04.03.2011

ԱՐԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ. «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՇԱՏ ՊԻՏԻ ԼԻՆԵՆ»


Տարիներ առաջ, երբ Հայ եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի ներկայիս առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը նոր-նոր հոգեւոր հովիվ էր նշանակվել Սանկտ Պետերբուրգում, մի առիթով դառնությամբ ասաց, որ հայտնվել է հոգեւոր... խոպանում. տարածաշրջանում բացակայում էր ե՛ւ ազգային, ե՛ւ կրոնական կյանքը: Ես այս պատմությունը վերհիշեցի, երբ զրուցում էի Տավուշի մարզի Բերդ քաղաքի եւ տարածաշրջանի (նախկին Շամշադինի շրջանի) հոգեւոր հովիվ արժանապատիվ տեր Արամ քահանա Միրզոյանի հետ: Զրույցն անբռնազբոսիկ էր, քանզի երկուսս էլ արմատներով շամշադինցի ենք եւ լավ գիտենք տեղացիների սովորույթները, բարքերը, նիստուկացը:

- Տեր հայր, Էջմիածնից վերադառնալով փոքր հայրենիք` Դուք չբախվեցի՞ք նույն հոգեւոր խոպանին (ազգային գործոնը մի կողմ դնենք):
- Սրբազան հոր խոսքերը չափազանց մեղմ են ասված, այստեղ ավելի խիստ բնորոշումներ կարելի էր լսել, որոնց հեղինակները հենց իրենք` տեղացիներն էին: Համատարած աստվածամերժության 70 ձիգ տարիներն իրենց սեւ գործն էին արել: Նշված ժամանակաշրջանում Շամշադինի տարածքում ոչ մի գործող եկեղեցի չի եղել, բնականաբար չեն եղել նաեւ հոգեւորականներ, հոգեւոր կյանքի բացակայությունը բացասաբար է ազդել տեղացիների հոգեկերտվածքի եւ ճշմարիտ կրոնի նկատմամբ ունեցած պատկերացումների վրա:
- Հիշում եմ, դպրոցական երեխաներ էինք, էքսկուրսիա էինք գնացել Էջմիածին եւ զարմանքով էինք նայում յուրօրինակ «համազգեստով» մարդկանց, կյանքում առաջին անգամ էինք տեսնում:
- Այդուհանդերձ, համաձայն չեմ այն մտքին, թե իբր շամշադինցիներն անհավատ են: Անհավատ մարդիկ չեն կարող պաշտպանել Ադրբեջանի հետ Հայաստանի ունեցած սահմանի ամենամեծ հատվածը` 182 կիլոմետր: Եվ հետո, բոլշեւիկյան հիրավի բարբարոսական զանգվածային եկեղեցաքանդությունից հետո էլ տեղացիները պահպանել են հոյակերտ կոթողներ, որոնք իրենց սուրբ առաքելությամբ դեռ պիտի ծառայեն տեղացիներին: Վերոնշյալի ամենախոսուն վկաներից են 12-րդ դարի հրաշքները` Սուրբ Նոր Վարագավանքը եւ Սուրբ Խորանաշատը: Երազանքս է տեսնել նրանց վերակառուցված եւ երբեմնի փառքով:
- Այս պայմաններում Ձեր գործունեությունը հենց սկզբից հա՞րթ ընթացավ:
- Ոչ, իհարկե: Երբ առաջին անգամ ի պաշտոնե եկա Տավուշ գյուղը` տեղի եկեղեցին գործող դարձնելու մտադրությամբ, բախվեցի գյուղացիների անտարբերությանը, ինչ-որ տեղ` ագրեսիվ:
- Երեւի` «ջահել տղա ես, գնա գործ գտիր քեզ համար»:
