափել-լակելու: Հասկանում եմ, որ վրդովմունքդ ընդհանուր է և միայն հյուրերին չես մեղադրում /դե դրանք թաղման արարողության պատվո հյուրեր են էլի, ոչ թե սգավորներ/: Եվ ընդհանրապես մեզանում թաղումը վերածվել է իսկապես ԹԱՂՂՂՂՂՂՂՂՂՂՂՂՂՂՂՂՂՄԱՆ և ոչ թե հուղարկավորության; Հուղարկավորությունն այն է, երբ հավաքված մարդիկ գիտակցում են, որ իրենք եկել են իրենց բարեկամին կամ մերձավորին <>-ու, հուղարկավորելու, այսինքն` ճանապարհ դնելու: Բայց ուր? Այ սրա մասին, որ մտածեինք, պարզ կդառնար, որ այ մարդ էս պահին աղոթել ա, պետք որ Աստված մեր ննջեցյալին իր օթևաններում տեղ տա և ոչ թե իր քրտինքը մեր մեղսավոր որովայններում տեղավորի...
    Լավ է, ջղայնացա այ մարդ...

    ОтветитьУдалить
  5. Նոթատետրին
    Շնորհակալ եմ: Ճիշտ կլիներ, որ այդ բառին էլ անդրադառնայի: Հուղարկավորել- գրաբար` Յուղի արկանել = ճանապարհել, ճանապարհ գցել, և ոչ թե հող լցնել, հող նետել :)

    ОтветитьУдалить
  6. ի+ուղի+արկանել=ճանապարհ գցել, դնել, մի խոսքով ճամփու դնել, էս բլոգը չակերտներում գրածս չի կարդացել հա...
    Շատ ճիշտ ես:

    ОтветитьУдалить
  7. Ապրես Արսեն ջան: Շատ ճիշտ և տեղին նյութ ես պատրաստել: Կամա-ակամա աչքերիս երևացին հարազատներիս հուղարկավորության տխրահռչակ ուտուշ-խմուշները, որոնք հոգուս վրա, թերևս, ավելի են ծանրացած, քան բուն կորուստը, մահը... Հույս ունեմ, որ բոլորիս ջանքերի և աղոթքների շնորհիվ հայ ազգը մի օր իրապես հետ կկանգնի իր զրադաշտական անցյալից և իրապես կդառնա ճշմարիտ քրիստոնյա:

    ОтветитьУдалить
  8. Արսեն սրկ. ջան սա էլ նյութիդ տրամաբանական շարունակությունը` http://sarkavag.blogspot.com/2011/08/blog-post_16.html

    ОтветитьУдалить