Պապիկի անձնական արխիվից
Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՉԻ ՄՈՌԱՑՎԻ
Թորոս Զոհրաբյանի 18 տարին նոր էր բոլորել, երբ սկսվեց մեծ հայրենականը: Շատերի հետ նա էլ բանակ մեկնեց: Հայկական Թամանյան 89-րդ դիվիզիայի ռազմիկների հետ մարտական փառավոր ուղի անցավ, մասնակցեց Հյուսիսային Կովկասի ազատագրմանը:
- Իմ հիշողությունից երբեք չեն ջնջվի Կերչ քաղաքի համար մղված արյունահեղ մարտերը,- պատմում է Թ. Զոհրաբյանը: - Մեր տղաները կռվում էին հերոսի նման, մարտնչում յուրաքանչյուր քառակուսի մետր հողի համար, վիրավորներն անգամ շարքից դուրս չէին գալիս...
- Սևաստոպոլ քաղաքը կորել էր փոշու և ծխի մեջ: Անհաջողություններից գազազած թշնամին գործադրում էր ողջ ուժերը, ստեղծելով պաշտպանական ուժեղ կետեր, բայց թամանցիների խիզախությունն ու արիությունը կոտրեց նրանց դիմադրությունը: Թշնամին ստիպված էր նահանջել:
Թորոս Զոհրաբյանը կռվել է Լեհաստանի ազատագրության համար: Այդտեղ է, որ նա ականատես եղավ Մայդանեկի համակենտրոնացման ճամբարում ֆաշիստների կատարած ոճրագործություններին: Մահվան այդ ճամբարում ֆաշիստները տանջամահ էին արել 2 միլիոնից ավելի ռազմագերիների: Այնուհետև մասնակցեց Ֆրանկֆուրտ քաղաքի գրավմանը, խիզախության բազմաթիվ օրինակներ ցույց տվեց այդ մարտերում: Ապա մասնակցեց նաև Բեռլինի գրոհին:
Կատարած բազմաթիվ քաջագործությունների համար Թ. Զոհրաբյանը պարգևատրվել է Կարմիր աստղի երկու շքանշանով, „Վարշավայի ազատագրման համար“, „Բեռլինի գրավման համար“, „Հաղթանակի համար“ շքանշաններով:
...Հաղթանակի արևը շողաց մեր երկրի վրա: Տուն դարձան ողջ մնացած զինվորները, տուն դարձավ և Թ. Զոհրաբյանը` կուրծքը զարդարած հայրենիքի պարգևներով: Աշխատանքի անցավ Արարատի շրջանի Պետտնկարանում (ներկայիս Նոր ուղի, Ա. Զ.):
- Երեսուն տարի է անցել հաղթանակի նվիրական օրից, երեսուն երջանիկ տարի, բայց պատերազմի ծանր հետքերը իմ հիշողությունից ջնջել ես չկարողացա, այժմ էլ հուզմունքով եմ հիշում մեռնող ընկերներիս հայրենակարոտ հայացքը, նրանց վերջին խոսքը...
Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий