ԷՋՄԻԱԾԻՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 31-ին` Գիտելիքի օրվա նախօրեին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել կրթության մշակների օրհնության կարգ, որով սկիզբ դրվեց մի նոր` կրթական ոլորտի երախտավորների օրհնության, ավանդության:
Զանգերի հանդիսավոր ղողանջների ներքո եկեղեցականների թափորը Ամենայն Հայոց Հայրապետին` ուղեկցությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, առաջնորդել է Մայր Տաճար, ուր կատարվել է շուրջ երկու հարյուր մանկավարժների օրհնության կարգը:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր Հայրապետական պատգամն է ուղղել ներկաներին եւ ասել.
«Սրտի անհուն բերկրանքով ողջունում ենք ձեզ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում`
համայն հայության նվիրական այս սրբավայրում, որտեղ սկիզբ է առել հայ դպրությունն ու գիտության դարբնոցը: Հայրապետիս համար մեծ ուրախություն է այսօր կրթության մշակներիդ հանդիպելու եւ հայցելու Աստծո առատ օրհնությունը` ի բարօրություն հայրենի դպրոցի ու կրթական անդաստանի: Դուք ուսումնական տարվա սեմին Աստծո եւ Փրկչի Իջման Սուրբ Սեղանի առջեւ Ձեր ուխտն եք նորոգում այսօր` անսպառ եռանդով, աննահանջ սիրով ու անմնացորդ նվիրումով ջամբելու մեր մանկանց իմացությունն ու լույսը հայրենի ավանդների ու հոգեւոր արժեքների:
Այսօր կյանքի արագընթաց զարգացումներում, առավել քան երբեւէ, կարեւոր են ուսումն ու գիտելիքը, բայց պետք է հիշել, որ միշտ, բոլոր ժամանակներում կարեւոր է հոգին կրթելը, ճշմարտության եւ բարու մեջ հաստատելըղ Արարող ուժ է գիտելիքը, ստեղծագործ զորություն եւ բարիք, երբ ամուր կերպով հաստատված է հավատքի վեմին եւ հոգեւոր արժեքների հիմերի վրաղ Ահա այսպիսի ճանաչողությունն է, այսպիսի կրթական դարբնոցը, որ Ավետարանի խոսքի համաձայն, դիմակայում է ժամանակի հողմերի եւ հորձանքների առջեւ: Հոգեւոր արժեքների զորությամբ դարերի փորձությանց բովով ու հրով անցնելով` ձույլ ոսկի է դարձել հայ դպրոցը, մաքուր ու անաղարտ, ինչպես նրա մեջ կրթվող հայ մանկանց միտքն ու հոգին, որոնց կոչված եք դուք առաջնորդելու:
Սիրելիներ, կոչված եք առ Աստված հավատքով սնելու մեր մատաղ սերնդին, սովորեցնելու ճանաչել ու սիրել մեր Հայրենիքն ու Եկեղեցին, հոգալ մարդկանց մասին, ստեղծել ու կերտել, մտածել ուղիղն ու արդարը. այս պետք է լինի կրթության ուղեծիրը, սրանով է լուսավոր եւ առաջատար դարձել ու դառնում ցանկացած ուսում եւ գիտություն: Հոգեւոր լույսով սուրբ ու նվիրական է հայ կրթական դարբնոցը եւ միջնադարյան մեր վանական դպրոցների ավանդության համաձայն` այսօր էլ նրանից վեր պիտի փայլի պատվիրանը. «Լոյծ զկօշիկս քո յոտից քոց, զի տեղիդ յորում կաս դու ի դմաՆ երկիր սուրբ է» (Ելից Գ 5): Այն ամենը, որ կարող է խաթարել դպրոցի ազնիվ նկարագիրը, պետք է, ուրեմն, թողնել նրա շեմից դուրս եւ ազնիվ մտքով ու հոգով մտնել այնտեղՆ լծվելու մանկավարժի երախտավոր գործին:
Սիրելի մանկավարժներ եւ կրթական ոլորտի երախտավորներ, այս նվիրական օրը թող լինի մի նոր առիթ ձեր առաքելության մեջ Աստծո առաջնորդությունն ու շնորհները խնդրելուղ Վերարժեւորեք ձեր ազնիվ ու պատվական կոչումը, որն իր նվիրական պարունակով ու ավանդությամբ մոտեցնում է ձեզ մեր Սուրբ Թարգմանիչների փաղանգինՆ պարտավորեցնելով ամեն ուսուցչի մեր զավակների միտքը վարժեցնելու ուղիղը խորհելու, սիրտը` բարին զգալու եւ կամքը` բարին կամենալու տերունապատվեր առաքելությունը:Հայրապետիս սրտաբուխ մաղթանքն է, որ Ամենակալ Տերն ամենքիդ պարգեւի անվրդով կյանքի երկար տարիներ եւ բեղմնավոր գործունեություն: Այս առիթով Աստծո ամենառատ օրհնությունն ենք հայցում նաեւ մեր հայրենի պետության կրթական գերատեսչությանց եւ աշխատակիցներին, ի դեմս ՀՀ կրթության եւ գիտության Նախարար Տիար Արմեն Աշոտյանի եւ այստեղ ներկա բոլոր կրթական հաստատությանց սպասավորների, ում ջանքերով է այսօր շարունակում զարգանալ եւ առաջընթաց ապրել հայ դպրոցն ու կրթությունը: Թող Ամենակալ Տերն Իր ամենիմաստ Խոսքով ու Սուրբ Հոգու շնորհներով ամենայն ժամ պայծառ պահի հայոց նվիրական դպրոցի անմար կանթեղը:
Բարի ընթացք ու ձեռքբերումներ ենք մաղթում նոր ուսումնական տարում»:
Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, այնուհետեւ Վեհարանի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու մաղթանքներն է հղել մանկավարժներին եւ կրթության ոլորտի սպասավորներին:
Աղբյուր`
Նոյան Տապան
Комментариев нет:
Отправить комментарий