Ըստ Մեսրոպ աբեղա Պարսամյանի, չափազանցված են կրոնական անհանդուրժողականության մասին ոմանց հայտարարությունները:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը խղճի եւ կրոնի ազատության մասին քննարկումները Հայաստանի համար ամենահրատապ հարցերից է համարում: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Միջդավանաբանական ներդաշնակության շաբաթվա շրջանակներում» կազմակերպված «կլոր-սեղանի» ժամանակ նա եւս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանում կրոնի, խղճի ազատության հարցում խնդիրները շատ են, կա հանդուրժողականության պակաս:
Վենետիկի հանձնաժողովի փորձագետները օրերս ՀՀ արդարադատության նախարարի հետ հանդիպման ժամանակ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի «մասով» իրենց առաջարկներն են ներկայացրել: Երեկվա քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ իր ղեկավարած նախարարությունը պատասխանատու է այդ օրինագծի համար, արդեն պայմանավորվածություններ ունեն նախագծի վերանայման ընթացքում օգտվել Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խորհրդատվությունից եւ աջակցությունից: Նախարարը հավաստիացրեց, որ օրինագիծը կդրվի նախարարության կայքում եւ կսպասեն ակտիվ քննարկումների: Հ. Թովմասյանը «հոգեորսություն» տերմինի վերաբերյալ կարծում է, որ պետք է հետեւել եվրոպական փորձագետների խորհուրդներին եւ արգելված գործողությունների շարքը թվարկելիս ձեռնպահ մնալ այդ հասկացության սահմանումից: Անդրադառնալով կրոնական կազմակերպությունների գրանցմանը՝ նախարար Թովմասյանը նշեց. «ԵԴ նախադեպային իրավունքը հուշում է, որ կրոնական ազատության իրավունքի կոլեկտիվ իրականացումը դեռեւս չի ենթադրում կրոնական կազմակերպությունների գրանցում եւ ոչ էլ այդ մասով պետությունների վրա որեւէ պարտավորություն է դնում»: Ինչ վերաբերում է երեխաների կրոնական կրթությանը, նա, հղում անելով միջազգային փաստաթղթերին, ընդգծեց, որ երեխայի կրթությանը վերաբերող իրավունքները պատկանում են ծնողին եւ ոչ թե երեխային, եւ պետության պարտականությունն է՝ հարգել այդ իրավունքը: Արդարադատության նախարարի կարծիքով, միայն քննարկմանը ներկա կրոնական կազմակերպությունների թիվը վկայում է այն մասին, որ մեր երկրում կա կրոնական ազատություն. «Միգուցե հանդուրժողականության խնդիր ունենք, որովհետեւ տեւական ժամանակ այդ կրոնական կազմակերպությունները չեն եղել եւ մարդիկ մի փոքր վախենում են: Ցանկացած երեւույթ՝ լինի կրոնական, թե դավանանքի, չպետք է սպառնա պետական անվտանգությանը»:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի կարծիքով, կրոնական կազմակերպությունները պետք է իրավունք ունենան օրինականորեն գոյություն ունենալ եւ գործել առանց գրանցման եւս: «Այս իրավունքը պետք է գործի ցանկացած այնպիսի երկրում, որը ձգտում է ժողովրդավար լինել, միաժամանակ պետք է ընդգծեմ, որ սա նուրբ ոլորտ է եւ ամեն քայլ անելիս պետք է մանրամասնորեն ծանրութեթեւ անել բոլոր հանգամանքները»,- ասաց նա:
Վենետիկի հանձնաժողովի անդամ Ֆինոլա Ֆլենեգան, ներկայացնելով ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-Վենետիկի հանձնաժողովի համատեղ գնահատման արդյունքները, նշեց, որ սեփական կրոնի հիմնավորվածության մեջ այլ անձանց համոզելու ցանկությունը, դռնեդուռ ընկնելու, համոզելու իրավունքը եւս պաշտպանված է եւ իրավաչափ: Հնչած կարծիքների հետ համաձայն չէ Հայ առաքելական եկեղեցին: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի պետական եւ հասարակական գրասենյակների հետ հարաբերությունների պատասխանատու Մեսրոպ աբեղա Պարսամյանը «Առավոտի» հետ զրույցում վերոնշվածը չափազանցում համարեց. «Հերի՛ք է, թող մարդիկ զբաղվեն իրենց գործով եւ հանգիստ թողնեն Հայաստանը, հայ եկեղեցին, հայ քրիստոնյային: Խելացնորություն է ասել, որ մեր երկիրն անհանդուրժող է, որովհետեւ Հայաստանում դեռեւս 1991 թվականից գործում է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, այն պարագայում, երբ մինչեւ այսօր Վրաստանում չկա նման օրենք եւ ոչ մի կրոնական կազմակերպություն գրանցված չէ»: Մեր զրուցակիցը զարմանում է՝ ինչպե՞ս են Հայաստանին ճանաչում անհանդուրժող երկիր, եթե այսօր ցանկացած կրոնական կազմակերպություն մեր երկրում կարող է գրանցվել ընդամենը 200 թվաքանակով, մինչդեռ. «Վրաստանում ունենք 300 հազարանոց հայկական համայնք եւ 5-րդ դարից ներկա Հայ առաքելական եկեղեցի, որ մինչեւ այսօր այդ երկրում գրանցում չի ստացել: Ո՞վ է ավելի անհանդուրժող՝ Հայաստա՞նը, թե՞ ԵՄ անդամ դառնալ հավակնող պետություններից մեկը՝ Վրաստանը»: Միջոցառման ժամանակ քննարկվեց նաեւ «Առավոտի» «Հավատքը ձեռնոց չէ» հրապարակումը:
aravot.am 18.02.2011 Լուսինե Խաչատրյան
Комментариев нет:
Отправить комментарий