10.05.2011

ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ` ԱՇՆԱՆԸ


Ազգային ավանդական ճարտարապետություն` արդի լուծումներով, համահունչ ու ներդաշնակ տարածքին:
Երբ երկու տարի առաջ Արտակ Ղուլյանին առաջարկեցին Էջմիածնի մատենադարանի շենքի նախագիծը ստեղծել, արդի եւ հին ճարտարապետության ներդաշնակ միաձուլմամբ պատկերացրեց մատենադարանի տեսքը:
«Համարձակ լուծումներ, որոնք պետք է համահունչ լինեն շրջակա միջավայրին` Գեւորգյան ճեմարանին, Մայր տաճարին եւ Հրեշտակապետաց եկեղեցուն: Երեք կառույցները պետք է դառնան մի ամբողջություն, մեկի դիրքը չպետք է գերազանցեր մյուսին, իհարկե, կենտրոնում թողնելով Մայր աթոռը», ասում է ճարտարապետը:
Մատենադարանը, որ կառուցվում է սփյուռքահայ բարերարներ Վաչե եւ Թամար Մանուկյանների (Լոնդոն) օժանդակությամբ եւ կրում նրանց անունը, ներառում է ազգային ճարտարապետության բազմաթիվ տարրեր` կամարներ, գմբեթներ, զարդանախշեր, որոնց տրվել են նորարարական լուծումներ:
Ճարտարապետն առանձնացնում է հատկապես շենքի ճակատի հատվածը. զարդանախշերը բացված գրքի, մագաղաթի էջերի տպավորություն են թողնում:
Երկհարկանի մատենադարանում կգործեն ժամանակակից գրադարան, հին ձեռագրատուն, հանդիսությունների սրահ, գրապահոց, մատենագիտական աշխատանքների համար նախատեսված սենյակներ եւ ցուցասրահներ:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվան Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ, թեպետ խորհրդային տարիներին իշխանությունները ստիպողաբար Մայր աթոռի բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր վերցրեցին, որը հիմք հանդիսացավ Մեսրոպ
Մաշտոցի անվան Մատենադարանի ստեղծմանը, սակայն Մայր աթոռը շարունակեց ձեռագրեր ձեռք բերել, որոնց թիվն այսօր գերազանցում է 3.000-ը:
«Ձեռագրերը, բացառիկ գրքերն ու թարգմանությունները պահվում էին Գեւորգյան ճեմարանի գրադարանում, վեհարանի գրադարանում, գանձատանը գործող գրադարանում եւ ձեռագրատանը: Ցավոք, տարիներ շարունակ Մայր աթոռի հսկայական գրադարանից օգտվելու հնարավորություն չկար: Հետեւաբար, որոշում կայացվեց կառուցելու մատենադարան, որը հնարավորություն կընձեռի գիտնականներին, ուսանողներին օգտվել Մայր աթոռի հարուստ ֆոնդից», «Ազգ» -ի հետ զրույցում ասաց տեր Վահրամը:
Բացառիկ ձեռագրերը բազմաթիվ են: Տեր Վահրամն առանձնացնում է հատկապես Գրիգոր Տաթեւացու ավետարանը:
Շենքի բացման արարողությունը տեղի կունենա աշնանը: Այժմ մատենադարանում ընթանում են հարդարման աշխատանքներ. բարեկարգվում է տարածքը: Ճարտարապետի գնահատմամբ` ժամանակի ընթացքում այն կդառնա հոգեւոր կենտրոնի յուրահատուկ բաղադիչներից մեկը:

Комментариев нет:

Отправить комментарий