- Մոտավորապես այդպես, նրանց մեջ արմատացել էր այն գիտակցությունը, թե «մենք ուր, հոգեւորականն ուր»: Ասացի, որ ես էլ այս հողի, ջրի, օդի զավակն եմ եւ եկել եմ ձեզ տալու այն, որ կա իմ հոգում: Մեղմացան, խաղաղվեցին: Ի դեպ, շնորհապարտ եմ Հայոց հայրապետին, որ իմաստնաբար այստեղ ուղարկեց տեղացուս. ներքին կյանքի իմացությունը շատ է դյուրացնում հոգեւոր առաքելության իրականացումը: Մեր լեռնաշխարհի մարդկանց յուրահատկություններից մեկն այն է, որ նրանք ունակ են լսելու դիմացինին, ուշադիր են ճշմարիտ խոսքի նկատմամբ. ունկնդրում են, խորհում, հասկանում, հետեւություն անում:
- Այո, հաստակող չէ մեր ժողովուրդը: Տեր հայր, մենք հանդիպել ենք տխուր իրողության` մորս թաղումից հետո, որի հետ կապված բոլոր արարողությունները վստահել էինք ձեզ: Ինձ համար եւ առհասարակ բոլոր հուղարկավորողների համար անակնկալ շատ բան եղավ: Զգուշացնելով, որ թաղումը ժողովրդական արարողություն չէ, այլ կրոնական, Դուք շատ առումներով փոխեցիք արարողակարգը, որը, կրկնում եմ, շատերի համար նորություն էր. արգելեցիք դագաղի եռապտույտը կամ վայրիվերումները, բաժակով օղին կիսով չափ դատարկելուց հետո մնացածը թարմ գերեզմանի վրա թափելը, հոգեհացի սահմանափակումը 30-40 րոպեով եւ այլն: Աշխարհականացված թաղումներին սովոր տեղացիները ընդունո՞ւմ են իրենց համար անսովոր նման «նորամուծությունները»:
- Ես փորձում եմ շատ կտրուկ չլինել: Հոգեւորականի ամենահզոր զենքը, աղոթքից հետո, հանդարտությունն ու դիմացինին լսելու կարողությունն է: Փորձում եմ համբերատար բացատրել, պարզաբանել ու հետո միայն անցնում եմ հոգեւոր պարտականություններիս կատարմանը: Գիտե՞ք, եկեղեցականի բացակայության պայմաններում մարդիկ ներքին պահանջով թե բնազդով ննջեցյալին այն աշխարհ ճանապարհելուց հետո խորհուրդներ են փնտրել անդրաշխարհյան կյանքում եւ միշտ չէ, որ ճիշտ են կողմնորոշվել իրենց պատկերացումներում: Ես, օրինակ, սրբապղծություն եմ համարում ձեր հիշատակած` օղու մնացորդի «հանդիսավոր» նետումը շիրմի վրա: Դրա մեջ ոչ մի խորհուրդ, տրամաբանական բացատրություն չկա: Կամ` ինչու՞ բահով խաչակնքել գերեզմանը, երբ ներկա է օծված խաչով քահանան: Տարրական բան` ինչո՞ւ դղրդալով հողը լցնել հենց դագաղի վրա, երբ կարելի է սկսել կողքերից: Դառնանք հոգեհացի արարողությանը. չի՞ անարգվում արդյոք հանգուցյալի հիշատակը, երբ այն վերածվում է տեւական կերուխումի` անվերջ բաժակաճառերով: Սեղանը պետք է լինի համեստ, որ չունեւորը թերարժեքության բարդույթ չապրի, չխրվի անհարկի պարտքերի մեջ: Ես ձգտում եմ մարդկանց հեռու պահել ցուցամոլությունից` լինի դա թաղման ժամանակ, թե շքեղ դամբարաններ կառուցելիս: «Պարտական եղիր հորդ, մորդ, մերձավորիդ նրա կենդանության օրոք»: Հավատացեք, այս եւ նման հարցերի իմ պարզաբանումները նրանց կողմից դրականորեն են ընկալվում:
