16.04.2011

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, մաս Բ

Սկիզբը` ԱՅՍՏԵՂ.
Սարկավագները երգում են «Բաց մեզ, Տեր, դուռը քո ողորմության», ու բոլորը գալիս են դեպի դաս: Հետո կնքահայրը երեխան գրկած դասի առջև խոնարհվում է ու «Արեգակն արդարության» շարականը երգելով մկրտվողին առաջնորդում է դեպի Ավազան, որտեղ քահանան ընթերցում է հատվածներ Աստվածաշնչից.
Ձեզ վրայ սուրբ ջուր եմ ցանելու, եւ դուք մաքրուելու էք ձեր բոլոր պղծութիւններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։ Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ։
Եւ այնպէս եմ անելու, որ իմ արդարութեան ճանապարհով ընթանաք, օրէնքներս պահէք ու կատարէք դրանք, բնակուէք այն երկրում, որ տուել էի ձեր հայրերին, ինձ համար ժողովուրդ լինէք, եւ ես ձեզ համար՝ Աստուած։ Ազատելու եմ ձեզ ձեր բոլոր պղծութիւններից։ Եզեկել 36. 25-29
Այսպէս՝ օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք։ Իսկ երբ հաւատը եկաւ, էլ դաստիարակի ձեռքի տակ չենք. քանզի բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս։ Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. ուրեմն խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս։ Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման։ Գաղատ. 3.24-29
Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր։ Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»։ Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»։Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»։ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել. որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի։ Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած» Հովհ. 3.1-8
Այնուհետև քահանան սաղմոս 30՝ «Տիրոջ ձայնը ջրերի վրա է» ասելով, ջուր է լցնում Ավազանը: Որից հետո աղոթում է 
Աշխարհաբար: Առաքիր քո Սուրբ Հոգին այս ջրի վրա և սրբիր այն. ինչպես սրբեցիր այն իջնելով Հորդանան գետը... և շնորհիր, որ այս ջուրը, որում մկրտվելու է հիմա, մեղքերի թողության և Սուրբ Հոգին ընդունելու համար, Երկնավոր Հորը որդեգրվելու և
երկնքի Թագավորությունը ժառանգելու համար լինի:
Գրաբար:Առաքեա՛ զՀոգիդ քո Սուրբ ի ջուրս զայս, և սրբեա՛ զսա, որպէս սրբեցէր զՅորդանան իջանելով... և շնորհեա՛ սմա զջուրս զայս՝ յորում մկրտի յայժմ, ի թողութիւն մեղաց՝ յընդունելութիւն Հոգւոյդ Սրբոյ. յորդեգրութիւն Հօրդ երկնաւորի՝ և ի ժառանգութիւն Արքայութեանդ Երկնից:
Այդ պահին երեխային մերկացնում են և բերում քահանայի մոտ, որը խաչով և «օրհնեսցի և սրբեսցի» ծանոթ բանաձևը երեք անգամ կրկնելով օրհնում է ջուրը: Որից հետո սրբալույս մեռոնը խաչանման հեղում է ջրի մեջ ու երգում.
Աշխարհաբար: Բարձունքներից աղավնու նման առաքեց Սուրբ Հոգին, որը մեծաձայն հնչմամբ, մինչև աշակերտները նստել էին Վերնատանը, նրանց չայրելով իջավ նրանց վրա:
Գրաբար:Առաքելոյ աղաւնւոյ իջանելով մեծաձայն հնչմամբ ի բարձանց. ի նմանութիւն լուսոյ
փայլման հրազինեաց անկիզելի զաշակերտսն. մինչդեռ նստեին ի սուրբ վերնատանն:
Որից հետո աղոթում է. 
Աշխարհաբար: Մերկացրու սրան մեղքի հնությունից և նորոգիր նոր կյանքով և Քրիստոսի փառքով նորոգվելու համար լցրու Սուրբ Հոգով:
Գրաբար: Մերկեա՛ ի սմանէ զհնութիւն մեղաց, և նորոգեա՛ ի կեանսն նորս, և լցո՛ զօրութեամբ Հոգւոյդ Սրբոյ ի նորոգութիւն փառաց Քրիստոսի քոյ:
Քահանան հարցնում է.
Աշխարհաբար: Երեխան ի՞նչ է խնդրում:
Գրաբար: Երեխայս զի՞նչ խնդրէ:
Կնքահայրը պատասխանում է.
-Աշխարհաբար: Հավատ, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից,
ազատվել դևերից և ծառայել Աստծուն
- Գրաբար: Հաւատք, Յոյս, Սէր և մկրտութիւն: Մկրտիլ և արդարանալ. սրբիլ ի մեղաց, ազատիլ ի դիւաց և ծառայել Աստուծոյ:
