Եվ ոչ էլ քաղաքական կուսակցություն
Օրերս հեռուստատեսությամբ նայում էի Մատենադարանի մերձակայքում տեղի ունեցած միտինգը ԱԼՄ հեռուստաընկերության փակման կապակցությամբ։ Եվ հանկարծ օպերատորները խոշոր պլանով ցույց տվեցին մի ցուցապաստառ, հետո՝ էլի մի քանի անգամ։ Իսկ ցուցապաստառին խոշոր տառերով դրոշմված է. «Ինչո՞ւ է լռում կաթողիկոսը»։
Եվ սա, ի դեպ, առաջին դեպքը չէ։ Նման հարցադրումներ կարելի էր լսել ե՛ւ օտարալեզու դպրոցների բացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ, ե՛ւ բնապահպանների պիկետներում, ե՛ւ լեւոնականների միտինգներում ու ցանկացած այլ առիթով։ Եկեղեցուն քննադատելն ու մեղադրելը դարձել է նույնիսկ մոդայիկ։
Պարզվում է՝ Եկեղեցին է մեղավոր բանակում տեղի ունեցող միջադեպերի, հասարակության մեջ հանցավորության մակարդակի կտրուկ աճի, անօրինությունների եւ անարդարության համար։ Ըստ երեւույթին, գնաճի մեջ նույնպես Եկեղեցին է մեղավոր։ Բա ուրիշ էլ ո՞վ։ Ու նաեւ չինովնիկների խղճի բացակայության ու կոռուպցիայի։ Քիչ եք քարոզում, վատ եք աշխատում ժողովրդի հետ, բավականաչափ չեք դաստիարակում՝ հայտարարում են քննադատները։
Ուրախալի է, իհարկե, որ հասարակության աչքերը վերջապես բացվեցին համաքաղաքացիների հոգեւոր կրթության կարեւորության առումով։ Իսկապես, բազմաթիվ բացասական երեւույթներ մեր կյանքում հենց վառ ապացույցն են նրա, թե ինչի է հանգեցնում անաստված դաստիարակությունն ու կրոնական մշակույթի բացակայությունը։
Իհարկե, Եկեղեցին այս դաշտում դեռ շատ ու շատ անելիքներ ունի։ Ե՛վ սխալներ է գործում, ե՛ւ վրիպումներ ցույց տալիս։ Սակայն, կարծում ենք, Եկեղեցին երբեք չի հրաժարվել հասարակության մեջ տիրող իրավիճակի համար պատասխանատվությունից։
Բայց մի՞թե այդ պատասխանատվությունը հետեւանքն է այն բանի, որ Եկեղեցին «չափազանց շատ» կամ, հակառակը, չափազանց քիչ է մեր կյանքում։ Եվ այստեղ Եկեղեցու քննադատներին չպետք է լքի իրականության զգացողությունը։
Մեզանում, ի՞նչ է, ամեն թաղամասում կա մեկական տաճար, որտեղ տեղավորվում են տեղի բոլոր բնակիչնե՞րը։ Մեզանում, ի՞նչ է, յուրաքանչյուր դասարանի դասացուցակում արդեն երկար տարիներ առկա է «Կրոնական մշակույթի հիմունքներ» առարկա՞ն։ Իսկ հարկ կա՞ խոսել կրոնական թեմատիկայի բաժնի մասին մեր հեռուստաալիքների եթերում. թե՞ բավական է պարզապես միացնել հեռուստացույցը։
Հաճախ Եկեղեցուց ակնկալում են մերթ դատախազության («մեղադրեք այսինչներին եւ այնինչներին»), մերթ քաղաքական կուսակցության («ոչ» ասացեք» վարչախմբին եւ այլն) դերը։ Ընդհանուր առմամբ կոչերն ու մեղադրանքները նոր չեն. նման մի բան մեղսագրում էին Քրիստոսին փարիսեցիները։ Եվ այդօրինակ հարցերի պատասխաններն արդեն տրված են. առաջին դեպքում՝ «Մի՛ դատեք, որ չդատվեք» (Մտթ. 7։1), երկրորդ դեպքում՝ «Իմ թագավորությունը այս աշխարհից չէ» (Հվնս. 18։36)։
Այսօր էլ Եկեղեցին չի շարժվում նրանց ցուցումով, ովքեր փորձում են պարտադրել նրան գործողությունների իրենց տրամաբանությունը։ Քանզի Եկեղեցին կարող է ունենալ գործողությունների միայն մի տրամաբանություն. Քրիստոսի։ Եկեղեցին զգում է իր պատասխանատվությունը, բայց դա այն պատասխանատվությունը չէ, որի մասին խոսում են Եկեղեցուց գործողություններ ակնկալող քաղաքական ուժերը։
Ժամանակին մի կրոնական հրապարակախոս գրել է, որ Եկեղեցուն հիմարներ պետք չեն։ Բայց Եկեղեցին բացառապես ինտելեկտուալների հավաքատեղի էլ չէ։ Կամ, ասենք, իշխանամետների։ Կամ՝ արմատականների եւ այլն։ Եկեղեցուն եւ միայն Եկեղեցուն պետք են բոլորը։ Քանզի Աստված դիմում է բոլորին։
Միգուցե առաջին հերթին նրանց, ովքեր հասարակության ինչ-ինչ չափանիշներով՝ մտավոր, ֆինանսական, հոգեւոր, մերժյալներ են, լուսանցք նետված մարդիկ։ Եվ պետք են նրանք այն պատճառով, որ «առողջներին չէ, որ բժիշկ է պետք, այլ հիվանդներին» (Մտթ. 9։12), եւ այն պատճառով, որ Փրկիչը «եկավ ապաշխարանքի կոչելու ոչ թե արդարներին, այլ մեղսավորներին» (Մտթ. 9։13)։
Դրա համար էլ որքան էլ Եկեղեցուն ներքաշեն «ձերոնց» եւ «մերոնց» տարանջատման վտանգավոր գոտի, նա երբեք չպետք է գնա հակասությունների խորացման։
«Մի՛ դատեք, որ չդատվեք։ Քանզի ի՛նչ դատաստանով որ դատեք, նրանով էլ պիտի դատվեք, եւ ի՛նչ չափով որ չափեք, նրանով էլ պիտի չափվի ձեզ։ Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի մեջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջի գերանին չես նայում։ Կամ ինչպե՞ս կարող ես ասել եղբորդ՝ «Թույլ տուր աչքիդ շյուղը հանեմ», մինչդեռ ահա քո աչքի մեջ գերան կա։
Կեղծավո՛ր, նախ քո աչքի գերանը հանիր եւ հետո միայն պարզ կտեսնես՝ ինչպես հանել եղբորդ աչքի շյուղը» (Ավետարան ըստ Մատթեոսի)։
Ճիշտ գնահատած հոդված էր:
ОтветитьУдалить