- Տեր հայր, կուզենայի շոշափել Հայ եկեղեցու համար թերեւս հիվանդագին` աղանդների հարցը: Ապրելով Մոսկվայում, մտքովս անգամ չէր անցնում, որ «աշխարհից հեռու» մեր երկրամասում կարող են աղանդավորներ լինել: Բայց անողոք փաստ է, որ զանազան եհովականներ, հոգեգալստականներ եւ չգիտեմ էլ ինչ «ականներ» բույն են դրել մեր հողում: Խնդիրը թերեւս ոչ այնքան կրոնական է, որքան քաղաքական. կան համաշխարհային հզոր ուժեր, որոնց ձեռնտու է ժողովուրդների տարանջատվածությունը, այդ թվում նաեւ կրոնական հողի վրա` հեշտ է նրանց կառավարելը: Նույն երեւույթն է նկատվում նաեւ Ռուսաստանում: Եթե այդ մոլորյալներին ասես, որ նրանք զոհ են գլոբալ խարդավանքի, ապա չեն հասկանա, զարմացած կնայեն քեզ: Գաղտնիք չէ նաեւ, որ նրանց պարագլուխներն ու «ակտիվիստները» ֆինանսավորում են դրսից: Ինչպե՞ս եք դիմակայում դրանց:
- Աղանդները մեր տարածաշրջանում արդեն տարածվել էին մինչեւ իմ նշանակումը: Մարդիկ կարոտ են եղել աղոթքի, եւ զանազան էմիսարներ, օգտվելով հոգեւոր վակուումից, հասցրել էին մարդկանց մի հատվածի կտրել մեր ավանդական եկեղեցուց: Անձամբ ինձ մեծ ցավ է պատճառում այս պարագան: Շամշադինցին` աղանդավո՞ր: Ցավոք, աղանդն ընդունած անձինք խիստ զոմբիացված են, եւ շատ դժվար է նրանց վերահավատափոխման գործը: Շատ հաճախ հետեւանքները ողբերգական ավարտ են ունենում. աղանդավորական ծնողը թույլ չի տալիս վիրահատել իր երեխային, եւ նա մահանում է կույր աղիքի բորբոքումից: Երիտասարդ տղան հրաժարվում է զինվորական ծառայությունից, նույնիսկ` այլընտրանքային, գերադասելով բանտը: Մինչդեռ աղանդների «առաջնորդները» իրենք բուժվում են թանկարժեք կլինիկաներում, ապրում են ըստ պահանջի, այդ թվում նաեւ իրենց չքավոր հպատակների հաշվին:
Ելքը մեկն է` մեր ուժեղացումը, հավատը մեր նկատմամբ: Այս հարցում կարեւոր է, որ տարածաշրջանում գործող եկեղեցիներ շատ լինեն: Պետք է ասեմ, որ տեղական իշխանությունները օրենքի սահմաններում սատար են կանգնում ինձ բոլոր տեսակի հարցերում:
- Ի դեպ, ինչո՞ւ չի սկսվում Բերդի եկեղեցու շինարարությունը, կա նախագիծ, հատկացված է հողամաս, նույնիսկ վերամբարձ կռունկ է բարձրացել, բայց տեղաշարժ չի նկատվում:
- Շինաշխատանքները ձգձգվել են սուբյեկտիվ պատճառներով: Կարեւորը` Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հատկացրել է հիմնական գումարը, պակասում է մոտ 100 հազար դոլար, որը, հուսով ենք, մեզ կտրամադրեն ազնիվ հայորդիք` բարերարներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի հայկական գաղթօջախներից, ուր հանգրվանել են զգալի թվով շամշադինցիներ: Հիմքեր կան ասելու, որ մարտ-ապրիլ ամիսներին ձեռնամուխ կլինենք կառուցման աշխատանքներին:
- Դժվա՞ր չէ Ձեզ համար` Բերդ քաղաք, 16 գյուղ եւ միայն մեկ հոգեւոր հովիվ:
- Դժվար է, բայց առաքելություն եմ ստանձնել եւ սիրով եմ կատարում, չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասել է. «Իմ լուծը քաղցր է եւ իմ բեռըՙ թեթեւ»:
Բարեբախտաբար համալրման հույս ունենք: Իմ օրինակով արդեն կան երիտասարդ շամշադինցիներ, որ ուսանում են Սուրբ Էջմիածնի Ճեմարանում...
Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա-Բերդ




Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Комментариев нет:

Отправить комментарий