Այս հարցը ու պատասխանը կրկնվում է երեք անգամ, եթե մկրտվողը չափահաս է, ինքն է պատասխանում: Արարողությունից առաջ կնքահորը կամ չափահաս մկրտվողին պետք է բացատրել թե իրենք ինչ են անելու և ասելու: Եթե իրենց ուղղվելիք հարցերի պատասխանը չգիտեն, անհրաժեշտ է սովորեցնել կամ էլ գրավոր հանձնել իրենց:
Սրանից հետո քահանան ասում է.
-Ըստ քո հավատի թող լինի քեզ:
Ապա անունն է դնում.
Աշխ. (Այսինչ անուն) Աստծո ծառան եկել է երեխայությունից մկրտվելու: Մկրտվում է Հոր անունով, -
Գր. (Այս անուն) ծառայս Աստուծոյ, եկեալ երեխայութենէ ի մկրտութիւն, մկրտի
յանուն Հօր, -
այս ասելուց երեխային իջեցնում է ավազանի մեջ՝ ձախ ձեռքովբռնելով պարանոցը, աջով ոտքերը և թաղում ջրի մեջ մինչև ծոծորակը ու երեխային հանում է ջրից: Ընկղմում է երկրորդ անգամ և ասում.
Աշխ.-Որդու անունով, Գր. - և Որդւոյ, -
Նորից երեխային հանում է ջրից, երրորդ անգամ ընկղմում և ասում.
Աշխ.-և Սուրբ Հոգու:Գնված է Քրիստոսի արյամբ մեղքի ծառայությունից, ընդունում է Երկնավոր Հոր որդեգրությունը, դառնում ժառանգակիցը Քրիստոսի և Սուրբ Հոգու տաճար:
Գր. -և Հոգւոյն Սրբոյ: Գնեալ արեամբն Քրիստոսի ի ծառայութենէ մեղաց, ընդունի զորդեգրութիւն Հօրն երկնաւորի, լինել ժառանգակից Քրիստոսի, տաճար Հոգւոյն Սրբոյն:
Այսպիսով, Ամենասուրբ Երրորդության անունով կանչվում է մեկ անգամ՝ եռակի ընկղմամբ: Քահանան ավազանից հանելով երեխային երեք ափ ջուր է լցնում երեսին ու գլխին ասելով.
Աշխ.Դուք, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսը հագաք: Ալելուիա: Եվ դուք, որՀորից լուսավորվեցիք, Սուրբ Հոգին է, որ բերկրում է ձեր մեջ: Ալելուիա:
Գր. Որք է ի Քրիստոս մկրտեցայք, զՔրիստոս զգեցեա՛լ եք, ալէլուիա: Որ ի
Հայր լուսաւորեցայք, սուրբ Հոգին բերկրեսցի ի ձեզ. ալէլուիա:
Դրանից հետո երգում են շարականը.
Աշխ.Դու, որ համագոյ ես Հորը և Որդուն
...Քեզնով են արարածները կյանքի համար ջրից ծնվում:
Ահա և այսօր Աստծո մի որդի էլ ջրից ծնվեց, ով Սուրբ Հոգի
Աստված, ողորմյա մեզ:
Գր. Որ համագոյդ ես Հօր և Որդւոյ
...Որով կենդանածնեալք ի ջուրս արարածք:
Որդիս Աստուծոյ այսօր ծնանիս ի ջուրց.
Հոգի Սուրբ Աստուած, ողորմեա:
Այստեղ կարդացվում է Հռոմեացիներին Պողոս Սրբազան Առաքյալի ուղղված Նամակի 6 -րդ գլխի 3 -11 տները.
Կամ չգիտէ՞ք, թէ մենք բոլորս, որ մկրտուեցինք Յիսուս Քրիստոսով, նրա մահո՛վ է, որ մկրտուեցինք։ Մկրտութեամբ թաղուեցինք նրա հետ մահուան մէջ, որպէսզի, ինչպէս որ Քրիստոս մեռելներից յարութիւն առաւ Հօր փառքով, նոյնպէս եւ մենք քայլենք նոր կեանքով. որովհետեւ, եթէ նրա մահուան նմանութեամբ տնկակից եղանք նրան, պիտի լինենք նաեւ նրա յարութեան նմանութեամբ։ Այս իմացէ՛ք, որ մեր միջի հին մարդը խաչուեց նրա հետ, որպէսզի քայքայուի մեղքի մարմինը, եւ այլեւս մենք չծառայենք մեղքին. 7որովհետեւ, ով մեռնում է, ազատ է մեղքից։ Իսկ եթէ մեռանք Քրիստոսի հետ, հաւատում ենք, թէ նրա հետ էլ կ՚ապրենք։ Գիտենք, թէ Քրիստոս մեռելներից յարութիւն առած լինելով՝ այսուհետեւ չի մեռնի, եւ մահը նրան այլեւս չի տիրի. որովհետեւ նա, որ մեռաւ, մեղքի համար մեռաւ մէկընդմիշտ, եւ նա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար։ Նոյնպէս եւ դուք ձեզ մեռած համարեցէ՛ք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծու համար, մեր Տէր Քրիստոս Յիսուսով։
Այսպես ավարտվում է մկրտությունը, որով ըստ Գրիգոր Տաթևացու ընդունում ենք հետևյալ օրհնությունները.
Երանություններ, որ ընդունեցինք Ավազանում.
Նախ -Սկզբնական մեղքերի թողությունը:
Երկրորդ - Պատիժներից ազատվելը:
Երրորդ - Արդարության շնորհը:
Չորրորդ - Ներգործման սրբությունը:
Հինգերորդ - Փրկություն թշնամուց:
Վեցերորդ - Միածնին եղբայր լինելը:
Յոթերորդ - Սուրբ Հոգու զանազան պարգևները:
Մկրտությանն անմիջապես հաջորդում է Դրոշմի խորհուրդը:

Նյութը վերցված է Դերենիկ եպիսկոպոսի  
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՈՇՄ գրքույկից, փոքր կրճատումներով:


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Комментариев нет:

Отправить комментарий