13.01.2011

ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԿՏՈՒԺԵ՞Ն

Եթե ուժի մեջ մտնի 'Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին' նոր օրինագիծը, շատ բիզնեսմեններ ստիպված պիտի լինեն փոխել իրենց ապրանքանշանները, գովազդներն ու ֆիրմային անվանումները: Շատ գործարարներ իրենց ապրանքը լավ վաճառելու համար Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի նկարները դարձնում են ապրանքանշան, եկեղեցու պատկերն էլ զետեղում իրենց ապրանքի սպասարկման նիշերում եւ ֆիրմային անվանումներում: Երբ Հայ առաքելական եկեղեցին միջամտում է եւ գործարարին խնդրում անհարկի չօգտագործել քրիստոնեական սրբերի անուններն ու պատկերները, վերջիններս արդարանում են, թե 'հարգանք ու հավատք ունենք, ուզում ենք մեր եկեղեցու, մեր սրբի պատկերը մեր ապրանքի վրա դնենք, որ գործներս հաջող գնա': 'Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին' նոր օրինագծով արդեն նախատեսվում է գործարարներին հավատքի նման դրսեւորումներից զերծ պահել: Եթե օրենքն ուժի մեջ մտնի, Հայ առաքելական եկեղեցին պետք է քննարկումների միջոցով որոշի՝ մեր սրբերի, եկեղեցու կամ խաչի պատկերը համապատասխա՞ն է տվյալ ապրանքին, թե՞ ոչ, եւ ըստ այդմ էլ թույլատրի կամ արգելի այդ ապրանքի գովազդն ու արտադրությունը: Այս մասին 'Առավոտի' հետ զրույցում Մայր աթոռ սբ. Էջմիածնի փոխդիվանապետ հայր Մեսրոպ աբեղա Պարսամյանը հայտնեց, որ քանի անգամ Մայր աթոռն իր վրդովմունքն է արտահայտել որոշ շահութաբեր կազմակերպությունների գովազդների հետ կապված, որոնք բազմաթիվ հավատացյալների համար գայթակղության աղբյուր են: Խոսքը, օրինակ, 'Գեղարդ' մսամթերքի կոմբինատի մասին է, որի ապրանքանշանի վրա եկեղեցի է պատկերված: Հայր Մեսրոպի խոսքերով՝ 'Պահքի շրջանում եւ ընդհանրապես նրանց արտադրանքի գովազդները դիտելով՝ շատ հավատացյալներ կարող են գայթակղվել: Եվ, ի վերջո, երշիկեղենի վրա հարիր չէ տեսնել եկեղեցու պատկեր, առավել եւս, երբ ապրանքի օգտագործումից հետո սպառողը սրբապատկերը նետում է աղբամանը: Քրիստոնեական պատկերների ու անվանումների բովանդակությունը պետք է համահունչ լինի ապրանքին': Ներկայիս գործող օրենքով, եթե անգամ որեւէ գործարարի մտքով անցնի ու զուգարանի թղթի ապրանքանշանի վրա կրոնական որեւէ խորհրդանիշ կիրառի, ոչ ոք չի կարող նրան արգելել կամ պատժել, իսկ նոր օրինագիծը կարգավորում է այդ բացը: Սոցիալական գովազդների համար, բնականաբար, այլ մոտեցում պետք է դրսեւորվի: Հայր Մեսրոպի խոսքերով՝ 'Հուշանվերների պարագային կրոնական խորհրդանիշների կիրառությունը ընդունելի է: Սակայն, կներեք, եթե բաղնիքի սրբիչի վրա կրոնական պատկեր լինի, ես, որպես հավատացյալ մարդ, տեսնելով այն՝ ինձ վիրավորված կզգամ: Կարծում եմ՝ մեր եկեղեցին պետք է իր խորհրդանիշները պաշտպանի նման անհարկի չարաշահումներից եւ պետությունն էլ օրենքի միջոցով պաշտպանի իր քաղաքացիների կրոնական արժանապատվությունը՝ որքան էլ դա վնասի որեւէ գործարարի կոմերցիոն շահերը': Վերջերս հեռուստատեսությամբ գովազդվում էին 'Золотая коронаարեւածաղկի սերմերը: Բացի այն, որ գովազդում օրենքը խախտելով օգտագործվում էին անչափահաս երեխաներ, նաեւ հեռուստադիտողներին շահագրգռում էին, թե այդ արեւածաղկի տուփերի մեջ ոսկե խաչեր են դրել, որոնք կարող են պահապան լինել շահողներին: Երբ խոսքը արդուկ, վարսահարդարիչ կամ փոշեկուլ շահելու մասին է, մարդիկ կարող են գայթակղվել այդ շահումով, կարող են՝ ոչ, բայց երբ գովազդն ուղղված է մարդու հավատքին եւ մեր եկեղեցու այդ խորհրդանիշով գործարարները փորձում են ստիպել մարդկանց հենց իրենց արեւածաղիկը գնել՝ Հայ առաքելական եկեղեցու համար նման շահարկումն անընդունելի է: Չնայած դեռ օրինագիծն ուժի մեջ չի մտել եւ ԱԺ-ի գարնանային նստաշրջանում նոր միայն պետք է երկրորդ ընթերցումը լինի, եկեղեցու միջամտությամբ արդեն արգելվել է այդ արեւածաղկի գովազդը: Այսօր շուկայում հաճախ են հանդիպում կոնյակներ եւ գինիներ, որոնց շշերի վրա եւ ապրանքային նշաններում եկեղեցի է պատկերված: Ուստի օրինագիծն ընդունվելու դեպքում պետք է քննարկումներ լինեն եւ դրանց կիրառությունը համաձայնեցվի Մայր աթոռի հետ: Հայր Մեսրոպի տեղեկացմամբ. 'Օրինակ, ժամանակին շատ վանքեր գինի են պատրաստել: Եթե այսօր էլ որեւէ վանք վերականգնի այդ ավանդությունը, անշուշտ, չի բացառվում, որ օգտագործվի տվյալ վանքի պատկերը՝ իբրեւ ավանդույթի շարունակություն: Այս առումով կրոնական խորհրդանիշների, անվանումների եւ սրբապատկերների կոմերցիոն կիրառության ոլորտը հրատապ կարգավորման կարիք ունի: Օրենքը նրա համար է, որ այսուհետեւ խուսափենք այնպիսի անցանկալի երեւույթներից, երբ գիտակցաբար կամ անգիտակցաբար արժեզրկվում են մեր սրբությունները, եւ վիրավորվում է մարդկանց կրոնական արժանապատվությունը': - 

Комментариев нет:

Отправить комментарий