15.02.2013

Մեր ներկա պահեցողությունը, մաս Բ


Սկիզբն այստեղ:
Նրանք, ովքեր ի վիճակի չեն կերակրի պահեցողություն անելու կամ հոգեկան որևէ շահ չեն գտնում դրանց մեջ, նրանց համար հանձնարարվում են հետևյալ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:


1. Հրաժարվել մոլեկան սովորություններից: Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ պահքին, քանզի նրանցից ազատվելու ճիգ անելը յուրաքանչյուր մարդու բոլոր ժամանակների պարտքն է: Մոլությունները, բացի մեր քսակին վնասելուց, խանգարում են նաև մեր հոգու և մտքի հավասարակշռությանը: Ծնողների մոլությունները խորտակում են անմեղ և խոստումնալից զավակների ապագան: Կործանում են անթիվ ընտանիքներ: Ծանր մոլություններով վարակվածները` թմրեցուցիչներին և անբնական սեռական ախորժակներին գերի դարձածները, դժբախտաբար, արդեն իսկ պահեցողության մասին մտածելու ի վիճակի չեն: Բայց նրանք, ովքեր պահեցողությանն արժեք ընծայելու չափ տեր են մնացել իրենց բանականությանը և հավատքին, բայց մյուս կողմից մոլի են թղթախաղի, ոգելից ըմպելիքի, ձիարշավի և այլ տեսակ «ղումարների», սրանց համար, Նոր տարվա որոշումներից ավելի (որոնք առհասարակ չեն պահվում), Մեծ պահքի քառասնօրյա շրջանը սքանչելի առիթ է այս մոլությունների դեմ Աստծո օրհնությամբ և Եկեղեցու օժանդակությամբ լրջորեն պայքարելու: Ծխելուց կամ մյուս մոլություններից հրաժարվելու հետ կապված տանջանքն արդարև ինքնազրկանքի մի սքանչելի կերպ է: Այս տեսակ ապաշխարանքն ու պահեցողությունն ավելի ընդունելի են Աստծուն և օգտակար` մարդուն: Մեծ պահքի շրջանում խաղաթղթի սեղանի մոտ չնստելը կրոնական տեսակետից ավելի արժեք ունի, քան խնջույքի` մսեղենով սեղաններից հրաժարվելը: Եվ երբ այսպես 40 օրեր շարունակվի, մոլության ենթական հավանաբար ամբողջ տարվա համար կբուժվի խաղաթղթի մոլությունից, և բարոյական պահեցողությունը, իսկական ապաշխարանք լինելուց բացի, գոնե այս կերպ գործնական նպատակի էլ ծառայած կլինի:

2. Հրաժարվել լեզվի հիվանդություններից` շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և ամեն տեսակ լեզվագարություններից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանը և խոր խոցում են մեզ նմանների սիրտը: Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, դառն ու հուսահատ արտահայտություններից, որոնք մեռցնում են մեր հոգեկան կենսունակությունը և վնասակար մանրէի նման վարակում նաև ուրիշներին: Հրաժարվել գոռում-գոչյուններից, վիճաբանություններից, կռվազանություններից, որոնք խանգարում են մեր և մեր շուրջ եղողների խաղաղությունը:
Չենք անդրադառնում ավելի ծանր և վտանգավոր հոգեվիճակներին` դառն ատելությանը, սև նախանձին, նենգություններին, դավադրություններին և նման լուրջ ախտերին, որոնցից ազատվելու համար ենթական հարատև ու ավելի հետևողական ճիգերի և աստվածային մասնավոր օժանդակության է կարոտ:
1. Սրանք, սակայն, ժխտական թելադրանքներ են ժխտական հոգեվիճակներից ազատագրվելու համար: Ինչո՞ւ ճիգ չանել արծարծելու նաև դրական հոգեվիճակներ` կատարելով դրական գործեր, այսինքն, պահքի նպատակն իրագործել ավելի կարճ ու գործնական ճանապարհներով: Հետևաբար, բարոյական ապաշխարանքների կարգում կարող ենք հանձնարարել հատկապես բարիք գործելը: Ստույգ է, որ բարիք գործելը բոլոր ժամանակներում սիրո մեր պարտականությունն է և ոչ` ապաշխարանք, բայց նրանք, ովքեր տարվա մյուս օրերին թերացել են մարդկային այս հիմնական առաքինության մեջ, մասնավոր ճիգ պետք է անեն և գեթ Մեծ պահքի ընթացքում իրենց մասնավոր նյութական զոհողության ենթարկեն: Օգնել համայնքային հաստատություններին, կրթական, կրոնական ու բարեսիրական նպատակների, օգնել նույնիսկ երբ մեզնից չեն խնդրում, օգնել պարզապես Մեծ պահքի ոգուն հավատարիմ լինելու համար: Օժանդակել աղքատ ու հաշմանդամ մարդկանց` նրանց դրամական պարտքերը թեթևացնելով, օգտակար լինել մեզ նմանների հազարումի կարիքներին: Ինքն իրեն հարկադրելով` օրական որոշ գումար մի կողմ դնել, զրկելով քիմքը և քմահաճույքները` դրամը բարի նպատակների հատկացնելու համար:
2. Նյութական օժանդակություններին զուգահեռ կամ, եթե ի վիճակի չենք նյութական օգնություն ցույց տալու, կարող ենք ժամանակ տրամադրել ազնիվ նպատակներին` ծառայության մեր բաժինը բերելով, որտեղ դրա պահանջը կա: Այցելել հիվանդներին և բանտարկյալներին: Այցելել որբանոցներ և ծերանոցներ: Այցելել տանը մենակ մնացած հոգիներին: Մոտենալ սուգ ու ցավ ունեցողներին և նրանց տրամադրությունը բարձրացնել` համեստ, անկեղծ ու մարդկային զրույցով բաժանելով նրանց սուգը և ցավը:
Մանավանդ Մեծ պահքի ընթացքում բոլոր մարդկանց հանդեպ լցված լինել բարյացակամությամբ, փողոցում` փափկանկատությամբ, փոխադրական միջոցների մեջ` մյուսներին տեղ զիջելով, և դեռ բազմաթիվ այլ կերպերով արտահայտել մեր բարյացակամությունը յուրաքանչյուր մարդու հանդեպ` հաճախ մեր փոքր առավելություններից ու իրավունքներից մեզ զրկելով և միշտ մեր եսասեր տրամադրությունները մասնավոր ճիգով զոհելով: Երբ սրանք առանց հավակնության կատարվեն, մենք այն համոզումն ունենք, թե ավելի՛ կծառայեն պահեցողության ոգուն և նպատակին, միաժամանակ զուգահեռ կընթանան մեր ժամանակների գործնական մտածողությանը, ինչպես և առողջ ու դրական այնպիսի կրոնի, որպիսին քրիստոնեությունն է, հիմնական սկզբունքներին ու պահանջներին:

Շնորհք արքեպիսկոպոս ԳԱԼՈՒՍՏՅԱՆ,
«Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»

Комментариев нет:

Отправить комментарий