Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի գրասենյակի տնօրեն Քերին Ռոբբլիից ստացա նամակ, ուր մասնավորապես ասված է.
«Գրում եմ` հայտնելու իմ մտահոգությունը «Իրավունքում» ս.թ. փետրվարի 4-ին հրապարակված Դավիթ Ջամալյանի ՙՄարտահրավերը նետված է ոչ միայն Գեւորգ Ալթունյանին, այլեւ բոլորիս՚ վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, որտեղ ճիշտ չի բնութագրվում իրավիճակը` ԱՄՆ-ում Եհովայի վկաների ու այլ կրոնական կազմակերպությունների իրավական կարգավիճակի մասով: Դ. Ջամալյանի հայտարարությունը, որ ՙամերիկյան իշխանությունները եհովականներին չեն գրանցում իբրեւ կրոնական կազմակերպություն՚ ճիշտ չէ, քանի որ ԱՄՆ-ում կրոնական կազմակերպությունների գրանցման պահանջ ընդհանրապես չի գործում, եւ վերջիններս ազատ կարող են ձեւավորել կազմավորումներ, ունենալ հանդիպումներ ու իրականացնել պաշտամունքային միջոցառումներ` առանց պետական միջամտության»:
Շնորհակալություն հայտնելով Ք. Ռոբբլիին` ամերիկյան օրենսդրության կարեւոր նրբերանգը մատնանշելու համար, չենք կարող չարձանագրել դրանից բխող հետեւանքները: Եթե ԱՄՆ-ում չկա կրոնական կառույցների պետական գրանցման ինստիտուտ, ապա չկա նաեւ դրանց իրավունքների եւ պարտավորությունների հստակ ամրագրում: Այսինքնª դրանց հետ կապված բոլոր հարցերը գործնականում դառնում են գործադիր եւ դատական իշխանության գործառույթ:
Իսկ որ ամերիկյան իշխանությունները ամենեւին էլ մեղմ չեն վարվում ԱՄՆ պետական շահերին հակասող կրոնական կառույցների հետ, երեւում է թեկուզ 1978թ. նոյեմբերի 18-ին լատինամերիկյան Գայանա պետությունում տեղի ունեցած ողբերգությունից, որի արդյունքում զոհվել են «Ժողովուրդների տաճար» աղանդի ԱՄՆ քաղաքացի 911 անդամներ, եւ կասկածելի հանգամանքներում սպանվել է այդ աղանդի նկատմամբ դրական տրամադրված կոնգրեսմեն Լեո Ռայանը եւ նրան ուղեկցող լրագրողները: Պաշտոնական վարկածով` Գայանայում գտնվող Ջոնստաուն աղանդավորական ավանի բոլոր բնակիչները զանգվածային ինքնասպանություն են գործել, սակայն բազում հետազոտողներ հիմնավոր կասկածներ են հայտնել, որ գրեթե հազար աղանդավորները պարզապես ոչնչացվել են ամերիկյան հատուկ ծառայությունների` նախօրոք մշակված գործողության արդյունքում: Ի դեպ, դրա առնչությամբ նաեւ զոհվածների հարազատները փորձել են դատի տալ հատուկ ծառայություններին, սակայն, ինչպես դժվար չէ կռահել, նրանց հայցերին որեւէ ընթացք չի տրվել: Բնականաբար, Գայանայում տեղի ունեցածը լավ սաստող օրինակ էր այլ աղանդների համար. ի վերջո, ոչ ոք ցանկություն չուներ ապագայում զանգվածաբար «ինքնասպան» լինելու:
Հովհաննես Գալաջյան
Комментариев нет:
Отправить комментарий