20.02.2013

Հինգշաբթի օրվա աղոթք, Հովհաննես Գառնեցի


Աշխարհաբար:
Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո պահպանությունից և մի՛ մերժիր հանցավորիս քո պարգևները, այլ ցույց տուր ինձ քո ողորմությունը և բարության նշան տուր ինձ: Վերցրու բարկացնողիս բեռները և ազատի՛ր տառապյալիս մեղքի ուռկանից: Մի՛ բարկացիր ինձ վրա, Տեր, իմ բազում անօրինությանց համար, մի՛ դատապարտիր դառնացուցչիս քո սուրբ անվան համար, այլ ձեռք մեկնիր օրինազանցիս և անդունդի խորքից հանիր մեղքով խորտակվածիս, մեղքի աղտից մաքրիր և բազմամեղիս խղճմտանքը ազատիր, կորստյան որդուս լույսի որդի դարձրու և արդարությունից հեռացածիս մերձավոր դարձրու քո սրբերին ու սիրելիներին, որ նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն:


Գրաբար:
Ներող և ներգործող բարեաց, բազմագութ և ողորմած Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր հրամայեցեր ջրոյն հանել յինքենէ զհոյլս զեռնոց և ձկանց ծովու և թռչնոց երկնից, և աւրհնեցեր զնոսա՝ աճել և բազմանալ, և մինչև ցայսաւր և առ յապա խնամարկես ի վերայ նոցա. և արդ, ես՝ բազմամեղս, անկեալ աղաչեմ զքեզ, բազմազեղ և ազնուագութ Տէ՛ր, մի՛ անտես առներ զմեղաւորս ի պահպանութենէդ քումմէ և մի՛ մերժեր զյանցաւորս ի պարգևաց քոց, այլ ցո՛յց ինձ զողորմութիւնդ քո և արա՛ առ իս նշան բարութեան: Բա՛րձ զբեռինս բարկացուցանողիս և ազատեա՛ զտառապեալս ի տոռանց մեղաց: Մի՛ բարկանար ինձ, Տէ՛ր, վասն բազում անաւրէնութեան իմոյ, և մի՛ դատապարտեր զդառնացուցիչս վասն անուանդ քում սրբոյ, այլ տու՛ր ձեռն տարաւրինեցելոյս, և հա՛ն ի խորոց անդնդոց զխորասուզեալս մեղաւք, մաքրեա՛ յաղտոյ մեղաց և ազատեա՛ ի խղճէ մտաց զբազմաբիծս, զորդիս կորստեան արա՛ որդիս լուսոյ, և զհեռացեալս յարդարութենէ արա՛ մերձաւոր քոց սրբոցն և սիրելեացն, զի ընդ նոսին մտեալ ի հանգիստն մշտնջենաւոր՝ փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»

Комментариев нет:

Отправить комментарий