13.02.2013

Մեր ներկա պահեցողությունը, մաս Ա



Ներկայիս մեր սովորական պահեցողությունը մսից և կենդանական արտադրություններից պարզապես հրաժարվելն է:
Ընդունելի է, որ սա էլ ոմանց համար կարևոր մի զրկանք և, հետևաբար, ապաշխարանք է, սակայն մյուս կողմից` քանի որ մարդն արտոնված է որևէ ժամանակ և ցանկացած քանակությամբ, բացի վերոհիշյալներից, գրեթե ամեն բան ուտելու, պահքը կորցնում է իր ազդեցությունը: Երբ գինին էլ է արտոնվում` կենդանական արտադրություն չլինելու պատճառով, պահեցողությունը գրեթե շեղվում է իր նպատակից: Այսօր հազարավոր մարդիկ կան, ովքեր բուսակեր են, այսինքն` նրանց առօրյա սովորական ուտելիքները մեր «պահոց» կոչված կերակուրներից տարբեր չեն, սակայն նրանք երբեք չեն հավակնում հայտարարելու, որ բանջարեղեն, ընդեղեն և պտղեղեն ուտելով` բառի կրոնական իմաստով պահեցողություն են անում. սա նրանց սնվելու սովորական կերպն է: Արդ, պահքի սկզբունքին, ոգուն և տառին հակառակ է ցանկացած ժամանակ և ցանկացած քանակությամբ ուտելը` ճոխացրած «պահոց» կոչվող անուշեղեններով ու համադամներով: Պահեցողությունը կերակրի տեսակի հարց չէ. պահք պահելը «թայինով ապուր» կամ ոսպով «չորբա», կամ «յահնիներ» ու «յալանջի դոլմաներ»* ուտելու մեջ չէ:
Բացի սրանից, կյանքն այսօր այնպես է դասավորվել, որ միշտ չէ, երբ հնարավոր է «պահոց» կոչվող կերակուրներ գտնել, օրինակ, հասարակաց ճաշարաններում: Եվ ամեն մարդ չէ, որ միջոց ունի ինքը պատրաստելու իր պահոց կերակուրները: Կաթոլիկ պահեցողությունը, որ ավելի կերակուրի տեսակի հարց էր, քան քանակի, այս իսկ պատճառով այսօր գործնականում գրեթե բոլորովին վերացվել է, և պահվում է միայն Ավագ ուրբաթի պահքը: Այնպես որ, այսօր անգամ ցանկացողները դժվարությունների են հանդիպում մեր սովորական կիրարկությամբ պահքը պահելու մեջ: Ուրեմն ի՞նչ պետք է անել: Պահեցողությունից իսպառ հրաժարվե՞լ, ինչպես բողոքականներն արեցին: Չենք կարծում: Այս մասին մեր Տիրոջ օրինակը և ուսուցումը բացահայտ են: Հիսուսն ասաց, որ աշխարհից Իր հեռանալուց հետո Իր հետևորդներն էլ պահեցողություն կանեն (Մատթ. Թ 15, Մարկ. Բ 20, Ղուկ. Ե 35): Նրանք, ովքեր կարող են պահքի ներկա սովորական ձևը կիրարկել ու նրա մեջ հոգեկան ազնիվ գոհացում գտնել և ոչ թե ինքնախաբեություն, թող այն շարունակեն: Աստված ընդունելի անի նրանց այդ կերպ պահեցողությունը: Իսկ նրանք, ովքեր գործնականում չեն կարող այն կիրարկել կամ դրանից հոգևոր շինություն և օգուտ չեն կարող քաղել, բայց մյուս կողմից անպատճառ ցանկանում են մի կերպ պահեցողություն անել, այդպիսիներին հետևյալ թելադրանքներն են տրվում` ընտրելու համար դրանցից մեկը կամ մյուսը:
1. Օրական մեկ անգամ միայն ուտելով` վերակենդանացնել հնագույն սովորությունը, առանց նկատի առնելու կերակրի տեսակը և առանց ճաշը համադամներով չափազանցնելու: Այս կերպը զորավոր մի զրկանք է շատերի համար, ովքեր վարժված են օրական երեք անգամից բացի ուտելու նաև ցանկացած ժամանակ:
2. Նրանք, ովքեր ֆիզիկական լուրջ պատճառներով և իրենց գործի բերումով չեն կարող գործադրության դնել 24 ժամվա մեջ մեկ անգամ միայն ուտելու հնագույն կանոնը, կարող են երկու կամ առավելը երեք անգամ ուտել` հրաժարվելով հատկապես այնպիսի ուտելիքներից, որոնք չափազանց սիրում են: Հրաժարվել մասնավորաբար շաքարեղեններից, շոկոլադից և քիմքը գրգռող անուշեղեններից:
3. Պահքի շրջանում իսպառ հրաժարվել ոգելից ըմպելիքների և անուշեղենի գործածությունից` մյուս կերակուրներից ցանկացած ժամանակ չափավոր ուտելով հանդերձ:
Որևէ ձևով պահեցողություն անելու ժամանակ անհրաժեշտ է հրաժարվել կինո և թատրոն հաճախելուց: Հրաժարվել պարահանդեսներից: Հրաժարվել ամեն տեսակ հաճույքի վայրերից: Հրաժարվել հեռուստացույցով ժամանցի համար պատրաստված հաղորդումներ կամ ֆիլմեր դիտելուց` մյուս բոլոր բաներով հանդերձ: Նրանք, ովքեր ի վիճակի չեն կերակրի պահեցողություն անելու կամ հոգեկան որևէ շահ չեն գտնում դրանց մեջ, նրանց համար հանձնարարվում են հետևյալ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Շարունակելի...

Շնորհք արքեպիսկոպոս ԳԱԼՈՒՍՏՅԱՆ
«Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»

*Պահոց կերակուրներ, որոնք գործածական են պոլսահայ համայնքում:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить